Գազի գնի իջեցում, թոշակների բարձրացում, արագաչափերի և կարմիր գծերի վերացում. «Ծառուկյան» դաշինք
Կենսաթոշակների բարձրացում, փոքր և միջին ձեռնարկությունների ազատում հարկերից, արագաչափերի և կարմիր գծերի վերացում: Սրանք «Ծառուկյան» դաշինքի առաջնահերթ քայլերից մի քանիսն են: Ընդհանուր առմամբ` դաշինքն ամրագրել է առաջնահերթ 15 քայլ:
Դրանք են`
1. Միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին։ Այն բարձրացնել 25 հազար դրամով և պարբերաբար ինդեքսավորել:
2.2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ:
3.Առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից:
4.Առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:
5.Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:
6.Պետության կողմից վարկավորել և խրախուսել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին: Գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը:
7.«Ծառուկյան » դաշինքի կողմից ձևավորվող նոր կառավարության առաջին որոշումը լինելու է արագաչափերի և կարմիր գծերի վերացումը:
8.Սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը և դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ ՀՀ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները: Իսկ քաղաքացիների ներդրած գումարները վերադարձնել։
9.Էապես իջեցնել գազի գործող սակագինը, քանի որ սահմանին 1000մ3 գազը ՀՀ-ն ստանում է 150 ԱՄՆ դոլարով, իսկ վերջնական սպառողին, այդ թվում՝ բնակչությանը, այն հասնում է առնվազն երկու անգամ բարձր գնով:
10.Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65 %-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները (ՀՀ-ում գործում է ավելի քան 200 ՀԷԿ) և ատոմային էլեկտրակայանը։ Ընդ որում՝ՀԷԿ-երի արտադրած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում է 2-5 ՀՀ դրամ, իսկ ԱԷԿ-ինը՝ 5-7 ՀՀ դրամ:
11.Մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, « հսկիչների » կիրառումը:
12.Գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման դիմաց վճար սահմանել 1000 ՀՀ դրամ:
13.Առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝ սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք սերտիֆիկատը: Պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել։
14.Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմը՝ հօգուտ պետական բյուջեի:
15.Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից: