15.01.2025
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար
prev Նախորդ նորություն

Նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարգավորումներ կհստակեցվեն

Իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դրանք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի հերթական նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:


Օրենքի նախագծով առաջարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարգավորումներ հստակեցնել: «Վերջին երեք տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներն են իրականացվում, և արդեն իսկ 500-ից ավելի մանկապարտեզներում նախադպրոցական կրթության չափորոշիչը ներդրվել է: Որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասել է փոխնախարարը:


Առաջարկվում է օրենքում ներդնել «մենթոր մանկապարտեզ» հասկացությունը, որը հնարավորություն է տալու մենթոր ուսումնական հաստատությունների և այդ հաստատություններում աշխատող մենթորների կողմից նաև վերապատրաստման աշխատանքներ իրականացնել այն մանկապարտեզներում, որոնցում ներդրվելու է նախադպրոցական կրթության չափորոշիչը:


Առաջարկվող այլ փոփոխություններ վերաբերում են լիցենզավորման ոլորտին, մանկապարտեզներում աշխատող մանկավարժական աշխատակիցների բացի լրացմանը, մանկավարժների օգնականների վերապատրաստմանը, տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը:


Մեկ այլ առաջարկ վերաբերում է մանկապարտեզների տնօրեններին ներկայացվող պահանջին: Գործող կարգավորմամբ՝ նրանք պետք է ունենան մանկավարժական ստաժ: Առաջարկվում է սահմանել մանկավարժական կամ գիտամանկավարժական ստաժի պահանջ:


Առաջին ընթերցմամբ քննարկված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:


Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:


 

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ
Հաջորդ նորություն next