4.02.2025
Լուսանկարը` Մեդիամաքսի
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանը ընտրություններից առաջ հող է նախապատրաստում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է ․ Արցախցիների շրջանում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել: Ըստ լուրերի, Բաբայանին շինարարական տենդերների որոշակի քվոտա են տրամադրել, եւ նա արցախցի գործարարներին հուշում է, թե որտեղ ինչ մրցույթ կա, ինչպես մասնակցել եւ իր աջակցությամբ շահել տենդերը: Ոչ այնքան փող աշխատելու, որքան հնարավորինս լայն շրջանակներ իր կողմը գրավելու համար է անում։ Դրանով Բաբայանն առաջիկա ընտրություններին ընդառաջ մի ստվար ընդդիմադիր ընտրազանգված կունենա: Բանն այն է, որ «կամանդույուշչին» մտադիր է մասնակցել խորհրդարանի գալիք ընտրություններին․ նա ՀՀ քաղաքացիություն ունի, եւ պահանջվող՝ ՀՀ-ում բնակվելու տարիները բավարար են։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստվում են «բումի»։ Այս օրերին ՔՊ-ից հեռացված, այժմ անկախ պատգամավորները նախապատրաստական թոհուբոհի մեջ են. պատրաստվում են փետրվարի 8-ին կայանալիք «Միացյալ ազգային սոցիալիստական» կուսակցության համագումարին, որը կայանալու է Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Պատգամավորները, համագումարին ընդառաջ, հանդիպումներ են ունենում հանրային եւ քաղաքական դեմքերի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ասլանյանն ու Աղազարյանը այդ օրը իշխանափոխության կոչերով են հանդես գալու:  


Մասնավորապես, Հովիկ Աղազարյանը հայտարարելու է, որ հաջորդ ընտրություններին, լինեն դրանք հերթական, թե արտահերթ, որեւէ դեպքում չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը։ Աղազարյանն ու Ասլանյանը կհայտարարեն նաեւ ընտրություններին մասնակցելու իրենց պլանների մասին։ Ի դեպ, «Ժողովուրդի» տեղեկություններով՝ տարբեր ժամանակներում ՔՊ-ից նեղացած ու կուսակցությունը լքած շատ անդամներ միացել են Հովիկ Աղազարյանի եւ Ասլանյանի նորաստեղծ կուսակցությանը, որոնց կտեսնենք համագումարին»:


«Հրապարակը» գրում է ․ ՔՊ կուսակցությունից օրերս դուրս գալու դիմում գրած Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, կանդամակցի հոր եւ Հակոբ Ասլանյանի հիմնադրած Միասնական ազգային սահմանադրական կուսակցությանը: Հովսեփ Աղազարյանը կընդգրկվի նաեւ կուսակցության ղեկավար կազմում՝ վարչությունում, որը կհաստատվի փետրվարի 8-ի հիմնադիր համագումարում: Ի դեպ, Աղազարյանն ու Ասլանյանը որոշել են ֆուրոր անել՝ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը տապալելու մասին հայտարարություններով։ Հիշեցնենք․ հոր հետ կապված իրադարձություններից հետո Հովսեփ Աղազարյանին հեռացրին էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքից, կուսակցությունից էլ ինքը հեռացավ՝ «սեփական դիմումի համաձայն»։ Ի դեպ, իշխանական շրջանակներում երեկ լուրեր կային, որ փետրվարի 11-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերին, այնուամենայնիվ, հնարավոր է, որ դատախազը գա Աղազարյանի հետեւից, սակայն, դատախազության աղբյուրների փոխանցմամբ, երեկվա դրությամբ որեւէ գործընթաց այդ հարցով չկար։


«Հրապարակը» գրում է ․ Տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակել Ծովինար Թադեւոսյանին։ Այս լուրն այնքանով էր արտառոց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՔԿԾ պետ է նշանակվել կին, այն էլ՝ համակարգում կասկածելի հեղինակություն ունեցող։ Այս նշանակումն ինքնին բավականին ռիսկային էր` արդյոք կկարողանա՞ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ աշխատած Ծովինար Թադեւոսյանը ղեկավարել նման ռեժիմային լուրջ համակարգ, որը պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք Ծառայության աշխատակազմի, այլեւ կալանավայրերի աշխատակազմերի եւ կալանավորների հետ։


Մեր տեղեկություններով, Ծովինար Թադեւոսյանի նշանակումը դժգոհություն է առաջացրել համակարգում, մանավանդ` բանտապետերի մոտ: «Թեպետ չեն բարձրաձայնում, որ աշխատանքը չկորցնեն, բայց ներքին դժգոհություն կա։ Նախկինում բանտերի պետերը ՔԿԾ տղամարդ պետերի հետ հազար ու մի հարց են կարգավորել, հենց միայն այն, որ խոսելիս օգտագործել են քֆուր` սա այն ոլորտն ա, որտեղ առանց քֆուրի հնարավոր չէ, հիմա բոլոր հարցերում են կաշկանդված, անգամ` խոսելիս։ Առհասարակ, կան շատ այլ բաներ, որոնք տղամարդը կասի տղամարդուն, բայց ո՛չ կնոջը»։


Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔԿՀ պետերը չեն հասկանում, թե ինչպես կարելի է որեւէ կոչում չունեցող 34-ամյա կնոջը նշանակել Քրեակատարողական ծառայության պետ, միայն այն բանի համար, որ Սրբուհի Գալյանի ընկերուհին է։ «Նախկին ՔԿԾ պետերը կոչումով են եղել, դա ակնածանք էր տալիս։ Այս լուրջ պաշտոնում չէր կարելի նման նշանակում անել»,- ասաց ՔԿՀ մեր աղբյուրը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ընտրելու համար հայտարարել է հերթական մրցույթը։ Թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետը փետրվարի 6-ն է: Մնացել է 2 օր, ու որեւէ մեկը մինչ այս պահը չի ներկայացրել իր թեկնածությունը։ Ասել է թե՝ ՀՀ-ում որեւէ մեկը ցանկություն չունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու։ Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրորդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի արդյունքները եւ չընտրվեց։ Մրցույթը բավականին թեժ անցավ, անգամ հանձնաժողովի անդամները լարված խոսակցություններ ունեցան միմյանց հետ: Եվ ահա հերթական անգամ է մրցույթ հայտարարվել, ու մինչ այս պահը չկա թեկնածու: Թերևս որեևէ մեկը չի ցանկանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալ, քանի որ նախագահին մի գիշերվա մեջ SMS-ի արդյունքում ազատեցին պաշտոնից»:


«Հրապարակը» գրում է. Արցախում 2023 թ․ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հնարավոր է պատասխանատվության ենթարկեն Արցախի ՊԲ վերջին հրամանատար Կամո Վարդանյանին։ Զորամասի տարածքում վառելիքի պահեստի պահպանության գործառույթը վերապահված է եղել ՊԲ հատուկ ստորաբաժանմանը, որը պետք է քաղաքացիներին անվտանգ վառելիք տրամադրեր, ինչը չի արվել։ Արցախի պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնում Վարդանյանը նշանակվել էր 2020 թ. պատերազմի ավարտից մեկ տարի անց` 2021-ի սեպտեմբերին։ Լուրեր կան, որ նա վերջերս Սուրեն Պապիկյանի խորհրդական է նշանակվել՝ հասարակական հիմունքներով։


Մենք դատախազություն հարցում էինք արել՝ ի՞նչ փուլում է հարուցված վարույթի նախաքննությունը, կա՞ն մեղադրյալներ, ո՞րն է հիմնական վարկածը։ Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան չեն հերքել Վարդանյանի առնչության փաստը պայթյունին։ Հարցրել էինք նաեւ՝ հարուցված վարույթով Կամո Վարդանյանն ունի՞ կարգավիճակ։ Մեզ ուղարկված գրավոր պատասխանում դատախազությունը տեղեկացնում է․ «Վարույթը գտնվում է նախաքննության փուլում, իրականացվում են մեծածավալ ապացուցողական եւ վարույթային այլ գործառույթներ, որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Հայցվող մնացած տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թրամփի վարչակազմը հերթով փակում է ամերիկյան՝ միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցները: Երեկ հայտնի դարձավ, որ փակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար: Կազմակերպության աշխատակիցներին կեսգիշերն անց էլ. փոստով ծանուցում են ուղարկել՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ: Ի դեպ, գրասենյակը փակելը Թրամփի եւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի համատեղ որոշումն է, որն արվել է պետական ծախսերի կրճատման համատեքստում: «Այդ կազմակերպությունը ղեկավարվում է արմատական ​​խելագարների խմբի կողմից», – ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը:


«Ժողովուրդ» օրաթերթը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվել է, թե ինչ ճակատագիր է սպասվում ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակին եւ ծրագրերին, որոնք այս կազմակերպության աջակցությամբ են իրականացվում: «Տեղեկությունները շատ հակասական են. երբեմն որոշ հուսադրող տեղեկություններ են ստացվում, երբեմն էլ Թրամփի եւ Իլոն Մասկի հայտարարությունները, որ վճռական են տրամադրված կազմակերպությունը փակելու հարցում:


Ինչ վերաբերում է USAID-ի հայաստանյան գրասենյակին, ապա ես չեմ կարող իրենց փոխարեն որեւէ բան ասել, իրենք էլ մեկնաբանություն չեն տալիս: USAID-ի ծրագրերից օգտվող կազմակերպություններից մեկը նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էր, դրամաշնորհ ունեինք, բայց հունվարի 25-ին մեզ internews Հայաստանից տեղեկացրին, որ սառեցվել է ծրագիրը 90 օրով, ոչ մի ծախս չի իրականացվելու՝ մինչեւ նոր հրահանգներ լինեն: Ապագայի համար որեւէ հստակ տեղեկություն չկա, անորոշ է՝ կշարունակվի՞ ծրագիրը, թե՞ ոչ: ԱՄՆ դատախազությունն իր եզրակացությունն է ուղարկել դատարան, որ այս որոշումը հակասում է օրենսդրությանը, դատարանում պետք է քննարկում լիներ: Այն կազմակերպությունները, որոնք պայմանագրեր են կնքել իրենց ծրագրերն իրականացնելու համար, գործ են ունեցել ամերիկյան պետության հետ, եւ սա մարտահրավեր է պետությանը, թե որքանով է այն իր կնքած պայմանագրերին եւ պարտավորություններին տեր կանգնելու»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Հիշեցնենք, USAID-ն ստեղծվել է 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կողմից: Այն գործում է շատ երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Հայաստանում… 


Հ.Գ. Թրամփը մտադիր է USAID-ն միավորել ԱՄՆ Պետդեպարտամենտին և կրճատել աշխատակազմը։ Սպասվում է, որ Թրամփի վարչակազմն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոստումները հաճախ չեն կատարվում, իսկ պատճառաբանումը բազմիցս եզրափակվում է նախադասությամբ, թե «Տիգրան Ավինյանը դա նկատի չի ունեցել»։ Եկեք առկա փաստերը դնենք կողք կողքի և տեսնենք, թե Տիգրան Ավինյանն այս անգամ ինչ է նկատի ունեցել, կամ ինչ նկատի չի ունեցել։ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ճիշտ Երևանի ավագանու նախընտրական թեժ քարոզարշավի ժամանակ, Տիգրան Ավինյանն արեց այն, ինչ անում են քաղաքական պայքարի մեջ մտնող ուժերը. տալիս են խոստումներ, որոնք հետո, սակայն, մոռանում են։


Տիգրան Ավինյանը Ծարավ Աղբյուր թաղամասի բնակելի շենքերի բակում քարոզարշավի ժամանակ բարձրագոչ ասում էր. «Սիրելի՛ ծարավաղբյուրցիներ, ես Տիգրանն եմ Ավինյան, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այս տարի (2023թ.) փետրվարի վերջին ես Ծարավ Աղբյուրում էի պարոն Դանիելյանի և պարոն Հակոբյանի հետ: Ծարավ աղբյուրում ընդունվել են քաղաքաշինական նոր նորմատիվներ… Ձեզ հետ հանդիպումից հետո գտանք, որ պետք է մանկապարտեզ կառուցվի Ծարավ Աղբյուրում»: Ըստ Ավինյանի՝ դեռ այդ ժամանակ նախագիծն արված էր, և մեկ ամիս հետո այդ թաղամասում պիտի մեկնարկեր մանկապարտեզի կառուցումը։ Ավինյանի այս խոստումից անցել է 1 տարի, 144 օր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ մանկապարտեզը ոչ միայն չի կառուցվել, այլև չեն սկսվել կառուցման աշխատանքները:


Ահա այն նախընտրական խոստումներից մեկը, որը Ավինյանը մոռացավ հենց ընտրվելու հաջորդ 2 տարիների ընթացքում։ Բանն այն է, որ մինչև Ավինյանի այս հայտարարությունը, դեռ 2020 թվականին այս թաղամասի բնակիչները բողոքում էին, որ մանկապարտեզի կամ դպրոցի փոխարեն նոր բնակելի համալիր է կառուցվում։ Նրանք չէին բողոքել այնքան ժամանակ, մինչև վերամբարձ շինարարական կռունկը չէր հայտնվել շինհրապարակում։ «Ժողովուրդ» օրաթերթը արբանյակային պատկերների մոջոցով պարզել է, որ Ծարավ աղբյուրում ոչ միայն մանկապարտեզի համար գցած հիմք չկա, այլ նաև նորակառույցը շարունակում է վեր խոյանալ։ Ստացվում է, որ Տիգրան Ավինյանը Ծարավ Աղբյուր թաղամասից ձայներ կորզելու համար բնակիչներին բացահայտ խոստացել է լուծել խնդիրը, կառուցել մանկապարտեզ, սակայն մինչ օրս կառուցվող շենքի շինարարական աշխատանքները չեն դադարեցվել, իսկ մանկապարտեզի կառուցման մասին խոսք չկա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած 10 օրում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու մի ՔՊ-ական պատգամավոր դատի են տվել «Ժողովուրդ» օրաթերթին ու շտապում են բացատրել, թե այլընտրանք չունեն, պիտի թիմի ներսում իրենց «ճիշտը ապացուցելու համար» դատական հայց ներկայացնեն: Նախ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը դատական հայցեր են ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, սակայն ծանուցումը դեռ չենք ստացել եւ չգիտենք՝ որ հրապարակումների համար:


Դատական հայց ներկայացնելու հրապարակային սպառնալիք է ներկայացրել նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրա համար, որ նյութ էինք հրապարակել, թե ինչպես է նա բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ սուր քննադատել ՌԴ-ին, ինչը դարձել է մեր ու ՌԴ-ի հարաբերությունների սրման եւս մեկ առիթ: Անգամ լուրեր հրապարակվեցին, որ ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններից հետո հրաժարվում է Հայաստան գալուց ու Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելուց: Այս գործով նույնպես դեռ ծանուցում չենք ստացել:


Երեկ ստացանք ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի դատական հայցը, որը դատապարտված է պարտության ի սկզբանե, քանի որ անգամ հայցի մեջ Հայկ Սարգսյանն ու իր իրավաբանը խուսափել են օգտագործել «ՔՊ» կամ «Նիկոլ Փաշինյան» անունները: Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը նյութը կտրել է կոնտեքստից եւ մի քանի նախադասություններ, կիսատ վերցրած, զրպարտություն է համարում: Օրինակ՝ հոդվածում գրված է, որ «Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին, որ Հայկ Սարգսյանը, որ երեք նիստի ժամանակ է՝ խոսում է անտառների ոչնչացման թեմայից, իրականում փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձեւավորել»: Սակայն Հայկ Սարգսյանը հայցի մեջ նախադասության սկիզբը ջնջել է՝ հեռացնելով հետեւյալ մասը՝ «Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին…»:


Մյուս նախադասությունը հոդվածի սկսվում է այսպես. «Հիշեցնենք, որ հունվարի 9-ի երեկոյան ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին՝ Տավուշի անտառները ոչնչացնելու համար: Սա դարձել էր փոխադարձ վիրավորանքների ու քաշքշուկի պատճառ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն անգամ իրար հարվածել էին հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, եւ վերջինս էլ թողել ու հեռացել էր»: Բայց Հայկ Սարգսյանը զրպարտություն է համարում այս նախադասության միայն մեջտեղի հատվածն այն դեպքում, երբ հստակ գրված է, որ սա հիշեցում է 4 օր առաջ հրապարակված մի հոդվածի մասին, որը որեւէ մեկը չի հերքել: Ի դեպ, պատգամավորը զրպարտություն չի համարում, որ Նիկոլ Փաշինյանը թողել հեռացել է քաշքշուկի ժամանակ:


Մյուս նախադասությունը սկսվում է այսպես. «միջադեպից հետո ՔՊ որոշ շրջանակներ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանը ոչ թե անտառների ճակատագրով է մտահոգված, այլ փայտանյութ ներկրող քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչների հետ որոշակի հարաբերություններ է կառուցել»:


Թերեւս այս նախադասության համար է փորձում ինքնապաշտպանվել Հայկ Սարգսյանը, որը 2 անգամ ՔՊ ակտիվի ժողովների ժամանակ տեսանյութեր է ցուցադրել եւ խոսել անտառահատումների մասին: Բայց սա էլ է կիսատ վերցրել. մեր ինֆորմացիայի աղբյուրի հղումը հանել է, ուր գրված էր, որ այն ՔՊ ներսից ենք ստացել: Սարգսյանը միայն զրպարտություն է համարում այն, թե ինքը փայտանյութի բիզնես հետաքրքրություն չունի եւ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ չունի առնչություն: Կարճ ասած, մամուլին դատի տալով՝ փորձում են ինքնապաշտպանվել, բայց չի ստացվի: Հիշեցնենք, որ խոսքը նույն Հայկ Սարգսյանի մասին է, ում մամուլը հիշատակել է որպես «Նիկոլի շիշ բռնող»»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ապագայի հետ կապված այսօր պատմական պահանջ է դրված Հայաստանի հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների առաջ: Նման կարծիք ունի քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա կարծիքով, Հայաստանի ապագայի հետ կապված այսօր պատմական պահանջ է դրված այս կուսակցությունների առաջ, և ստեղծված իրավիճակում առանց նրանց գրեթե անհնար է պատկերացնել իշխանափոխություն և անհրաժեշտ լուծումներ երկրի համար: Ինչո՞ւ է քաղաքագետն այդ կարծիքին:


«Հայաստանյան կայացած երկու կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վրա է դրվում մարդկանց քաղաքականություն բերելու, անվտանգության հիմնախնդիրները առաջնայնացնելու, հիմարությունների դյութանքից հանելու պատասխանատվությունը մի շարք պատճառներով. նախևառաջ այն պատճառով, որ իրենք են ամբողջապես պատկերացնում ներկայի արհավիրքը, երկրորդ՝ սա ընտրություններում հաղթելու իրենց հիմնական գրավականն է, երրորդ՝ իրենք են, որ ինստիտուցիոնալ կերպով տիրապետում են անվտանգության հիմնախնդիրներին, չորրորդ՝ իրենք են, որ տիրապետում են դրա համար անհրաժեշտ ռեսուրսներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ենոքյանը։


Միևնույն ժամանակ, նա նշում է, որ գուցե պրոբլեմատիկ է այն, որ այս երկու կուսակցություններն էլ պրոռուսական կողմնորոշում ունեն, սակայն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկան ոչ ռուսական կեցվածքով կուսակցություններ կամ գործիչներ (Ռուսաստանի հատուկ ծառայությունների պատվերով հակառուսական խոսույթ որդեգրածներին չհաշված), այնպես որ, «այս պահին ռուսամետությունը պարզապես քաղաքական մեյնսթրիմ է»։


«Մյուս կողմից՝ իր կառավարման տարիներին ՀՀԿ-ն ցույց է տվել դիվանագիտական ճկունություն՝ հաջողելով Եվրամիության հետ CEPA-ն, որ այս «եվրոպամետ» իշխանությունները ապաշնորհ կերպով մսխեցին, կամ կարելի է հիշել այն տարիների Հայաստանի անվտանգության դոկտրինը, որը երկրի անվտանգությունը խարսխում էր երեք կետերի վրա՝ Հայոց բանակ, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն»,-ասում է Ենոքյանը և մի քանի հարցեր բարձրացնում՝ կկարողանա՞ն արդյոք ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քաղաքականացնել հայ ազգին, կկարողանա՞ն ոտքի կանգնեցնել երկիրը, թե՞ ժողովուրդը կմնա հիմարացված, ու կկորցնենք երկիրը։


 


 

լուսանկարը` Sputnik Armenia
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից