Գործադիրն ընդլայնում է Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության ծրագիրը
Լուսանկարը` hetq.am
Չորեքշաբթի օրը Հայաստանի կառավարությունը էական փոփոխություններ է կատարել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Նոր փոփոխությունները միտված են վերացնելու բյուրոկրատական խոչընդոտները և բարձրացնելու բնակարանային հավաստագրերի տրամադրման գործընթացի արդյունավետությունը։
2024 թվականի ամռանը կառավարությունը փուլ առ փուլ մեկնարկել է աջակցության ծրագրի տարբեր բաղադրիչները․ հունիսի 15-ից սկսվել է բնակարանների կամ կառուցվող շենքերից բնակարան գնելու իրավունքի հավաստագրերի տրամադրումը, հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տների կառուցման հավաստագրերի տրամադրումը, իսկ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկերի մարման աջակցության հավաստագրերի տրամադրումը։
Կատարված փոփոխություններով պարզեցվում է դիմումների ներկայացման ընթացակարգը․ այժմ պարտադիր է միայն ամուսինների և նրանց անչափահաս երեխաների տվյալների ներառումը դիմում-հայտարարության մեջ։ Ընտանիքի մյուս անդամները կարող են ներառվել ըստ ցանկության, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը կամ երեխան Միգրացիոն ծառայության կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ արդեն հանդիսանում են աջակցության ծրագրի շահառու։
Կարևոր նորամուծություն է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսի նորմայի նվազեցումը 12-ից մինչև 9 քառակուսի մետր, ինչը ծրագիրը դարձնում է ավելի հասանելի։ Սահմանվել է նաև, որ ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցվի շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ։
2024 թվականի մայիսի 16-ից հետո տրամադրված հիփոթեքային վարկերի համար աջակցությունը կազմում է 3 միլիոն դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով։ Հատուկ ուշադրություն է դարձվել անհատական բնակելի տների կառուցման բաղադրիչին․ վերացվել են հողամասի մակերեսի սահմանափակումները, իսկ աջակցության չափն ավելացվել է մինչև 4 միլիոն դրամ։