9.06.2025
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

«Փաշինյանն ուզում է իր կաթողիկոսը». պատգամավորը՝ իշխանության նպատակների մասին

Լուսանկարը` 1lurer.am
Լուսանկարը` 1lurer.am

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը եկեղեցին վերահսկելն է, ոչ թե բարեփոխել։ Նրա խոսքով՝ նման փորձերը կարող են վտանգավոր բախումների հանգեցնել։


Հայաստանյան քաղաքական դաշտում շարունակվում է թեժ քննարկումը պետություն–եկեղեցի հարաբերությունների շուրջ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Հովիկ Աղազարյանը խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով նրան եկեղեցու գործերին միջամտելու և կառույցը իր կամքին ենթարկելու ցանկության մեջ։


«Եթե բոլորս գիտենք, որ կուսակրոն եկեղեցականներ գրեթե չկան, ապա ինչպե՞ս է վարչապետը պատրաստվում գտնել իր երազած կաթողիկոսին։ Ո՞վ է ընտրելու նրան։ Ակնհայտ է՝ նպատակը եկեղեցու ոչ թե բարեփոխումն է, այլ հնազանդեցումը»,– ասել է պատգամավորը։


Նրա խոսքով՝ եկեղեցու ներսում կան ուժեղ անհատներ, որոնք թույլ չեն տա, որ որևէ մեկը «քիթը խոթի» նրա գործերի մեջ։ Իսկ այն հարցին, թե արդյոք իրավիճակը կարող է բերել քաղաքացիական բախումների, Աղազարյանը չի բացառել նման զարգացում։


«Եթե իշխանությունը կոչ է անում մի թևին պայքարել, մյուսները կարող են հակադարձել։ Եվ այդ ժամանակ ինչ-որ բան կարող է պատահել, որը հետագայում շտկել չենք կարող»,– նշել է նա։


Աղազարյանը նշել է, որ այս լարվածության խորքում նաև վարչապետի այն հայտարարությունն է, որ իշխանությունն այլևս չի զբաղվելու Արցախի հարցով։ «Դա գուցե հասկանալի է, բայց եթե եկեղեցուն էլ է արգելվում զբաղվել ազգային հարցերով, դա արդեն իսկ մտահոգիչ է»,– ընդգծել է պատգամավորը։


Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հակամարտությունը սրվեց այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրեց եկեղեցականներին կեղծավորության, քաղաքական կողմնակալության և կուսակրության ուխտի խախտման մեջ։ Նրա խոսքով՝ բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ, թեև ֆորմալ առումով համարվում են կուսակրոն, փաստացի ունեն ընտանիքներ, ինչը, վարչապետի համոզմամբ, խարխլում է եկեղեցու բարոյական հեղինակությունը։ Այս հայտարարությունները սուր արձագանք ստացան Սուրբ Էջմիածնից, որը մեղադրեց իշխանություններին՝ եկեղեցին վարկաբեկելու և նրա գործերին խառնվելու փորձերի մեջ։

Լուսանկարը` president.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Վերականգնվել է հայկական բեռների տարանցումը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան