29.05.2025
Մեր ժողովուրդը հաղթեց 1918-ին, որովհետև ազատությունն ու անկախությունը անխախտելի արժեք էին
prev Նախորդ նորություն

ՀՀ Նախագահի ուղերձը՝ Հանրապետության օրվա առթիվ

Լուսանկարը՝ president.am
Լուսանկարը՝ president.am

Հանրապետության նախագահի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ․


«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,


Սիրելի հայրենակիցներ,


Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։


1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։


Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին՝ Առաջին Հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա՝ դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառություն և ազատության, ինքնիշխանության սկզբունքների հենարան։


Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակականության կարևորագույն պայմանն է։ Առաջին Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այդ արժեքներն ուղեկցեցին մեզ դեպի Երրորդ Հանրապետության ստեղծում՝ դարձնելով Մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշատակի, այլև սերունդներին միավորող խորհրդանշական օր։


Ներկայումս ինչպես և 107 տարի առաջ, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ՝ անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ և իրատեսական մտածողության, հանրային համերաշխության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջով։


Կրթությունն ու գիտությունը պետք է լինեն մեր զարգացման առանցքում՝ որպես երկարաժամկետ կայունության ու առաջընթացի գրավական։ Յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունը մեր պետության ու սերունդների առաջ մեր երկրի զարգացման շարժիչ ուժն է:


Թո՛ղ Մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի:


Շնորհավոր Հանրապետության տոնը»։

Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր. Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Անվտանգության խորհրդի գրասենյակ
29.05.2025
Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդակցում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ. Գրիգորյան