4.12.2024
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են Հնդկաստանից աշխատուժի ներգրավման հարցը
prev Նախորդ նորություն

Գերմանիան և ՀՀ կարող են համագործակցել COP17-ի կազմակերպման աշխատանքներում

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:


Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը շնորհավորել է տիկին Բուշին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման։


«Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի և մասնավորապես՝ մեր ոլորտային բարեփոխումների համար։ ՀՀ կառավարությունը հետամուտ է գերմանական կողմի հետ իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ ընթացքին և պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը»,-նշել է նախարարը։


Տիկին Բուշն իր հերթին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մասնավորապես Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` #COP17-ն հյուրընկալող երկիր ընտրվելու առթիվ։


«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնապահպանական օրակարգում կենսաբազմազանության պահպանությունն առաջնահերթություն է, և մենք կարող ենք համագործակցել համաժողովի կազմակերպման և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս»,-նշել է նախարար Սիմիդյանը։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը, քննարկվել է հնարավոր համագործակցության հնարավորությունը։


Կողմերն անդրադարձել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրերին։


Մասնավորապես քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։Ծրագիրը նախատեսում է երկու բաղադրիչ՝ Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում, անտառների պահպանություն և կայուն կառավարում։


Նախարարը նշել է, որ Կենսաբազմազանության կողմերի համաժողովն հյուրընկալելու շրջանակում պետք է կրկնապատկել և առավել կենտրոնացնել ջանքերն այս ուղղությամբ։


Քննարկվել է նաև ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը։Նախարար Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել գործակցությունը բոլոր հնարարավոր ուղղություններով։