22.11.2024
ՌԴ դեսպանը նշել է հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիայի մեղավորին
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Պաշտպանության նախկին նախարարի շուրջ ձևավորվող դաշինքը փլուզվում է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վիկտոր Դալլաքյանը նույնպես այսօր կամ երկուշաբթի կհայտարարի Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին։ Պատճառը նույնն է՝ ցուցակում համապատասխան տեղ չեն առաջարկել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Դալլաքյանին ցուցակում 11-րդ տեղն են առաջարկել, իսկ երեկ դաշինքը լքելու մասին հայտարարած Արամ Գ Սարգսյանին՝ 12-րդ տեղը։ Ցուցակը կազմել են Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը, և առաջին տասնյակում հիմնականում ներգրավված են եղել «Համախմբում» կուսակցության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ ներկայացուցիչները։ Հիմա Օսկանյանի ու Օհանյանի միակ հույսը մնացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և հիմա բանակցություններ են տարվում նրան համոզելու ուղղությամբ, որպեսզի միասին մասնակցեն ընտրություններին։ Ի դեպ, կիրակի օրը այս ուժերը Մարզահամերգային համալիրում ժողով են հրավիրել, որի ժամանակ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվող դաշինքում կռիվ է ընկել, պատճառն էլի ընտրացուցակներն են: Բանն այն է, որ նախընտրական ցուցակի կազմման արարողությանը մասնակցում են բացառապես Օսկանյանր՝ իր թիմակիցներով, և Սեյրան Օհանյանը՝ ներառելով նեղ թիմակիցներին, չնայած այդ դաշինքի մաս են նաև այլ կուսակցություններ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ հստակ է, որ ցուցակի առաջին և երկրորդ համարները զբաղեցնելու են Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ թե նրանից հետո ում անունն է հաջորդելու, հայտնի չէ: Նկատենք, որ երեկ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց դաշինքը լքելու մասին, ավելի վաղ դժգոհություն էր հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ մեր աղբյուրների՝ Ա. Սարգսյանի համար ընտրացուցակում առաջարկել են 6-րդին հաջորդող համարները՝ պատճառաբանելով, որ ՀԴԿ-ն ռեսուրս չունի: «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանի համար էլ նախատեսել են 5-րդից բարձր տեղերից մեկը, ինչն անարդար է, և չի բացառվում, որ Դալլաքյանն էլ հեռանա»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ուղիղ կապի մեջ չի եղել իրեն սատարող դաշինքի ղեկավարների՝ «Երրորդ հանրապետության» նախագահ Վիկտոր Դալլաքյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: Սեյրան Օհանյանը նաև ֆինանսավորում չի հատկացրել և աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա մի քանի գործոն է ազդել՝ առաջինը այն, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն և ստվերեց իր գործունեությունը: Քաղաքական կուլիսներում խոսվում է նաև, թե Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ այդ դաշինքը լուրջ ուժ չի կարող դառնալ և հրաժարվել է դրանից: Եվ ահա դաշինքի ուժերը սկսել են հեռանալ. երեկ դաշինքից դուրս եկավ Արամ Գ. Սարգսյանը, տեղեկություններ կան, որ կհեռանա նաև Վիկտոր Դալլաքյանը: Մենք փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ թե՛ Օսկանյանի, թե՛ Դալլաքյանի կուսակցությունից, բայց որևէ մեկի հետ կապվել չհաջողվեց: Նրանք բոլորը անհասանելի էին»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Այս տարվա հունվարին ՀՀ ավելի շատ գազ է ներկրվել, քան անցած տարվա հունվարին: Չնայած տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն մեր տեղեկություններով մատակարարվող գազի ծավալների ավելացումը չի արդարացրել «Գազպրոմի» հույսերը: Խնդիրն այն է, որ գազի սակագնի նվազեցումը իրականացվեց այն հիմնավորմամբ, թե դա կհանգեցնի սպառման զգալի աճին, ինչն էլ իր հերթին կնվազեցնի գազի մատակարարման ինքնարժեքը: Սակայն, չնայած ցուրտ հունվարին, գազի սպառման ծավալները այնքան չեն աճել, որ այդ սպասումները իրակականան: Ուստի, ըստ նախնական հաշվարկների, սպառողներին նվազեցված սակագնով գազի մատակարարումը տարվա ընթացքում վնասաբեր կլինի «Գազպրոմ Արմենիայի» համար: Իսկ այդ վնասները, ըստ պայմանավորվածությունների, իր վրա է վերցնելու այդ ընկերության սեփականատերը` ռուսական «Գազպրոմ» ընկերությունը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով որոշում էր կայացրել առաջադրվել ՀԱԿ ցուցակով, երեկ երեկոյան փոխել է որոշումը։ Նա որոշել է առհասարակ չմասնակցել ընտրություններին։ Սա, ըստ էության, բավականին բարդացնելու է ՀԱԿ-ի վիճակը, քանի որ հենց Արսենյանը պետք է հոգար ՀԱԿ-ի նախընտրական ծախսերը։ Հիմա ՀԱԿ-ը ստիպված նոր հովանավոր պետք է փնտրի»։

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կայացավ ԲՀԿ 9-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը։ Համագումարը, սակայն, չտվեց ակնկալվող հարցերի պատասխանները։ Ընտրություններին, ձևավորվող դաշինքին և նախընտրական այլ հարցերին այդպես էլ պատասխան չտրվեց։ Ուշագրավ է, որ համագումարին չէին մասնակցում դաշինքին միանալու ցանկություն հայտնած քաղաքական ուժերը, գործիչները։ Ներկա էին միայն ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող մի քանի թեկնածուներ՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ծառուկյանի երկու փեսաները՝ Արտաշատի քաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը»։