Ստեղծվելու է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 14-ին համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանը և Հայաստանի` Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրմանը:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցի շրջանակներում:
Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրևն իր խոսքում նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։ Ստեղծվելիք հիմնադրամը կնպաստի երկու երկրների տնտեսության հետագա զարգացմանը տարբեր նախագծերի իրականացման շնորհիվ այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքները:
«Ուրախ ենք համագործակցել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ, որի միջազգային փորձը ներդրումային փոխգործակցության ոլորտում հայ-ռուսական համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ կարևոր է։ Վստահ ենք, որ մեր համատեղ ներդրումները կխթանեն Հայաստանի և Ռուսաստանի տնտեսության հետագա ինտեգրումը, առևտրաշրջանառության աճը և երկու երկրներ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը»,- նշել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։