Դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերը կփորձեն նվազեցնել
Նախագծերի ընդունման արդյունքում լուծում կտրվի քաղաքացիական եւ վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների՝ մի կողմից նվազեցնելով դատավարական գործընթացներում իրավունքների չարաշահման դեպքերը, մյուս կողմից՝ ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը: Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվում է դատական կազմի կամ կազմում ներառված դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը շարունակելու հնարավորություն: Գործող կարգավորումների համաձայն՝ դատական կազմի կամ կազմում ներառված դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը պարտադիր սկսվում է սկզբից՝ հանգեցնելով նախկինում կատարված բոլոր դատավարական գործողությունների կրկին կատարմանը: Նախագծի կարգավորման միջոցով վերոնշյալ իրավիճակում դատարանները հնարավորություն կունենան կա՛մ սկզբից սկսել գործի քննությունը, կա՛մ այն շարունակել ընդհատման պահից, ինչի արդյունքում կնվազեցվի գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտման դեպքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով առաջարկվում է նախատեսել կողմերին ինքնաբացարկի հիմքերը գրավոր ընթացակարգով պարզաբանելու կառուցակարգ: Ներկա կարգավորումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում դատարանը կարող է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը եւ առաջարկել իր բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը: Այնուամենայնիվ, դատավարական գործընթացը մտնում է փակուղի, երբ դատական նիստին կողմերը չեն ներկայանում: Նման իրավիճակները հաղթահարելու համար առաջարկվում է սահմանել, որ ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքում դատարանը պարտավոր է դատական նիստի ծանուցագրում նշում կատարել այդ մասին, ինչը հնարավորություն կտա կողմերին տեղեկացվելու դատական նիստում քննարկվելիք հարցի վերաբերյալ: Սակայն, եթե կողմերը, ծանուցված լինելով, չներկայանան դատական նիստին կամ չներկայացնեն դատական նիստը հետաձգելու մասին հիմնավորված միջնորդություն, ապա դատարանը հնարավորություն կունենա ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտել գրավոր եղանակով:
Նախագծերով նախատեսվում է նաեւ սանկցիայի նոր տեսակ ներառել, այն է՝ իրավունքի իրականացման սահմանափակում: Դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահումը հատկապես արտահայտվում է նույնական միջնորդությունների պարբերաբար ներկայացմամբ՝ նպատակ հետապնդելով, օրինակ, ձգձգել գործերի քննությունը կամ խափանել դատական նիստերը: Առաջարկվող սանկցիան դատարաններին հնարավորություն կտա արդյունավետ արձագանքելու նման իրավիճակներին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը:
Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 23-ի նիստում: