25.11.2024
Փորձագետը կանխատեսում է Հայաստանի անխուսափելի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին
prev Նախորդ նորություն

ՔՊ-ում էլ են մտահոգ. ի՞նչ են քննարկել փակ նիստում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ ԱԺ հերթական նիստերից առաջ՝ երեկ երեկոյան, ՔՊ խմբակցությունը նիստ է անցկացրել եւ քննարկել օրակարգային հարցերը, հատկապես կենտրոնացել է օրակարգում ընդգրկված սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի վրա։ Իշխանական ֆրակցիայի ղեկավարությունը պատգամավորներին հրահանգել է հնարավորինս մատչելի եւ ընդդիմության թեզերը ջախջախող ելույթներ պատրաստել, որ հանրությանը համոզենք, թե այդ կանոնակարգի ընդունումից են կախված մեր պետության սուվերենությունն ու անվտանգությունը։ Այդուհանդերձ, ՔՊ-ի ներսում մտահոգություններ են հնչել՝ ինչո՞ւ ենք շտապում, եւ եթե Բաքուն, այդուհանդերձ, չվավերացնի կանոնակարգը, իսկ ՀՀ խորհրդարանը դա անի առաջիկա օրերին, ի՞նչ է լինելու հետո: Շարքերին հանգստացրել են, որ ոչ մի բան էլ չի լինի, քանի որ կանոնակարգն ուժի մեջ է մտնելու կողմերի միջեւ փոխանակումից հետո։


«Հրապարակը» գրում է․ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցում ՀՀ կառավարությունն անբացատրելի շտապողականություն է դրսեւորում։ Մինչ Ադրբեջանը մատը մատին չի խփում, մեր իշխանություններն օրենքի խախտումով` ափալ-թափալ, կանոնակարգի նախագիծը հաստատեցին պատկան հանձնաժողովում եւ խցկեցին այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգ։ Գլխադասային պետաիրավական հանձնաժողովում կանոնակարգը քննարկվեց եւ ընդունվեց երեկ` ժամը 15.00-ի սահմաններում։ Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը սահմանում է նախագծերի քննության ընթացակարգը՝ որ նախագիծը կարող էր վաղվա օրակարգում ներառվել, եթե այն ընդունվեր մինչեւ ժամը 12:00-ն:


«Հանձնաժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ուշ, քան ԱԺ հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաեւ մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրվա ժամը 12:00-ն»։ Սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանին երեկ հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված այս շտապողականությունը։ Ասաց՝ բացարձակ չեն շտապում: Բայց Ադրբեջանում որեւէ գործընթաց չկա։ Մհեր Գրիգորյանն արձագանքեց․ «Դուք ճշտե՞լ եք, գիտե՞ք»: Ճշտելը, իհարկե, իրենց պարտականությունն է: Բայց ի՞նչ տեղեկություն կա, որ Ադրբեջանը սկսել է կանոնակարգի վավերացման գործընթացը․ փոխվարչապետը խուսափեց պատասխանից՝ վստահեցնելով միայն, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ վավերացնել, չէր ստորագրի կանոնակարգը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործադիրը նոր փոփոխություններ է առաջարկում ՀՀ ընտրական օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է քրեականացնել ընտրությանը մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը: Փոփոխվող հոդվածներից մեկն էլ հետեւյալն է՝ «Ոչ ոք չի կարող հարկադրել ընտրողին՝ բացահայտելու, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու, կամ ինչպես է քվեարկել թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին»։


ԸՕ համապատասխան փոփոխություններից հետո վարչական պատասխանատվություն է նախատեսվելու թեկնածուի կողմից գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, ինչպես նաեւ սահմանված ժամկետի խախտմամբ ու չթույլատրված վայրում քարոզչական պաստառ ու քարոզչական տպագիր այլ նյութեր փակցնելու համար: Դեռ 2022թ.-ից նախաձեռնված ԸՕ փոփոխությունների նախագիծը, որը գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել, առաջին ընթերցմամբ քննարկվելու է նաեւ այսօր մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցումից հետո ՔՊ-ն հանրային լսումներ է նախաձեռնելու, որից հետո այն արդեն երկրորդ անգամ կքննարկվի եւ կքվեարկվի ԱԺ-ում:


Խորհրդարանականներն այս նստաշրջանի ընթացքում նաեւ ՀՌՀ անդամ եւ դատավորներ կընտրեն: ՀՌՀ անդամի առաջադրված միակ թեկնածուն ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանն է: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնի հավակնորդները երեքն են՝ Գուրգեն Մալխասյան, Վիգեն Քոչարյան եւ Ատոմ Հայրապետյան, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում առաջադրվել են Հովհաննես Ավագյանի, Նելլի Բաղդասարյանի եւ Հայկ Գրիգորյանի թեկնածությունները»։


«Հրապարակը» գրում է․ ՔՊ վարչությունն առաջիկա նիստերից մեկում մտադիր է քննարկել խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, մասնավորապես՝ որոշ ՔՊ-ականների վարքը։ Խոսքը Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի եւ Հովիկ Աղազարյանի ընդհարման մասին է, երբ Քյարամյանն ակնարկեց, թե պատգամավորը փորձել է միջամտել քրեական վարույթին, իսկ պատգամավորը հայտարարեց, որ կալանքը ճնշման միջոց են օգտագործում, եւ պահանջում էր ասել, թե ով է իր որդու համար միջնորդել, հակառակ դեպքում` դա խորհրդարանում պետք է հետեւանքներ ունենա։ Բացի այդ, որոշ ՔՊ-ականներ էլ դաստիարակչական ելույթներ ունեցան ամբիոնից` Քյարամյանին ուղղված։ ՔՊ-ում որոշել են նրան եւս կանչել բացատրության: Աղազարյանին անցած հինգշաբթի Վերահսկող հանձնաժողովն արդեն «հարցաքննել» է եւ պարզաբանումներ պահանջել, թե ինչու է «արա»-ով խոսել ուժային կառույցի ղեկավարի հետ, մյուս հարցերն էլ վարչությունն է քննելու։


«Հրապարակը» գրում է․ ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր նիստ է հրավիրելու։ Անցած շաբաթ կուսակցական հավաքը հետաձգվեց, եւ իշխող թիմն այդպես էլ չընտրեց արդարադատության նախարարի թեկնածու․ այսօր անդրադառնալու են հետաձգված հարցին։ Երեկ ՔՊ-ում խոսում էին, որ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ու վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մտադիր են ինքնաբացարկ հայտնել: Դա նշանակում է, որ մրցապայքարը կընթանա ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի միջեւ: Ի դեպ, Խաչատրյանին առաջադրել են մի խումբ պատգամավորներ եւ Սյունիքի տարածքային խորհուրդը, այդ թվում` Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, իսկ Սիրունյանին` Նոր Նորքի ՔՊ տարածքային խորհուրդը՝ Արմեն Կոտոլյանի առաջարկով, որը 2018թ. սեպտեմբերից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն է: Չի բացառվում, որ այսօր էլ վարչությունը թեկնածու չընտրի, ինչպես նախորդ անգամ մերժեց Արփի Դավոյանին, քանի որ առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ, իսկ եթե մոռանանք այս թատրոնի մասին, պետք է արձանագրենք, որ ՔՊ-ում մեկ մարդ է որոշում կայացնում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վարչության անդամ, պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են քննչական կոմիտեի ԱԱԾ վարչություն ու հարցաքննել: Վերջինս իր ցուցմունքում հայտնել է, որ տագնապի զգացողություն է ունեցել: Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 20-ից ՔՊ գրասենյակին, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված ու գործը դատարանում է։ ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։


Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:


Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, սակայն, ռումբ դնելուց առաջ, SMS էին ուղարկել ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին՝ «Դեռ չե՞ք պայթել, այ….»: Եվ ահա այս հաղորդագրության համար էլ պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին հրավիրել են քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն՝ ցուցմունք տալու:


«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել Ռոմանոս Պետրոսյանի ցուցմունքը՝ այս գործով արդեն դատարան գնացած:


Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի պաշտոնյան պայթեցման գործի վերաբերյալ, Պետրոսյանը պատասխանել է:


«Սույն թվականի փետրվարի 21-ի առավոտյան՝ ժամը 08:00-ի սայմաններում, նկատել եմ, որ իմ ֆեյսբուքյան էջին կեղծ օգտատիրոջ կողմից՝ Ռուբեն Կասյան տվյալներով, հայհոյախառն հաղորդագրություն է ուղարկվել: Նույն օրը` 10:30-ի սահմաններում, հիշյալ կեղծ ֆեյսբուքյան էջի կողմից եւս մեկ գրառում է կատարվել իմ ֆեյսբուքյան էջին, որով վերջինս պայթյունի մասին է հայտնել: Նշված գրառումը նկարել եւ պահել եմ: 2024 թվականի փետրվարի 22-ի երեկոյան լրահոսից տեղեկացել եմ, որ Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել, այդ ժամանակ հիշել եմ նշված գրառման մասին եւ հայտնել եմ իրավապահ մարմիններին»:


Ստորեւ հարցերը եւ պատասխանները.


ՀԱՐՑ. Կարո՞ղ եք տրամադրել հաղորդագրության պատճենը:


ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, տրամադրում եմ հիշյալ կեղծ ֆեյսբուքյան էջից ստացած հաղորդագրության պատճենը:


ՀԱՐՑ. Ձեր անվամբ գրանցված նշված ֆեյսբուքյան էջը հասանելի՞ է հասարակության լայն շրջանակներին, եթե ոչ, ապա հաղորդագրությունն ուղարկած անձը ի՞նչ եղանակով է ուղարկել հիշյալ հաղորդագրությունը:


ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված էջը հասանելի է բոլորին:


ՀԱՐՑ. Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Գարուշի Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Արշակի Գալստայնը, էդուարդ Արտավազդի Պետրոսյանը եւ Վահագն Երվանդի Հովհաննիսյանը կատարել են հիշյալ ահաբեկչությունները, ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է, որ ճանաչում եք, ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել եւ ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվում վերջիններիս հետ:


ՊԱՏԱՍԽԱՆ. Բացարձակապես նշված անձանց չեմ ճանաչում, տվյալ անձանց մասին առաջին անգամ լսել եմ լրահոսից:


ՀԱՐՑ. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները վերը հիշատակված բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկել հենց Ձեզ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին:


ՊԱՏԱՍԽԱՆ. Առանձնահատուկ բան չեմ կարող նշել, որով պայմանավորված՝ նշված հաղորդագրությունները հենց Ձեր կողմից հիշատակված անձանց եւ ինձ ուղարկված լինեն: Ենթադրում եմ, որ մեր քաղաքական թիմի շատ ներկայացուցիչների ուղարկած կլինեն նման հաղորդագրություններ, բայց վերջիններս ուշադրություն չեն դարձրել դրանց: Իմ կարծիքով՝ մեր քաղաքական գործունեության պատճառով են ինձ եւ իմ գործընկերներին թիրախավորել:


ՀԱՐՑ. Վերը հիշատակված հաղորդագրությունը ստանալուց հետո Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ մոտ տագնապ, անհանգստություն առաջացրե՞լ է, թե՞ ոչ:


ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ պահին որոշակի նման զգացողություն եմ ունեցել, բայց ոչ միայն իմ, այլ մեր ամբողջ քաղաքական թիմի վերաբերյալ տագնապի զգացողություն եմ ունեցել, իսկ լրահոսով պայթուցիկ սարքի լուրը ստանալուց հետո՝ տագնապի լուրը ահագնացել է, եւ ավելի իրատեսական եմ համարել սպառնալիքի իրագործումը:


ՀԱՐՑ. Ճանաչո՞ւմ եք Գարեգին Լիպարիտի Վանեսյան տվյալներով անձի, թե՞ ոչ:


ՊԱՏԱՍԽԱՆ. Նման անձի չեմ ճանաչում:


ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքը, առողջությունը եւ գույքը վնասելու սպառնալիքներ ստացե՞լ եք, թե՞ ոչ, Ձեր նկատմամբ նման գործողություններ երբեւէ կատարվե՞լ են, թե՞ ոչ:


ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառնալիքներ շատ եմ ստացել, սակայն հիշյալ սպառնալիքի նման, քանի որ այս հաղորդագրությունում խոսվում էր պայթյունի մասին, նմանատիպ սպառնալիք մինչ այդ չեմ ստացել, իսկ ինչ վերաբերվում է նախկինում իմ նկատմամբ նման ոտնձգություններ կատարելուն, ապա երբեք իմ նկատմամբ նման բան չի կատարվել»։



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին թաղապետ, հավատարիմ ՔՊ-ական Ավետ Պողոսյանին իշխանությունն առանց պաշտոնի չի ուզում թողնել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հուլիսի 3-ից Ավետ Պողոսյանը ազատվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից։ Բայց նույնիսկ սրանից հետո Պողոսյանն առանց պաշտոնի երկար չմնաց։ Այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում է նաեւ ՀՌՀ անդամի ընտրության հարցը, իսկ ՀՌՀ անդամի պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն Ավետ Պողոսյանն է։ Ավետ Պողոսյանի կենսագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ նա լրագրության ոլորտում չի ունեցել որեւէ գործունեություն։ ՀՀ Սահմանադրության հոդված 197-ը սահմանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կազմը եւ կազմավորման կարգը։


Հոդվածի 3-րդ կետով սահմանվում է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, որը զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ է: Հանձնաժողովի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ»: Թեեւ պատգամավորի պաշտոնին կարող է հավակնել յուրաքանչյուրը՝ առանց մասնագիտական խտրականության, եւ օրենքով՝ ՀՌՀ անդամի ընտրության կարգը հենց այդպես էլ սահմանված է, այնուամենայնիվ հստակ կետ կա, որին պետք է համապատասխանի ՀՌՀ անդամը, այն է՝ լինել «զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ». իսկ գաղտնիք չէ, որ Ավետ Պողոսյանը ո՛չ հեռուստատեսության հետ կապ ունի, ո՛չ ռադիոյի։ Նա մինչ հեղափոխությունը, ըստ մամուլի, տաքսի է վարել ԱՄՆ-ում: Փաստորեն այս տաքսու վարորդը ՔՊ-ական լրագրողների ու լրատվամիջոցների շրջանում բարձր հեղինակություն ունի:


Հիշեցնենք, որ դեռ հունիսին ՀՌՀ անդամի պաշտոնում 2 թեկնածու էր ներկայացվել՝ Զառա Արամյանը եւ ոչ այնքան հայտնի Գոհար Մուրադյանը. ՔՊ-ն երկուսին էլ մերժեց: Վերհիշենք նաեւ, թե ինչ սկանդալային պատմությամբ Ավետ Պողոսյանը լքեց փոխնախարարի պաշտոնը։ Ըստ կառավարությունից մեզ հասած լուրերի, երբ «Հայասաթ-1» արբանյակը ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաեւ՝ «Արմսաթ-1»-ը, դրանք խնդիր դարձան ոլորտի համակարգող Պողոսյանի համար:


Բանն այն է, որ ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Եվ ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների (ցանկը ճշտվում է, ավելի ուշ կհրապարակենք) կառավարություններից, հորդորել են հետ իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ եւ չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը եւ մեկնարկը: Կառավարությունները պնդել են, որ իրենց արբանյակների աշխատանքը խափանում է գրանցել հենց «Հայասաթ»-ի պատճառով։


Ահա այս պատճառով էլ, թերեւս, Ավետ Պողոսյանին պարզապես հեռացրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, սակայն ձախողման համար որեւէ այլ պատժամիջոց չի կիրառվել: Ավետ Պողոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս տեղեկություններին ի պատասխան, ասել էր. «Նախ՝ ինձ աշխատանքից չեն ազատել, առավել եւս՝ լուրջ պատճառներով: Ինչ վերաբերում է «Հայասաթ 1» արբանյակին, դա մասնավոր նախաձեռնություն է, որը պետության եւ նախարարության հետ կապ ունի միայն այնքանով, որ պետությունից ստացել է տիեզերական գործունեության լիցենզիա՝ օրենքով սահմանված կարգով: Իսկ եթե նկատի ունեք ՀՀ-ին պատկանող «Արմսաթ 1» արբանյակը, այն բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը՝ ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել: Ձեր եւ որեւէ տեղեկություն իրականությանը չի համապատասխանում»: Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի քաղաքացիական ամուսինն է»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։ Գործող նախագահ Մայա Սանդուն չի կարողացել հաղթահարել 50 տոկոսի շեմը. նա ստացել է ձայների 42 տոկոսից մի փոքր ավելին: Նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Սանդուին Մոսկվայի հետ առճակատման քաղաքականության համար, ստացել է 26 տոկոսից մի փոքր ավելի քվե։ Եռյակը եզրափակում է «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին՝ ձայների 13,77 տոկոսով։


Նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվել է եվրաինտեգրման հանրաքվե։ Ի վերջո, ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկողների թիվը մի կերպ անցավ 50 տոկոսը. տարբերությունը դեմ քվեարկողների հետ կազմում է մոտ 12 հազար ձայն։ Ընդ որում, մինչև վերջին պահը ԵՄ կողմնակիցների թիվը զիջում էր դեմերին, բայց գիշերվա ընթացքում հիմնականում «սփյուռքի» քվեների (Մոլդովայի ընտրությունների մասնակիցների մոտ 15 %-ն ապրում է արտերկրում, հիմնականում` ԵՄ անդամ երկրներում) ու, ըստ շատ փորձագետների, ձայների կասկածելի հաշվարկի արդյունքում Մոլդովայի Սահմանադրության մեջ կամրագրվի համապատասխան դրույթը։ Ավելին, նշենք, որ Մոլդովայի շրջանների մեծ մասում դեմ են քվեարկել:


Շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ նշում են, որ սա փաստացի պարտություն էր Արևմուտքի համար: Նախ՝ մոլդովացիները հստակ ցույց տվեցին, որ արևմտամետ Մայա Սանդուն կիսանախագահ է և ներկայացնում է եթե ոչ երկրի բնակչության փոքրամասնությունը, ապա հաստատ ոչ վստահ մեծամասնությունը։ Մյուս կողմից՝ եվրաքվեն ինքնին ցույց տվեց, որ մոլդովացիները ցույց են տալիս իրենց դժգոհությունը Բրյուսելին և Վաշինգտոնին։ Պարզ է, որ Սանդուն չի վերահսկում երկիրը, հեղինակություն չունի քաղաքացիների շրջանում և չի կարող հասարակական կարծիքը տանել Արևմուտքին ձեռնտու հունով։ Ավելին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կարող է լուրջ «կոալիցիա» ձևավորվել, ինչի հետևանքով ուշագրավ արդյունքներ գուցե գրանցվեն: Արդյունքում Մոլդովան չի միանա Ուկրաինային, ավելին՝ չի դառնա երկրորդ Ուկրաինա: Արևմուտքի այս ծրագիրն առայժմ ձախողվել է նաև Վրաստանում, և հիմա այնտեղ փորձ է արվելու ստեղծել լարվածության լուրջ օջախ, ինչի «ծաղիկներն» արդեն երևում են:


Ի՞նչ են Հայաստանի համար նշանակում Արևմուտքի նոր անհաջողությունները հետխորհրդային տարածքում: Իսկ դրանք նշանակում են վտանգի բարձր մակարդակ։ Առավել ևս, որ Արևմուտքի համար այս անբարենպաստ ֆոնին Հայաստանը ավելի ու ավելի է առանձնանում իր պատրաստակամությամբ՝ փոխարինելու հակառուսական ճակատում բոլոր կասկածողներին և խուսանավողներին։ Ու քանի որ ձախողումները հաջորդում են միմյանց, Արևմուտքի համար էապես մեծանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության «գինը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում միշտ արդիական է եղել տարածքային համաչափ զարգացման խնդիրը, քանի որ գրեթե ամեն ինչ կենտրոնացած է Երևանում: Ըստ այդմ, չափազանց կարևոր է մարզերի զարգացման հարցը: Խոսքը վերաբերում է թե՛ տարբեր ենթակառուցվածքներին, թե՛ տնտեսության այլ ճյուղերին, թե՛ հատկապես սոցիալական վիճակին: Այս առումով հետաքրքիր պատկեր է տալիս միջին ամսական աշխատավարձի չափը Երևանում և հանրապետության մարզերում:


Պարզվում է՝ ամենացածր աշխատավարձը Գեղարքունիքի մարզում է, սորտեղ միջին աշխատավարձը մոտ 141 հազար դրամ է: Համեմատության համար նշենք, որ մայրաքաղաքում այդ ցուցանիշը կրկնակիից ավելի է՝ մոտ 310 հազար դրամ: Ցուցակի ներքևի հատվածում են նաև Արագածոտնի և Լոռու մարզերը՝ համապատասխանաբար մոտ 155 հազար և մոտ 158 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: 200 հազար դրամի շեմը «հաղթահարել» են Տավուշի և Արարատի մարզերը: Իսկ ահա ամբողջ հանրապետությունում կրկին ամենաբարձր աշխատավարձը Սյունիքի մարզում է: Այստեղ միջին ամսական աշատավարձը մոտ 40 հազար դրամով ավելի է, քան Երևանում, և կազմում է մոտ 350 հազար դրամ:


Ըստ տնտեսագետների և այլ փորձագետների գնահատականների, առաջին ու հիմնական պատճառն այն է, որ հենց Սյունիքում է գործում Հայաստանի թիվ 1 խոշոր հարկ վճարողը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Պետք է հաշվի առնել, որ կոմբինատը շուրջ 5000 աշխատող ունի, և հենց այս ընկերությունն է ապահովում շրջանում բնակվող քաղաքացիների զբաղվածությունը։ Եթե սրան գումարում ենք, որ ԶՊՄԿ-ն նաև բազմաթիվ սոցիալական հարցեր է լուծում Սյունիքում, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անհատապես ծանոթանալով ակնթարթորեն հարստացած ՔՊ-ականների կենսագրության մանրամասներին՝ «Ժողովուրդ» օրաթերթը հանգում է համատարած այն փաստին, որ նրանց մեծագույն մասը մինչ հեղափոխությունը, չնչին գումարներ չունենալու պատճառով, պարտքերի տակ են եղել, անգամ դատական տարբեր հայցերի հորձանուտում են հայտնվել։ «Ժողովորդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ հերթական հեղափոխականը, որի նկատմամբ 2017 թվականին, ինչ-որ հարցի շրջանակում, «Ակբա» բանկը ընդամենը 171 ԱՄՆ դոլարի բռնագանձման հայց է ներկայացրել՝ Արփի Դավոյանն է: Ամենահետաքրքիրը եւ մտահոգիչն այն է, որ իրեն ազնիվ հռչակած Դավոյանի նկատմամբ հայցը կարճվել է հենց հեղափոխության տարում` 2018 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխությունից հետո, երբ Դավոյանը վարչապետի նորանշանակ օգնականն էր արդեն: Իսկ դյուրահավատ ժողովրդին 2018-ին թվում էր, թե «անձնազոհ ՔՊ-ականներին» հետաքրքրում են վեհ արժեքներ…»։