4.03.2025
Ծառուկյանի «Ճիշտ Հայաստանի» մոդելը
prev Նախորդ նորություն

Շահումով խաղերի ոլորտում նախատեսվում է սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ

Ազգային ժողովը մարտի 4-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:


Խորհրդարանը հաստատել է մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը:


Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնությունը կքննարկվի հատուկ ընթացակարգով. դրա երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում:


Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի եւ բուքմեյքերական գործունեության ծավալները: Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2,6 մլն դոլար էր, այսինքն՝ 7,2 տոկոս, ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 15,8 մլրդ դոլարի: Հավաքագրվող հարկերը կազմել են 67 մլն դոլար կամ ծավալի 0,4 տոկոսը: Այս մասին ասել է փաթեթի հեղինակ Հայկ Սարգսյանը:


Պատգամավորը նշել է, որ վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել հարկային բեռի բարձրացմանը, սակայն, ինչպես ցույց է տվել վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն, եւ անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Այս եւ այլ հանգամանքներ նկատի ունենալով՝ պատգամավորը նախագծով առաջարկել է առկա հարկերից եւ տուրքերից բացի 10 տոկոս շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա:


«Վերլուծելով միջազգային փորձը՝ տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում ոլորտի համար սահմանված է 10 տոկոս եւ ավելի բարձր շրջանառության հարկ, մասնավորապես՝ Վրաստանում 10 տոկոս, Ավստրալիայում՝ 15 տոկոս, Գերմանիայում՝ 5-20 տոկոս, Իտալիայում՝ 20-22 տոկոս, Լեհաստանում՝ 12 տոկոս, Պորտուգալիայում՝ 8-16 տոկոս, Ֆրանսիայում՝ 8-10 տոկոս, Հունգարիայում՝ 15 տոկոս»,- հայտնել է պատգամավորը:


Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ ՀՀ վարչապետի առաջարկով, ընդունվելու դեպքում, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից: Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 մլրդ դրամով:


Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ներկայացված թվային տվյալներին, կատարվող խաղադրույքների արժանահավատությանը, խաղադրույքներ կատարելու սահմանափակման հնարավորությանը, ոլորտում առկա ստվերային շրջանառությանը եւ գերշահույթին, սոցիալական չարիք խաղամոլության նվազեցման հնարավորությանը եւ խաղամոլության դեմ պայքարի միջոցներինի:


Պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր հարցի շրջանակում անդրադարձել է բուքմեյքերական ընկերությունների պնդումներին, թե վերջին տարիներին Հայաստանում գնալով նվազել է խաղացողների թիվը, ինչի հետ համամիտ չէր Հայկ Սարգսյանը: «Ինձ էլ են ընկերություններն ասել, որ խաղացողների թիվը նվազել է, բայց խաղացողների թվի նվազումը ես չեմ կարող հասկանալ, երբ ծավալներն աճել են 440 անգամ՝ վերջին 13 տարիներին: 2018 թվականին, երբ մենք սա համարում էինք աղետ, եւ ունեինք օրենքի նախագծեր, որոնք գալիս էին սահմանափակումներ մտցնելու, 2018 թվականից հետո 20 անգամ աճել են ծավալները: 2019 թվականին, երբ վերլուծում էինք 2018 թվականի թվերը, եւ այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ սա աղետ է, եւ աղետի դեմ պետք է պայքարել, մենք չկարողացանք ճիշտ պայքարել աղետի դեմ, եւ աղետը 20 անգամ աճեց: Այս իմաստով մենք պետք է ե՛ւ հարկերը բարձրացնենք, ե՛ւ սահմանափակումներն ավելացնենք, ե՛ւ հնարավորություններ ստեղծենք պետական մարմինների համար, որ մի օր շահումով խաղերը Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ արգելվեն»,- ասել է նախաձեռնության հեղինակը:


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ այն մանրամասն քննարկվել է հանձնաժողովում: Հարակից զեկուցողն անդրադարձել է Հայկ Սարգսյանի որոշ պնդումներին, տվել պարզաբանումներ:


Կառավարության կարծիքը փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ ներկայացրել է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:


 

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը էական չափով դրական է ազդել. ՄՊՀ նախագահ
Հաջորդ նորություն next