VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է ․ Չնայած դեռ անցած տարեվերջից խոսվում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցի մասին, անգամ մոտավոր ժամկետ էր նշվում՝ փետրվարի վերջերին, սակայն օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Մատվիենկոյի այցը նախատեսվում է հունիսի 5-6-ը: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երեւան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։
ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչու է այցն այդքան հետաձգվել։ Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդու պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Սակայն ՌԴ-ում, ինչպես ասում են, Նիկոլի արցունքներին չեն հավատում եւ որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ: Դիցուք՝ պահանջ է ներկայացվել, որ ՀՀ իշխանությունները չեղարկեն եվրաքվեի նախագիծը, երկրորդ ընթերցման հետաձգումն էլ դրանով է պայմանավորված, ու չի բացառվում, որ այն առհասարակ չեղարկվի։
«Հրապարակը» գրում է ․ Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն օրերս Հայաստան է վերադարձել: Արցախցի քաղաքական գործիչները, մասնավորապես՝ խորհրդարանականները, սրտատրոփ սպասում են նրա հետ հանդիպմանը։ Եկող շաբաթ Արցախի ներկայացուցչությունում նրանք Օսկանյանին կհյուրընկալեն: Մեծ հույսեր ունեն, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Օսկանյանը լավ լուրերով է Հայաստան վերադարձել։ Հիշեցնենք, որ այս հանձնախումբը` Օսկանյանի գլխավորությամբ, զբաղվում է արցախցիների հիմնարար իրավունքներով եւ գլխավորապես՝ վերադարձի հարցով, ու միջազգային հարթակներում բազում հանդիպումներ են ունենում՝ հարցին լուծում գտնելու ակնկալիքով։
«Հրապարակ» գրում է ․ Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց Գյումրու եւ Փարաքարի ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների անուններն ու առաջին երեք համարներին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին եռյակն այս տեսքն ունի․ Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Էմմա Բարսեղյան։ Այսինքն՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը նախօրեին գրել էր, թե ցուցակի երկրորդ համարն ինքն է, դուրս է մնացել: Երկրորդ տեղում վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է` նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։ Չնայած Վահագն Մկրտչյանը թիմի համար ընդունելի անձ չէ, սակայն Աննա Հակոբյանի պարագան իր դերը խաղացել է: Եվ նրան ավագանի են մտցնում որպես Գյումրու քաղաքապետի պահեստային տարբերակ, որ եթե Սարիկն իշխանության վստահությունը կորցնի, փոխարինող ունենան: Երրորդ համարը` Էմմա Բարսեղյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակից է, ՔՊ Գյումրու երիտթեւի համակարգողն է: Նա դեկտեմբերին ՔՊ-ի փրայմերիզին է մասնակցել եւ ստացել 113 ձայն, որն ամենավատ արդյունքը չէր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վեճը նախորդ շաբաթ Սպիտակ տանը թեժ զարգացումներ է ապահովել ռուս-ուկրաինական պատերազմի մարտադաշտում։ «Ժողովուրդ» օրաթերթը ռուսական քաղաքական շրջանակներից տեղեկացավ, որ մյուս շաբաթ Ուկրաինայի նախագահը կմեկնի Վաշինգտոն՝ խաղաղության բանակցության եւ Թրամփի հետ հաշտության համար։ Հիշեցնենք, որ Թրամփն արդեն դադարեցրել է Ուկրաինային զենք տրամադրելու գործընթացը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։ Ռուսական քաղաքական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՌԴ նախագահը Թրամփի խաղաղության կոչին զուգահեռ պատերազմն ավարտելու քայլերի հաջորդականությունն է սահմանել՝ առաջարկելով փուլային լուծում։ Վլադիմիր Պուտինն իր ամերիկյան գործընկերներին ասել է, որ Զելենսկու հետ կկնքեն խաղաղության հաստատման մասին փաստաթուղթ, որով նախ կհայտարարվի հրադադար, եւ կողմերը որտեղ կանգնած են՝ կմնան այդ տեղում, ու այն կդառնա նոր սահմանային գոտի։
ՌԴ-ից ստացվող տեղեկությունների համաձայն՝ 3 տարի տեւող պատերազմը խաղաղությամբ ավարտելու մասին փաստաթուղթը կկնքվի Ուկրաինայի նոր ղեկավարի հետ, որը կընտրվի նշանակվելիք ընտրություններում։ Եթե կրկին կընտրվի Զելենսկին, նրա հետ կկնքվի հիմնական փաստաթուղթը, որպեսզի լեգիտիմության խնդիր չունենա:
Սակայն հարկ է նշել, որ Ուկրաինայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին անցկացնել 2024 թվականին, բայց 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո երկրում հայտարարվեց ռազմական դրություն, որի ընթացքում Սահմանադրությամբ արգելվում է ընտրությունների անցկացումը։ Եթե փորձենք ամփոփել ռուս-ուկրաինական պատերազմի 3 տարիներին վերաբերող ինֆորմացիոն գրոհը, կարող ենք ասել, որ պատերազմի հանգուցալուծումը մոտ է եւ սերտ կապված է Զելենսկու՝ մյուս շաբաթ ԱՄՆ կատարվելիք այցի հետ, հայտնում են ռուսական աղբյուրները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմից անցել է 5 տարի, սակայն մինչեւ օրս պատերազմում զոհված եւ նահատակված անձանց թիվն ավելանում է։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտե եւ խնդրել էր տրամադրել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած անձանց մասին հետեւյալ տեղեկությունները՝
• քանի անձ է զոհվել 44-օրյա պատերազմի ընթացքում, նրանցից քանիսն են եղել ժամկետային զինծառայող, քանիսը՝ պայմանագրային, քանիսը՝ կամավորագրված, քանիսը՝ աշխարհազորային։
• 44-օրյա պատերազմի ավարտից հետո քանի անհետ կորած զինծառայող կա։
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել են, որ փետրվարի 20-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 941 անձ, որից՝
1702-ը՝ ժամկետային զինծառայող,
860-ը՝ կամավորական,
864-ը՝ պահեստազորային,
143-ը՝ այլ զորքերի զինծառայողներ,
44-ը՝ քաղաքացիական անձինք։
Մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի եւ 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Եվս մեկ անգամ հարկ է հիշեցնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը մինչ այսօր՝ 5 տարիների ընթացքում, չի հրապարակել որեւէ մաս գուցե նաեւ անպատրաստ զեկույցից։ Այս թվերին զուգահեռ հարկ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 2900 զինվորական։ 14 զինվորական համարվում է անհետ կորած։
Նշենք, սակայն, որ սա պաշտոնական վարկածն է, որը միանշանակ կոծկում է իրականությունը։ Իսկ ոչ պաշտոնապես դեռ պատերազմի ավարտից անմիջապես հետո առանձին մասնագետներ կարծիք են հայտնել, որ Ադրբեջանի իրական զոհերը պաշտոնական հրապարակվելիք թվերին գերազանցելու են մի քանի անգամ։
Հարկ է նշել, որ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին նաեւ, որ 2024 թվականի դեկտեմբերից մինչեւ ս.թ. փետրվարի 16-ն իրականացված աշխատանքների արդյունքում 6 զինծառայողների հարազատներ ընդունել են զոհվելու փաստը եւ կատարել հուղարկավորում։ 82 զինծառայողների հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, օրերս Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար Հայաստանի բանկերից վարկեր ներգրավելու նպատակով մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրելու մասին։ Այս թեման տարաբնույթ քննարկումների առիթ դարձավ: Եվ ահա, երեկ հայտարարություն է տարածել Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը և ողջունել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման համար տրված պետական երաշխիքի փաստը՝ հանքի շինարարության շուտափույթ ավարտի և անխափան շահագործման ակնկալիքով։ Միությունը գտնում է, որ ծրագրի շինարարության ընդհատումը 2018 թվականին զգալի վնաս է հասցրել տնտեսությանը և Հայաստանի ներդրումային հեղինակությանը։
«Ծրագրի վերագործարկումը և դրա համար տրված պետական երաշխիքը կարևոր ազդակ են ներդրողների համար՝ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում։ Ամուլսարի ծրագրի հաջող ընթացքը Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունի։ Այն ոչ միայն ի ցույց կդնի Հայաստանի՝ ներդրումների համար ապահով և արդար միջավայր ապահովելու պատրաստակամությունը, այլև ոսկու աննախադեպ բարձր շուկայական գների պայմաններում զգալի ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Աներկբա է, որ Ամուլսարի ծրագրի անխափան իրագործումը այլընտրանք չունի ո՛չ իրավական, ո՛չ սոցիալ-տնտեսական և ընդհանուր առմամբ երկրի շահի տեսանկյունից»,-հայտարարել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ու վստահություն հայտնել, որ Հայաստանում հասարակության լայն շերտերի մոտ կա այս ծրագրի թե՛ անխափան իրագործման, թե՛ ոլորտի զարգացման անհրաժեշտության խորը գիտակցում, որը հնարավոր կդարձնի այս և այլ ներդրումային ծրագրերի սահուն ընթացքը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ 2020 թվականի սեպտեմբերին ընդունված օրենքով փորձում էր պայքարել քրեական կարգավիճակ ստանալու, տալու եւ պահպանելու դեմ, հիմա՝ 5 տարի անց, հասկացել է, որ Ռուստամ Բադասյանի բերած օրինագիծը ձախողեց քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։ Փետրվարի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, որ գործող օրենքում փոփոխություններ են պատրաստում, որպեսզի քրեական բարձր աստիճանակարգ ունենալու կարգավիճակի գոյությունը եւ ունենալը դառնա քրեական հանցագործություն։
«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականները բացատրեցին, որ Կառավարությունը փորձում է գնալ հարեւան Վրաստանի օրինակով. կձերբակալեն այսպես ասած «օրենքով գողերին», տեսախցիկի առջեւ հարց կտան. «Դուք «օրենքով գո՞ղ» եք, կամ քրեական աստիճանակարգում բարձր դիրք ունե՞ք, թե՞ ոչ»։ Եթե մարդը պատասխանեց` «այո», ուրեմն կկալանավորվի, եթե «ոչ»՝ ազատ կարձակեն։ Բայց «ոչ» պատասխանն էլ իր խնդիրներն է առաջացնելու, քանի որ «օրենքով գողը», ըստ լեգենդների, չի կարող չխոստովանել իր կարգավիճակի մասին. նա կհեղինակազրկվի։ Ինչ կտա այս փոփոխությունների ընդունումը` բարդ է ասել, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է հարցը ձեւակերպեն, որ քրեական աշխարհի ներկայացուցիչը մանեւրելու տեղ չունենա։
Հիշեցնենք՝ նախարար Սարգսյանը հայտարարել էր. «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացույցի վերածելու մասով, որովհետեւ շատ հաճախ կարող են լինել այնպիսի օպերատիվ տվյալներ, որոնք, այո, կարող են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գոյության մասին վկայել, բայց երբ խոսում ենք քրեական վարույթի մասին, որտեղ պետք է քրեական հետապնդում հարուցվի, շատ կարեւոր է տվյալը վերածել ապացույցի, որը փաստացի չի ստացվում»։ Այսինքն՝ նախարարը հրապարակավ խոստովանեց այն, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրում էր օրենքի ընդունումից՝ 2020 թվականի սեպտեմբերից սկսած, իսկ նախկին նախարար, օրենքի հեղինակ Ռուստամ Բադասյանը հոխորտում էր, թե օրենքը լավ էլ աշխատում է, լրատվամիջոցներն են ոչ պրոֆեսիոնալ։ Ինչեւէ, նախարար Արփինե Սարգսյանի հայտարարությունից անցել է 22 օր, բայց նախագծից ԱԺ ՔՊ-ական պատգամավորները դեռ տեղյակ չեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում.
«Ժողովուրդ» օրաթերթը, իր նախորդ համարներում անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի դրույթներին, գրել էր, որ Սահմանադրական դատարանը փակուղում է։ Կասեցրել է այդ օրենքի մասով գործի քննությունը. ո՛չ հակասահմանադրական է ճանաչում, ո՛չ էլ սահմանադրական, իսկ Դատախազությունն այդ ընթացքում մարդկանցից հիմնականում հաշտության հիմքով ունեցվածք է խլում։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի վարույթում քննվող, 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու վերաբերյալ գործը կասեցվել է, քանի որ ՍԴ-ն որոշել էր դիմել ԵԽ մասնագիտական Վենետիկի հանձնաժողովին՝ պարզելու, թե արդյոք օրենքը համապատասխանում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային եւ սահմանադրական չափանիշներին, մասնավորապես՝ սեփականության իրավունքի եւ արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համատեքստում, թե ոչ։ Եվ ահա, 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ստացել է Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը:
Իսկ ինչ է գրված միջազգային գործընկերների կարծիքում.
• «Օրենքի հիմքում ընկած գաղափարն ինքնին խնդրահարույց չէ միջազգային ստանդարտների եւ լավագույն փորձի տեսանկյունից: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է պարզել, թե արդյոք օրենքով սահմանված են հանրային շահի եւ բռնագանձման ընթացակարգերում ներգրավված անձանց օրինական շահերի միջեւ արդար հավասարակշռության ապահովման` նյութական եւ ընթացակարգային բավարար երաշխիքներ:
• Միեւնույն ժամանակ, եթե անձի վրա դրված՝ իրեն պատկանող գույքի օրինական ծագման վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու բեռը չափազանց ծանր է, բռնագանձումը կարող է դիտարկվել նաեւ որպես սեփականության իրավունքին անհամաչափ միջամտություն: Ապացուցման ստանդարտը պետք է հստակ սահմանվի օրենքով»:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ ուժի արգելման պահանջը. «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: Եվ սրա վերաբերյալ էլ Վենետիկի հանձնաժողովի մասնագետները գրել են. «Ըստ էության, վերոնշյալ համատեքստում ժամանակային սահմանափակումների առկայությունը կարող է անհրաժեշտ համարվել ոչ այնքան գույքի սեփականատիրոջ ակնկալիքները (օրինական կամ ոչ) պաշտպանելու տեսանկյունից, որքան ընդհանրապես տնտեսական կայունությունը պահպանելու համար, ինչն այդ ակնկալիքից գերակա է: Այնուամենայնիվ, օրենքով սահմանված ժամանակահատվածի վերաբերյալ կան որոշ քննադատական դիտարկումներ»։
Ահա այս եւ մի քանի այլ ձեւակերպումներն են խնդիր դարձել ՍԴ-ի համար, որ չի կարողանում որոշում կայացնել՝ մարդկանց ունեցվածքը խլելու Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքներով ուղեկցվող գործընթացը սահմանադրական ճանաչելու հարցում։ Իսկ այն մարդիկ, ովքեր այս վիճահարույց օրենքով կունեզրկվեն, ապագայում կարող են բողոքարկել ու պետությունից կրկնակի փոխհատուցումներ ստանալ։
Շարունակելի…»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանի պետական բարձր հովանու ներքո գործող «Environmental Protection First» «բնապահպանական» կոալիցիան, որին անդամակցում են շուրջ 20 «բնապահպանական» ՀԿ-ներ (2022-2023 թթ. Արցախը շրջափակած կեղծ «էկոակտիվիստներն» են), այս շաբաթ հրապարակել է Հայաստանի հանքարդյունաբերության ինտերակտիվ թվային քարտեզը, որը տեղեկատվական շտեմարան է՝ ադրբեջաներենով, անգլերենով և հայերենով։ Այդ կոալիցիայի անդամ «Ադրբեջանի քարտեզագիրներ» ՀԿ-ն անցած տարի պատրաստել էր նաև «Հայաստանի Հանրապետության հանքային ռեսուրսներ» եռալեզու քարտեզը, որի հիման վրա ստեղծվել է ներկայիս թվային քարտեզը՝ հիմնված աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) ժամանակակից ծրագրերի վրա։
Այդ քարտեզի վրա օգտագործվել են Ադրբեջանի կողմից հորջորջվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» տեղանունները։ Եվ պատահական չէ, որ այդ կոալիցիայի համահիմնադիր, Միլի մեջլիսի պատգամավոր Փարվանա Վալիևան բարձր է գնահատել հանրությանը ներկայացված ինտերակտիվ թվային քարտեզում ադրբեջանական ժողովրդին «պատկանող ազգային տեղանունների», ինչպես նաև դրանց հետ կապված «պատմական քարտեզների» ընդգրկումը։
Այդ քարտեզը պարունակում է տեղեկություններ օգտակար հանածոների տեսակների, գտնվելու վայրի, հիմնական աղտոտող ձեռնարկությունների և գետերը աղտոտող նյութերի մասին։ Հեղինակների խոսքով, արտադրական կազմակերպությունների մասին տեղեկությունը ստացվել է տիեզերական պատկերների վերլուծության միջոցով: Սակայն շտեմարանում օգտագործված տեղեկությունների բովանդակությունը և որոշ տեսանյութերի ռակուրսները հուշում են, որ դրանք ձեռք բերելու և նկարահանելու համար ամենևին էլ տիեզերք հասնել պետք չէ։
Օրինակ՝ Ամուլսարի դեմ պայքարող հայկական ՀԿ-ներին շնորհակալություն հայտնած ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիայի կողմից Հայաստանի հանքարդյունաբերության մասին տեղեկատվություն կարող էր տրամադրել Չեխիայի ԱԳՆ–ի դրամաշնորհային ծրագրով տարիներ շարունակ Հայաստանում գործող «Առնիկա» ՀԿ-ն, որին առիթ ունեցել ենք անդրադառնալ։ Հայկական այլ լրատվամիջոցներ ևս պարբերաբար ահազանգել են, որ կասկածելի գործունեությամբ զբաղվող «Առնիկան» հայկական գործընկերների՝ մասնավորաբար «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ հավաքագրում է ջրի, հողի, օդի նմուշներ, տեսանկարահանում և քարտեզագրում է ռազմավարական օբյեկտներ համարվող հանքերն ու պոչամբարները, իսկ վերջերս հասել են նաև Սյունիքի մարզ, ինչն էլ ավելի մտահոգիչ է դարձնում նրանց գործունեությունը։
Հայաստանի հանքերի քարտեզագրումը և դրանց բնապահպանական ազդեցության կեղծ ու չափազանցված տեղեկության տարածումը հերթական սադրանքն է Հայաստանի տնտեսության դեմ։ Թե ինչ ձևով ու երբ այս տեղեկությունը կօգտագործվի, դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից հայկական հանքարդյունաբերության դեմ ճնշումը ուժգնանում է Ամուլսարի նախագծի վերագործարկման ֆոնին, ինչն ուղեկցվում է որոշ հայ «փորձագետ-բնապահպանների» ու արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերով իրենց գործունեությունն ապահովող հասարակական կազմակերպությունների բարձրացրած աղմուկով։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով «շրջակա միջավայրին հասցված վնասի և Արցախի եզակի բնության ոչնչացման» համար։ Ակնհայտ է, որ ադրբեջանական ղեկավարության համար Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղի ոչնչացումը կարևոր նպատակակետերից մեկն է՝ «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ օրակարգի առաջմղման հետ մեկտեղ։ Թշնամու նպատակները պարզ են ու հասկանալի, սակայն տարակուսելի է, թե ինչո՞ւ պատկան մարմինները չեն նկատում ադրբեջանցիներին բացահատ աջակցություն տրամադրող հայերին ու Հայաստանում գործող արտասահմանցիներին։