25.11.2024
Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. «Սասնա ծռեր-2», Սամվել Բաբայանը պատրաստվում է զինված ապստամբության

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե ՕՐՕ-ն Ազգային ժողով չանցնի՝ Սամվել Բաբայանը պատրաստվում է հետընտրական լայնածավալ բողոքի ակցիաներ կազմակերպել, մինչեւ իսկ զինված ապստամբություն։ Ըստ էության փորձ է արվելու «Սասնա ծռեր-2»-ը կրկնել ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Բազմաթիվ օջախներում պետական հաստատությունների գրավումը կատարվելու է այն համոզմամբ, որ Հայաստանի ոստիկանական եւ իրավապահ այլ ստորաբաժանումների ուժերը չեն կարող միաժամանակ մի քանի կետերում իրավիճակի վերահսկողություն սահմանել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Հայաստանում գազի սակագնի մասին՝ Միլլերը հայտարարել է, թե «Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները պայմանով, որ գները կիջեցվեն նաեւ Հայաստանի տարածքում: Այլ կերպ ասած՝ նա հասկացրել է, որ Հայաստանում գազի բարձր սակագների «մեղավորը» ոչ թե իրենք են, այլ Հայաստանի իշխանությունները. ի վերջո, սակագները հաստատողը ՀԾԿՀ-ն է: Միլլերի այս հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին. նախօրեին ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր. «Եթե որեւէ մեկը, որեւէ քաղաքական ուժ կամ տնտեսագետ գիտի՝ ինչպես կարելի է այսօր գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի»: Փաստորեն, ոչ միայն տնտեսագետներն են պնդում, որ այդ հնարավորությունները կան, պարզապես քաղաքական կամք է անհրաժեշտ, այլեւ հենց Միլլերն է հուշում` ինչպես նվազեցնել ՀՀ քաղաքացու գազի գինը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ուշ գիշերին դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը)։ Նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի գլխավորած բանդան՝ Ֆազի եւ Գարիկի գլխավորությամբ, Վահան Կարապետյանի հետ ծեծի են ենթարկել մի քանի հոգու եւս՝ ջարդելով նաեւ մի քանի ավտոմեքենա։ Վահան Կարապետյանն այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ թույլ չեն տալիս որեւէ մեկին մուտք գործել։ Գագիկ Ծառուկյանն իր տղաներին հանձնարարել է՝ փնտրել եւ պատժել մեղավորներին ամենախիստ ձեւով։ Վիճակը պայթյունավտանգ է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի հետ ՀՀԿ-ն կոալիցիա կազմի։ Երեկ Արաբկիր վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո որքանով է հնարավոր ՀՀԿ-ի կոալիցիան մյուս քաղաքական ուժերի հետ՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ ինքն ունի իր սեփական կարծիքը, բայց քանի որ դա կուսակցությունն է որոշելու, ու դա լինելու է կոլեգիալ որոշում, կգա պահը և իրենք կորոշեն։


Վարչապետի գլխավոր խնդիրն այն է՝ ամեն գնով ապահովել ընտրություններում Սերժ Սարգսյանի ցանկալի արդյունքը՝ ֆիքսելու համար իր վարչապետ մնալու վերաբերյալ հայտարարությունները։ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում չի տեսնում համագործակցություն ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հետ։ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո ազատվելով Հովիկ Աբրահամյանի կադրերից, հենց այդ ուղերձը հղեց հասարակությանը, որ պետության կառավարման իր պատկերացումները բոլորովին այլ են։ Այս ամենին իհարկե նպաստում է Սամվել Կարապետյանի հետ Ծառուկյանի դեռևս անցյալ տարվա վերջից լարված հարաբերությունները։ Սամվել Կարապետյանը մինչև վերջ դեմ է եղել Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին՝ դա նկատելով, որպես ամենամեծ խոչընդոտ Կարեն Կարապետյանի ծրագրերի իրագործման համար։ Ծառուկյանն էլ, ինչպես երևում է, պատրաստ է իշխանության մաս դառնալու իր ծրագրերը մեկ տարով հետաձգել, մինչև 2018թ. ապրիլի 9-ին որոշակի կդառնա, թե ով ու ինչպես կշարունակի երկրի վարչապետ լինել, իսկ որ դա Կարեն Կարապետյանը չի լինելու, կարծեք թե ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում։


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Ծառուկյան» դաշինքում կարծիքները կիսվում են` ապրիլի երկուսին ստանալիք իրենց քվեների տոկոսների մասով. առավել իրատեսները պնդում են, որ կստանան 18-20 տոկոս, լավատեսները` մինչեւ 30 տոկոս, իդեալիստները կարծում են, որ մեծամասնություն կլինեն: «Եթե հենց սկզբից Տիգրան Մուկուչյանը, իշխանության պատվերով, մեր թափանիվի մեջ սեպ չխրեր, հենց այդպես էլ կլիներ»,- պնդում ենք նրանք: Դաշինքում տարակարծիք են նաեւ ՀՀԿ-ի հետ հետագա կոալիցիա կազմելու հարցում: Չնայած արված հայտարարություններին, որ ՀՀԿ-ի հետ իրենք կոալիցիա չեն կազմելու, դաշինքի անցուդարձից տեղյակ մեր աղբյուրներն ասում են` Ծառուկյանը սկզբունքորեն չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարը»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանի դեմ: Իհարկե ի սկզբանե էլ առանձնապես ոգեւորություն չկար, բայց անցած շաբաթ այդ դժգոհությունն ավելի է մեծացել: Պատճառը զոհված ազատամարտիկների մայրերին իր քարոզարշավի համար օգտագործելն է: Այդ միջադեպին ավելացել է նաեւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի դիտողությունը, որը նա արել է ամենայն հավանականությամբ ընտրություններին մասնակցող ուժերի հետ հանդիպման շրջանակում ՀՀԿ-ի գրասենյակում հյուրընկալվելու ժամանակ: Եվ հիմա ՀՀԿ-ի պատգամավորները խուսափում են Քանաքեռ-Զեյթուն համայնք գնալ այնպես, ինչպես գնում են մյուս ընտրատարածքները: Այս շաբաթ ՀՀԿ-ի հիմնական քարոզարշավի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը եղավ թիվ 1 ընտրատարածքի վարչական շրջաններում՝ Ավանում եւ Նոր Նորքում, բայց չգնաց Քանաքեռ-Զեյթուն, որտեղ հիմնականում ներկայացվում է Պողոսյանը: Մեր տեղեկություններով, Կարեն Կարապետյանը այնտեղ կգնա հաջորդ շաբաթ, երբ փոքր- ինչ մեղմված կլինի զոհերի մայրերին քարոզարշավի բերելու պատճառով առաջացած դժգոհությունը: Վարչապետը խուսափում է Մ. Պողոսյանի հետ հանդես գալ՝ մտահոգություն ունենալով, որ նրա նկատմամբ դժգոհությունը կվնասի նաեւ իր իմիջին ու վարկանիշին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 17 միլիոն 736 հազար և 35 հազար ԱՄն դոլար փոխառություններ է հանձնել։ Գաբրիելյանի կինը՝ Հասմիկ Ղահրամանյանը նույնպես նախորդ տարի փոխառություններ է ունեցել։ Իր փոխառությունները կազմել են 20 միլիոն 783 հազար դրամ և 15 հազար ամերիկյան դոլար։ Նախարարի դրամական միջոցները նախորդ տարի էականորեն նվազել են։ Տարեսկզբին նա հայտարարագրել էր 3 միլիոն 607 հազար դրամ և 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին այդ ամենից մնացել էր միայն 2 միլիոն դրամը։ Կնոջ հայտարարագրից տեսնում ենք, որ վերջինիս դրամական միջոցներն էլ ավելացել են՝ 362 հազար 923 դրամից դառնալով 660 հազար։ Վաչե Գաբրիելյանի տարեկան եկամուտներն էլ կազմել են 24 միլիոն 326 հազար դրամ, որից 2 միլիոն 640 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ։ Նրա կինը հայտարարագրել է գրեթե նույնքան եկամուտներ, այն է՝ 24 միլիոն 432 հազար դրամ։ Սրանից 1 միլիոն 565 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է, իսկ մնացած գումարն էլ տարեկան աշխատավարձ։