31.01.2025
Հիմնական մեղավորները փորձում են անփորձության պատրվակով արդարացնել իրենց սխալները
prev Նախորդ նորություն

«Ամենակարող առաջնորդի» միֆը.Թրամփը, Փայլանը և հակամարտությունների արագ լուծման պատրանքները

Տրամպը մեկ օրում կարող է լուծել հայ-ադրբեջանական խաղաղության հարցը, Ազատության եթերում ասում է Գարո Փայլանը՝ Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր:


Շատ հետաքրքիր կլիներ, եթե Փայլանն ասեր, թե ինչպես է Տրամպը մեկ օրում լուծելու հայ-ադրբեջանական խաղաղության հարցը: Եվ ա՞յդ մակարդակով է այս մարդն իր դատողություններն անում տարբեր հարցերի վերաբերյալ: Հայաստանում «տեղական» դատողությունները քիչ էին, մնում էր, որ դաշտը համալրվեր «լեգեոներներով»:


Այստեղ խնդիրն այն է, որ այդօրինակ դատողություններով աղավաղվում է հայ հանրության քաղաքական պատկերացումների համակարգը: Օրինակ, ոչ մի տարբերությունը, ինչ որ մեկը կասի՝ Տրամպը մի օրում կամ մի զանգով հարց լուծող է, թե ինչ որ մեկը կասի, որ Պուտինը ցանկության դեպքում մեկ օրում կլուծի հարցը:


Հիշում եք, մի շարք մարդիկ Արցախի շրջափակումից հետո ասում էին, որ Բլինքենը շուտով մի զանգով կլուծի հարցը, երբ ԱՄՆ պետքարտուղարը Ալիեին «հորդորել» էր «անհապաղ բացել» Լաչինի միջանցքը: Իսկ երբ համարձակվում էիր կասկածել Բլինքենի հորդորի «մոգական ուժի» վրա, տեղում հռչակվում էիր լավագույն դեպքում բան չհասկացող, վատագույն դեպքում՝ հակաամերիկանիստ եւ ռուսապաշտ:


Պետք է վերջ տալ մարդկանց խաբելը, թե աշխարհում կա մի գերհզոր մեկը, որը ցանկության դեպքում մի զանգով կամ մի օրում կլուծի հարցերը: Որովհետեւ, երբ որեւէ մեկի անունով հավաստիացնում եմ այդպիսի սուբյեկտի գոյության հարցում, հանրային միտքը կամա, թե ակամա աշխատում է այդ մեկին փնտրելու, գտնելու, սիրաշահելու, մի խոսքով՝ ինչ որ մի ձեւով համոզելու ուղղությամբ, որ մեկ օրում մեզ ազատի, մեր խնդիրները լուծի, փրկի, մեզ խաղաղություն տա, եւ այլն, եւ այլն:


Բավական չէ, որ տնտեսությունն է ահռելի «խաղայնացված»՝ տրիլիոնավոր խաղադրույքներով, մնում է, որ նաեւ հանրային միտքը կաղապարենք «խաղամոլի» տրամաբանությամբ, երբ այն կգործի ոչ թե աշխատանքի, ջանքի միջոցով լուծումներ ստեղծելու ուղղությամբ, այլ՝ մեկին գտնելու, որ մեզ համար մեկ օրում կլուծի հարցերը:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան


 

Լուսանկարը` president.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների