22.11.2024
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
prev Նախորդ նորություն

ՀՀ գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտել Եվրաջասթի նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երրորդ հանդիպումը երկու կառույցների միջև զարգացող փոխգործակցության վկայությունն է:


ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի և Եվրաջասթի միջև համագործակցության համաձայնագիրը, որը սեպտեմբերի 10-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, իսկ սեպտեմբերի 23-ին Հայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն:


Հիշեցնենք, որ Համաձայնագիրը հնարավորություն է նախատեսում Հայաստանից Եվրաջասթ գործուղել համագործակցության հարցերով դատախազ: Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաձայնագրի կիրարկման ուղղությամբ ընթացող աշխատանքները և անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


Եվրաջասթ կատարած այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հանդիպումներ է ունեցել նաև Եվրաջասթում Իտալիայի և Հունաստանի ներկայացուցիչների հետ: