31.05.2025
Լուսանկարը` yerkir.am
prev Նախորդ նորություն

Ես վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ. ի՞նչ է առաջարկում Գագիկ Ծառուկյանը

Մարդիկ հոգնել են այդ հին ու նոր կռիվներից, մարդիկ մտահոգ են իրենց երկրի համար, այս խեղճության, պարտության համար, մարդիկ մտահոգ են երկրի անվտանգության և երեխաների ապագայի համար: Այս մասին Կենտրոն հետուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը:

Օրվա գլխավոր հարցին՝ պատրաստվո՞ւմ է, արդյոք, մասնակցել 2026-ի ընտրություններին, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել և շատ բան կարող է մինչ այդ փոխվել: Սակայն եթե մասնակցի, ապա մասնակցելու է մի ծրագրով, որը կոչվում է «Առաջարկ Հայաստանին»: Այդ ծրագրի նպատակն է համախմբել լավագույն մասնագետներին, ունենալ համազգային, վերկուսակցական արժեքներ։ Ծառուկյանն ասաց, որ պետք է մարդկանց հնարավորություն տալ, որ մարդիկ շատ աշխատեն, լավ վաստակեն ու լավ ապրեն, և որ իրենց ծրագրում ամեն ինչ մանրամասն, ոլորտ առ ոլորտ ներկայացված է մեր խնդիրների և դրանց լուծման ճանապարհների մասին:

Ապա ընդգծեց.

«Այսօր մենք կանգնած ենք անդունդի եզրին, այսօր մենք պետք է կարողանանք կազմակերպել, ստեղծել այn վերկուսակցական ուժը, որը կկարողանա համախմբել ամբողջ ազգին։ Ես պատրաստ եմ համախմբելու, կազմակերպելու։ Ինձ համար պաշտոնը կարևոր չէ։ Ես պատրաստ եմ այդ ծրագիրը կազմակերպելու, և վարչապետի պաշտոնի հավակնություն ես չունեմ»:


Ծառուկյանը նշեց՝ որևէ կուսակցություն չի կարող միայնակ այս իրավիճակից երկիրը հանել։

Ամենակարևորը, որ նշեց բանախոսն այն է, որ ինքը չի հանձնվել, անհույս չէ: Եվ վստահ է, որ չպետք է թույլ տանք, որ մեր երեխաները մեծանան պարտության զգացումով: Հակառակը՝ պետք է հետևություններ անել ու այս խեղճությունից դուրս գալ.

«Մենք պետք է հետևություններ անենք, անլուծելի ոչինչ չկա: Մենք ունենք բազմաթիվ փորձառու և պրոֆեսիոնալ մարդիկ՝ տարբեր ոլորտներում երկար ճանապարհ անցած։ Պետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, թե անդամակցո՞ւմ են նրանք որևէ կուսակցությանը, թե՞ ոչ։ Շատերն էլ պարզապես չեն ուզում լինել որևէ կուսակցության մաս, բայց պատրաստ են աշխատել հանուն երկրի։ Պետք է գտնենք ձևը՝ նրանց ներառելու երկրի զարգացման և վերականգնման գործընթացում», - ասաց Ծառուկյանը:

Նա անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանը՝ նշելով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բարեկամական եղել են, կան և պետք է մնան: Իսկ հասարակությունը «ռուսամետների» և «արևմտամետների» բաժանելը ճիշտ չէ.

«Դա մեծ հանցագործություն է։ Ինչքան հայ բնակվում է Հայաստնում, այդքանից ավելին բնակվում է Ռուսաստանում, Ամերիկայում, Եվրոպայում, և մենք իրավունք չունենք մեր հայրենակիցներին բաժանել մաս-մաս: Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը անհրաժեշտություն է, առկա բոլոր հարցերը պետք է քննարկել համատեղ, համատեղ էլ լուծումներ գտնել»,- վստահ է նա։


 

ֆոտո․ hraparak.am
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով