ԱՄՆ-Ադրբեջան փոխադարձ հայտարարությունների մասին, որոնք աննկատ մնացին մեր տեղեկատվական դաշտում:
Տևական լռությունից հետո երեկ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը որոշեց արձագանքել Ադրբեջանի պետական հեռուստաընկերության կողմից ԱՄՆ դեմ տարվող քարոզչությանը։
Նշեմ, որ այս կիրակի օրը ադրբեջանական պետական «Az TV» հեռուստաընկերությունը ԱՄՆ-ին թիրախավորող հերթական ռեպորտաժում նշում էր, որ Բլինքենի կոչը Ադրբեջանին դադարեցնել ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության վրա աճող ճնշումները, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը մերժել է ԱՄՆ միջնորդությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում։ Նրանք Բլինքենի քայլը անվանել էին «namərdlik», որը բառացի թարգմանվում է «տմարդություն»։
Այս ռեպորտաժից հետո Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ ասված էր․ «Ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ կառավարության կողմից ճնշումների վերաբերյալ միջազգային քննադատությունը մի բանի արդյունք է. փաստ է, որ գրեթե երեք տասնյակ լրագրողներ և բլոգերներ ձերբակալվել են 2023 թվականի նոյեմբերից: «Վախկոտություն» (Az TV-ի կիրառած «տմարդություն» բառը նկատի ունեն) է արդյոք հարցնել, թե ինչու: Թե՞ այստեղ իրական «վախկոտ» արարքը ադրբեջանական հանրության ուշադրությունն այս փաստից շեղելու փորձն է։ Մեդիագրագիտության շաբաթ է. չմոռանաք փնտրել տարբեր տեղեկատվական աղբյուրներ, կասկածի տակ դնել խոսույթները և զգոն լինել մոլորության մեջ չընկնելու համար»։
Դեսպանատան հայտարարությունն անպատասխան չմնաց։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հանդես եկավ հետևյալ պատասխանով․ «Չմոռանանք, որ իրական «վախկոտությունն» այն է, երբ ԱՄՆ-ում «հայտնի, ազնիվ և անաչառ» ներկայացված կազմակերպությունները սուտը մատուցում են որպես ճշմարտություն և օգտագործում են մարդու իրավունքները որպես պատրվակ աշխարհաքաղաքական նպատակների համար։ Ադրբեջանի հասցեին ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքները, չնայած այն հանգամանքին, որ այս երկիրը միջազգային ասպարեզում ներկայանում է որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց միևնույն ժամանակ անտեսում է մարդու բազմաթիվ իրավունքներ, երկակի ստանդարտների վառ օրինակ են։
Քննադատությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե քննադատող կողմի մտադրությունները մաքուր են, իսկ բարոյական սկզբունքները՝ բարձր: Անցյալի սխալներից դասեր քաղելը ապագայում հաջող քայլերի նախապայմանն է»։
Կարծում եմ ԱՄՆ-ն ուշացել է իր արձագանքներում, ես հասկանում եմ, որ իրենք չեն ուզում փոխհրաձգության մեջ մտնել ադրբեջանական կողմի հետ, բայց Ալիևի քաղաքականությունն այսօր հստակ ուղղվում է ԱՄՆ-ի դեմ, ԱՄՆ-ն ու Արևմուտքը ներկայացվում են որպես ապագա հնարավոր էսկալացիաների «պատասխանատուներ», կիրառվում են քարոզչական տարբեր գործիքներ ԱՄՆ-ին «դեմոնիզացնելու» համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ադրբեջանի ղեկավարության կողմից տարվող այս հետևողական քաղաքականությունը չնկատել, հնարավոր չէ․․․
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան