23.11.2024
ՔՊ-ն չի ընտրել արդարադատության նախարար. Ի՞նչ է ուզում ցույց տալ Փաշինյանը
prev Նախորդ նորություն

ՀԾԿՀ նախագահը խանգարում էր. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, կարելի է ասել՝ վերջին պրոֆեսիոնալ մոհիկաններից մեկը։ Նա 2004 թվականից աշխատել է ՀԾԿՀ-ում, մի կարճ ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի, ապա՝ նախարարի պաշտոնը: Իսկ 2019-ի ապրիլից ՀԾԿՀ նախագահն էր: Հիշեցնենք, որ նա Արթուր Վանեցյանի բարեկամն է: Պատճառը, մեր տեղեկություններով, Հայաստանի էլեկտրական ցանցերի հարցն է, ավելի ճիշտ՝ ՔՊ-ական իշխանության ցանկությունը` ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու: Բաղրամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դիմում է գրել: Ավելին, տեղեկացանք, որ դիմում գրելու առաջարկը եկել է Փաշինյանից: Հավանաբար, Բաղրամյանը խոչընդոտել է ՀԷՑ-ը խլելու գործընթացին, որոշել է հեռացնել խոչընդոտը: Նախօրեին, հիշեցնենք, կրկին Փաշինյանի մոտ քննարկել են էներգետիկ մատակարարման հարցերը, եւ նա «հստակ հանձնարարականներ է տվել` ոլորտի արդյունավետ կառավարման» ուղղությամբ քայլեր իրականացնելու առումով:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում։ Պատգամավորներից ամեն մեկն իր թեկնածուին է առաջ տանում, բայց արդյունքում չեն կարողանում որեւէ թեկնածուի շուրջ համաձայնության գալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարի թեկնածուն թեժ կռիվ է գցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջեւ։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Ալեն Սիմոնյանը նախ Արփի Դավոյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հետ ձեռնամուխ է եղել, որպեսզի իր հարազատ նախարար Գրիգոր Մինասյանը հեռանա պաշտոնից, ապա վստահեցրել է զույգին, որ ամեն ինչ անելու է, որ Արփի Դավոյանը նախարար դառնա։ Վերջին պահին, սակայն, Ալեն Սիմոնյանը անակնկալ ձեւով Հրաչյա Հակոբյանի հետ առաջ է տարել իրեն ընկեր դարձած Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը, որը, սակայն, դարձյալ չի ընդունվել։


Արդյունքում, վարչության նիստում չի եղել մեկը, որը կպաշտպանի ու առաջ կտանի Արփի Դավոյանի թեկնածությունը, ավելին՝ մեծամասնության շրջանում արմատացած է եղել տեսակետը, որ ամոթ կլինի՝ Արփի Դավոյանը նախարար դառնա: Վարչության նիստին, սակայն, Ալեն Սիմոնյանը ներկա չի եղել. նա երկրից բացակայում է: Հիմա Անդրանիկ Քոչարյանը ամեն անկյունում բողոքում է Ալեն Սիմոնյանի վարքագծից, որ իր խոստման տերը չի եղել ու վերջին պահին հուսախաբ է արել։ Այսպիսով՝ ՔՊ-ում այս օրերին լարված մթնոլորտ է բարձր պաշտոնի համար. ՔՊ-ականները արդարադատության նախարարի ընտրությունը տապալելու համար միմյանց են մեղադրում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ի երեկոյան ՔՊ վարչության նիստն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ 2 ժամ քննարկել, ապա մերժել են արդարադատության նախարարի պաշտոնի համար ներկայացված միակ թեկնածու Արփի Դավոյանին: Նիստին ներկա են եղել նաեւ բոլոր այն ՔՊ-ականները, որոնց թեկնածություններն առաջադրել են կուսակցությունում` Վլադիմիր Վարդանյան, Արուսյակ Ջուլհակյան, Հերիքնազ Տիգրանյան, սակայն նրանք բացարկ են հայտնել։ Արուսյակ Ջուլհակյանը դժգոհել է, որ Գրիգոր Մինասյանին հեռացնելու ստորագրահավաքի ժամանակ պետք էր նաեւ նոր թեկնածուի անունը գրել, որ թեկնածուի փնտրտուքի հարցում կուսակցությունը փաստի առաջ չկանգներ: Ակնարկել է, որ եթե ՔՊ-ում իմանային, որ Դավոյանը Մինասյանի «տակը փորում» է, որպեսզի ինքը նստի նրա տեղը, շատերի համար դա անընդունելի կլիներ: Նրան հակադարձել է Փաշինյանը՝ ասելով, որ դա պարտադիր չէ, չկա նման ձեւակերպում, որ պետք է թեկնածու էլ ներկայացնեին։


Չնայած Արփի Դավոյանը, «զուբրիտ արած», մի շնչով ներկայացրել է նախարարության զարգացման իր տեսլականը, սակայն քվեարկության արդյունքում ստացել է 3 կողմ, որից մեկն իր ձայնն է եղել, եւ 6 դեմ։ ՔՊ-ի 15 հոգանոց վարչությունից բացակայել են Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Ալեն Սիմոնյանը: Դավոյանին կողմ են քվեարկել Սուրեն Պապիկյանը, որն առաջադրել է նրա թեկնածությունը, եւ Վահագն Ալեքսանյանը։ Փաշինյանը ոչ թե դեմ է քվեարկել, այլ՝ ձեռնպահ, 3 այլ անդամի հետ:


Դավոյանին բացատրել են, որ չի ձգի նախարարի պաշտոնին, դա ծանր գործ է, բազային լուրջ կրթություն է պահանջում։ Դեմ են եղել Ռոմանոս Պետրոսյանը, Արսեն Թորոսյանը, Վաղարշակ Հակոբյանը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանը։ Նախարարի թեկնածուի փնտրտուքը շարունակվում է, նոր անուններ են շրջանառվում՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ԱԺ-ում է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այն կներկայացնի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը կկայանա հոկտեմբերի 21-ին։ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը ստորագրվել է 2024 թ. օգոստոսի 30-ին, հայաստանյան կողմից՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:


Ըստ կանոնակարգի՝ հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, եւ դրանով սահմանված հիմնարար սկզբունքի համապատասխան՝ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում նախնական համաձայնեցրել են սահմանագծի համապատասխան հատվածների անցումը՝ Խորհրդային միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Կանոնակարգը, հոկտեմբերի 21-ին հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո, պետք է նաեւ քննարկվի ԱԺ լիագումար նիստի ընթացքում։


«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից եւ չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ իրավական որեւէ փաստաթուղթ: Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, եւ դրա փոխարեն փաստաթուղթը էլեկտրոնային ստորագրությամբ է ուղարկվել ՍԴ, ընդ որում՝ բացակայում է ձեւը, նմուշը եւ համարը»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կիրակի օրվա հանրահավաքից մեկ օր առաջ՝ գիշերը, ոստիկանները բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին, որոնց վրա դրված են եղել հավաքի կազմակերպչական հարցերը։ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ իրենց ակտիվիստներին բերման են ենթարկել առանց որեւէ հիմնավորման՝ ուղղակի նպատակ ունենալով ճնշելու միջոցով հետ պահել պայքարից։ Նա չցանկացավ անուններ հնչեցնել՝ ասելով, որ շարքային քաղաքացիներ են։ Դանիելյանի կարծիքով՝ իշխանության եւ նրանց ձեռքին գործիք դարձած ուժայինների ճնշումները շարժման աջակիցների, ակտիվի եւ լիդերների ազգականների նկատմամբ համատարած են, ինչն էլ խանգարում է, որ շարժումը թափ հավաքի։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայր եւ որդի Երեմյաններ» եւ Yeremyan Products ընկերությունները, որոնք, ինչպես արդեն գրել էինք, համարվում են իշխանությունների կողմից արտոնյալ, որոնք մասնակցում են պետական մասշտաբի բազմապիսի գնման մրցույթներին, հաղթում դրանք եւ իրականացնում են մեկ անձից գնման ընթացակարգով բոլոր ներկայացուցչական աշխատանքները, խոշոր փոխանցումներ են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն պետական կառույցներից գրեթե 2 մլն դրամ արժողությամբ գնում է իրականացրել։ Այդ կառույցներն են Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն եւ ՀՀ վարչապետի աշխատակազմը։


Կատարված 9 գնումները եղել են մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցակցության։ Հիմնականում մատուցվել են կրկին ներկայացուցչական ծառայություններ, հյուրասիրության ծառայություններ եւ հանրային սննդի կազմակերպում։ Երեմյանների դեպքում հաճախ ենք նկատում, որ պետական համակարգի հետ պայմանագրեր կնքելը գրեթե միշտ կատարվում է մեկ անձից գնման եղանակով՝ առանց մրցույթի եւ մրցակցության: Եվ հետաքրքիր է, որ սա չի առաջացնում կասկածներ, օրինակ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Երեմյանների առաջ բաց են կարծես բոլոր դռները, եւ նրանց բիզնեսն անխոչընդոտ առաջ է գնում։


Երեմյաններին պատկանող 16 ռեստորան ունեցող «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը եւս արտոնյալների ցանկում է։ «Հայր եւ որդի Երեմյաններ»-ը եւ ԱՆԻՖ-ի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի «Ձեռնարկատեր+պետություն» ՓԲԸ-ն համատեղ ծրագիր են իրականացրել։ Այս ծրագրի շրջանակում 225 հա հողատարածք եւ սարքավորումներ են ձեռք բերվել, որոնք պետք է նպաստեին անասնակերի աճեցմանը եւ մշակմանը։ Ստացված հենց այդ բերքով են Երեմյանների՝ Ջերմուկի ֆերմայի կովերը սնվել։ Հաջորդիվ կներկայացնենք, թե ինչ ընթացքի մեջ է այդ ծրագիրը ԱՆԻՖ-ի լուծարումից հետո»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կոչ եմ անում վստահությամբ վերաբերվել Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքներին եւ օժանդակել հիմնադրամին գործունեության թափանցիկության, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում… Շատ կարեւոր է վստահության զգացումը, եւ հույս ունեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կհիմնվեն առաջին հերթին վստահության վրա»:


Իրականում սակայն Հայաստան համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը կարելի է չափել հանգանակություններով․ տարեկան մարաթոններով։ 2023 թվականի հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է վերջին 6 տարիների վիճակագրությամբ ամենաքիչ գումարը՝ 8․4 մլն դոլար։ Այն էլ, ոչ թե այդքան գումար է հանգանակվել, այլ՝ այդքան գումարի խոստում է տրվել, որի մի մասը կարող է եւ չկատարվել։


Սփյուռքի վստահության անկումը հիմնադրամի նկատմամբ կարելի է բացատրել մի շարք գործողններով՝ Արցախի հանձնում, ՀՀ սահմանների օկուպացիա։ Բայց վստահության դեֆիցիտի կարեւոր հանգամանքն այն է, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում հայության կողմից հանգանակված գումարների մեծ մասը՝ 107 մլն դոլար, կառավարության որոշմամբ պետական բյուջե մտցվեց, եւ մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ են արվել այդ գումարները։ Թերեւս պարգեւավճարներ տվեցին հիմնադրաի գումարներով: Այսինքն՝ Փաշինյանը խաբել է»։


«Իրավունք» թերթը գրում է. «Թեև օրերս Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը բավականին լուսաբանվեց, սակայն գրեթե խոսակցություն չեղավ, թե ինչ է տեղի ունեցել նիստին նախորդած գիշերը, երբ նույն ղեկավարները հանդիպել էին Պուտինի ծննդյան կապակցությամբ: Որոշ աղբյուրներ հայտնում են միայն, որ Պուտինի ծննդյան կապակցությամբ ԱՊՀ ղեկավարներին հրավիրել են Նովո Օգարևո: Տեղի է ունեցել լիովին փակ միջոցառում: Ըստ այդմ, բացի հասկանալի «ուտուշ-խմուշից», ստացել են շատ ծանրակշիռ տեղեկատվություն, տեղի են ունեցել մի անգամ այն լուրջ քննարկումներ, և ձեռք են բերվել նույնքան լուրջ պայմանավորվածություններ: Թե կոնկրետ ինչ հարցերով, ոչ թե յոթ, այլ՝ տասնյոթ փակի տակ պահվող գաղտնիք է»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։ Սա նրա հերթական ցուցադրական պատվաստումն էր, որի ընթացքում նա հորդորել է՝ չուշացնել պատվաստումը, որը հատկապես կարեւոր է ռիսկի խմբում գտնվող անձանց համար։ Ծանոթանալով ռիսկի խմբերին, պարզ չեղավ, թե ինչու է նախարարը պատվաստման օրինակ ծառայում։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների՝ սեզոնային գրիպից նախեւառաջ պետք է պատվաստել 6 ամսականից բարձր երեխաներին, դպրոցականներին, ուսանողներին, 60 տարեկանից բարձր անձանց, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, հատկապես՝ շնչուղիների հետ կապված, ճարպակալում, մետաբոլիկ խախտումներ եւ այլն, նաեւ՝ հղի կանանց։ Նախարարը ո՛չ հղի է, կարծում ենք, ո՛չ 60-ն անց, ո՛չ դպրոցական։ Բժիշկ չէ, ասենք՝ շտապօգնության, կամ հետազոտող, որը հիվանդների հետ է առնչվում։ Կաբինետից իջնում է, «Ջիփն» է նստում, ու հակառակը։ Ճիշտ է, հաճախ շփվում է վարչապետի հետ, բայց արդյո՞ք արժե դրա համար պատվաստվել։