23.01.2025
Տարածքային հավակնությունների քաղաքականությունը Բաքուն իրականացնում է անթաքույց
prev Նախորդ նորություն

Շտապում են Եվրոպա. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի ընդունվել, սակայն ՀՀ ԱԺ-ն, ի դեմս Ալեն Սիմոնյանի, եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել, պանելային քննարկումներ` «Միասին՝ հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով, որոնց մեկնարկը կտրվի այսօր՝ Dvin Seven Vision հյուրանոցում։ Նախօրեին Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպայի եւ բալթյան երկրների խորհրդարանների նախագահների եւ փոխնախագահների պատվիրակությունները։ ԱԺ նախագահությունից պանելային քննարկումներին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Հայաստանի գրեթե բոլոր արեւմտամետ ուժերին: Եվրաքվեի նախաձեռնողներից Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ է հրավեր ստացել: Չնայած օրեր առաջ մեզ ասել էր, թե իրեն հրավեր է եկել` իրենց նախագծի մասին լսումներ են անելու։ Իրականում դա Եվրաքվեի նախագծի լսումներ չեն, այլ՝ խորհրդարանականների պանելային քննարկում: 


«Հրապարակը» գրում է․ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո ՔՊ-ականները գուշակություններ էին անում, թե ով է դեմ քվեարկել նրա թեկնածությանը` դեմ գնալով քաղաքական որոշմանը։ Գաղտնի քվեարկությամբ Թորոսյանը ստացել էր 64 կողմ, 1 դեմ, ընդդիմադիրները չէին մասնակցում քվեարկությանը: Չեն մասնակցել նաեւ ՔՊ-ից հեռացած Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը:


ՔՊ-ն փնտրում էր «դավաճանին», եւ շատերի համար թիվ մեկ կասկածյալը Լուսինե Բադալյանն է, որը հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից եւ ոմանց մոտ անկեղծացել, թե չի կարող Թորոսյանի տեղակալը դառնալ, քանի որ մինչեւ վերջերս քննադատել է առողջապահության ոլորտում նրա վարած քաղաքականությունը։ Ի դեպ, Բադալյանին հնարավոր փոխարինող է դիտվում հանձնաժողովի անդամ, գյումրեցի Էմմա Պալյանը, սակայն ՔՊ-ում նրա թեկնածությանն այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում: Չի բացառվում, որ հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա` այն հանձնաժողովների նման, որտեղ պետք է փոխնախագահի պաշտոններն ընդդիմության քվոտայով համալրվեին, սակայն ընդդիմությունը հրաժարվեց այդ պաշտոններից։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մտադիր է մասնակցել Գյումրիում մարտին կայանալիք արտահերթ ընտրություններին։ Ընդդիմադիր պատգամավորի այս որոշումը, իհարկե, տհաճ անակնկալ է եղել նաեւ իշխանությունների համար, քանի որ Մարտուն Գրիգորյանը բավականին ճանաչված է Գյումրիում եւ ունի մեծ ընտրազանգված։ Վերջինս 2008 թվականին եւս մասնակցել էր Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Մարտուն Գրիգորյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ նրա օգնական Լիզա Գասպարյանն ասաց. «Այս պահին ձեռնպահ կմնամ մեկնաբանություն տալուց: Կարծում եմ, որ առաջիկայում՝ կարճ ժամանակահատվածում, պարոն Գրիգորյանն իր վերջնական որոշումը կհայտնի»: Ինչեւէ, արձանագրենք, որ Գյումրիում մարտի 30-ին սպասվող ընտրությունները թեժ են լինելու»:


«Հրապարակը» գրում է․ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները չեն դադարել, անգամ նոր ձեւ են ստացել: Գործընթացն անձամբ համակարգում է խմբակցության քարտուղար, ՔՊ-ականների կողմից «Գեբելս» մականունը ստացած Արթուր Հովհաննիսյանը, որը 2018-ից առաջ Վահե Հակոբյանի կնոջ աշխատողն է եղել։ Պատմեցին, որ Հովհաննիսյանն անձամբ զգուշացնում է խորհրդարանում նախագծերը զեկուցող կառավարության ներկայացուցիչներին` որեւէ կերպ չարձագանքել այդ նախագծերի քննարկումների ժամանակ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի դիտարկումներին, եթե ուղիղ հարց չեն հնչեցնում՝ իրենց ուղղված, իսկ ուղիղ հարցադրումներին հնարավոր լակոնիկ պատասխաններ տալ։ ՔՊ-ում ոչ մի կերպ չեն մարսում նրանց պահվածքը Փաշինյանի նկատմամբ, որոշել են նրանց հալածել, բայց քանի որ ավելի ազդեցիկ միջոց չունեն, մանր ժուլիկների նման միայն կտցահարում են։


«Հրապարակը» գրում է․ Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները: Ինչ-որ անձինք տեղանքի զննություն են իրականացնում հայ-ադրբեջանա-վրացական սահմանների հատման վայրում։ Երեկ մի քանի ժամ կողմերը չափագրման աշխատանքներ են իրականացրել։ Ուշագրավ է, որ Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 10-ն արձակուրդ է ուղարկել: Երեկ մարզպետի պատգամավոր եղբորը՝ Վահե Ղալումյանին հարցրինք. ճի՞շտ է, որ սկսվել է սահմանազատման գործընթացը։ Պատգամավորն ասաց՝ տեղյակ չէ։


Հիշեցնենք․ սահմանազատման հանձնաժողովն անցած շաբաթ հայտնեց, որ գործընթացը կվերսկսվի Հայաստանի հյուսիսից, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդում: Օրինակ, թե ինչ սկզբունքով են առաջ շարժվելու հանձնաժողովները, արդյո՞ք Ադրբեջանի՝ տարիներ առաջ օկուպացրած տարածքները կվերադարձվեն մեզ, տեղի կունենա՞ փոխանակում, թե՞ մենք բացառապես տվողի դերում ենք լինելու, ի՞նչ ճակատագիր է սպասվում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, որի մի հատվածը, ենթադրում են՝ սահմանազատման արդյունքում անցնելու է Ադրբեջանին։


Երեկ Գառնիկ Դանիելյանը նման հարց տվեց Մհեր Գրիգորյանին՝ ճանապարհի ինչ-որ հատված անցնելո՞ւ է Ադրբեջանին։ «Ունենք հաստատված կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, դրանք ինչ տեսք են ստանում եւ ինչպես են մտնում ուժի մեջ։ Այս շրջանակներում, կարծում եմ, կարող եք գտնել Ձեր հարցի պատասխանը»,- «ցրեց» Մհեր Գրիգորյանը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի ներսում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն։ Ավելին՝ տեղակալներից Գագիկ Հարությունյանը արդեն ազատման դիմում է գրել եւ հեռացել է համակարգից։ Սիրո Ամիրխանյանին համակարգում ճանապարհ անցած ու հոգեհարազատ անձ չեն համարում. ուստի դատելով իրավիճակից՝ շատերը կլքեն կառույցը։ Ծառայության մամուլի խոսնակ Վարդուհի Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով տեղեկություններին, նշեց, որ Գագիկ Հարությունյանը ազատվել է պաշտոնից, իսկ մյուս տեղակալները շարունակում են իրենց աշխատանքը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության ներսում: Երեկ խորհրդարանական մեծամասնությունը ՔՊ 65 պատգամավորներով ընդունեց օրենք, համաձայն որի՝ Հայաստանի մշակութային ազգային կառույցները պետք է լինեն պետական։ Այսինքն՝ իշխանությունը եւս մեկ անգամ ապացուցեց սեփական ապազգայնությունը։ Միայն ընդդիմության՝ ներկա 31 պատգամավորները Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի, Պատկերասրահի, Գրադարանի եւ այլ մշակութային կառույցների անվանումներից «ազգային» բառի հանման օրենքին դեմ քվեարկեցին: Եթե «Արցախ» բառը, ըստ Ալեն Սիմոնյանի, պատերազմի վտանգ կարող է դառնալ, ապա այդպես էլ հոդաբաշխ չբացատրվեց, թե ազգային օպերան, ազգային թատրոնները կամ առհասարակ «ազգային» բառը ինչ սպառնալիք է իշխանության համար։ Ըստ նախագծի` հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետեւ կլինի «պետական» բառը։


Հունվարի 20-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը վստահեցրել էր, որ մշակութային բոլոր կառույցները պահպանելու են իրենց ազգային կարգավիճակը։ Այսինքն՝ մշակութային կառույցի կարգավիճակը կլինի ազգային, իսկ անվանումը՝ պետական»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ Ի մասնավորի, 10 ուղևորության փաթեթի համար կսահմանվի 2000 ՀՀ դրամ, իսկ օգտագործման ժամկետը՝ 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։ 300 դրամանոց ուղետոմսի օգտագործման ժամկետը կդառնա 180 րոպե՝ ներկայիս 90 րոպեի փոխարեն։ Փոփոխություններ կլինեն նաև հետևյալ փաթեթներում. 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ՝ ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն, 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ՝ ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։


«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ցանկը, սակայն, վերջնական չէ, և առաջիկայում կհայտարարվի այլ փոփոխությունների մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, այլ փաթեթներում էլ կլինեն «մեղմացուցիչ» փոփոխություններ: Ավելին, մեր տեղեկություններով, սա եղել է Տիգրան Ավինյանի յուրատեսակ «քաղաքականությունը»: Այսինքն, ի սկզբանե ներկայացրել են նախկին տարբերակը, ապա որոշակի «զիջումների» են գնացել՝ փաստացի կանխատեսելով սպասելի դժգոհության ալիքը և տեղ թողնելով որոշակի քննարկումների, առաջարկների ու փոփոխությունների համար:


Ի դեպ, մեր տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանում նախատեսում են առաջիկայում հանրությանը ներկայացնել այն հիմքերը, որոնցով 50 հազար դրամով տուգանելու են առանց տոմսի երթևեկելու համար: Քաղաքային իշխանությունը այդ հարցում վճռական է տրամադրված՝ այն տրամա բանությամբ, որ հակառակ պարագայում Երևանում նույն քաղաքացիների ձեռամբ կարող են տրանսպորտային կոլապսներ առաջանալ:


«Փաստ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝ ճշտելու, թե ինչպես են սյունեցիները վերաբերվում-գնահատում Սյունիքի քպական իշխանավորներին. խոսքը մարզային և համայնքային իշխանավորների-պաշտոնյաների և, իհարկե, ԱԺ քպական սյունեցի պատգամավորների մասին է։ Սյունիքի մարզպետարանի մեր աղբյուրները նշում են, որ դրանից անմիջապես հետո մարզպետարանի աշխատակազմը, ի մասնավորի փոխմարզպետներ Հայկ Հարությունյանը և Նարե Ղազարյանը ինտենսիվ սկսել են զանգահարել մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների, այդ թվում՝ դպրոցների ու բժշկական կենտրոնների տնօրեններին, և հորդորել քվեարկել մարզպետի օգտին: Ուսումնասիրելով մասնավորաբար Ֆեյսբուքում տեղադրված այդ հրապարակումը՝ պարզեցինք, որ շատ կարճ ժամանակ անց մարզպետարանի աշխատակիցներն ու մազրպետարանի ենթակայության կառույցների ղեկավար կազմն ու աշխատակիցները ինտենսիվորեն, իրար հերթ չտալով իսկապես քվեարկում են մարզպետի օգտին՝ նրա գործունեությունը գնահատելով «5»:

Օրինակ՝ առաջին իսկ ժամերին քվեարկել են Կապանի թիվ 13 դպրոցի փոխտնօրեն Ռիմա Մկրտչյանը, նույն դպրոցի մյուս փոխտնօրեն Զավեն Ստեփանյանը, Կապանի պոլիկլինիկայի տնօրեն Նարինե Գրիգորյանը, Կապանի ԲԿ տնօրեն Արսեն Բաբայանը, Մեղրու ԲԿ տնօրեն Մհեր Աբրահամյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վադունցը, մարզպետարանի վարչության պետեր և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ՝ Ռոբերտ Կոստանդյանը, Մուշեղ Կոստանդյանը, Արսեն Գրիգորյանը, Արամ Շահնազարյանը, Աննա Ալեքսանյանը, Մարգարիտա Զարգարյանը և այլն, և այդպես շարունակ: Սյունիքում զարմացած ու տարակուսած են, որ առկա բարդ իրավիճակում մարդիկ, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչոր մանրմունր հարցերին: