Հայաստանը պատրաստվում է 5G-ի ներդրմանը և կատարելագործում է ընտրական օրենսդրությունը
Լուսանկարը` how2b.am
Սեպտեմբերի 19-ին կայացած Հայաստանի կառավարության նիստում հավանության են արժանացել մի շարք կարևոր օրինագծեր:
Դրանցից մեկը վերաբերում է «ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելուն՝ նպատակ ունենալով ապահովել երկրում 5G շարժական կապի տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը:
Նախագիծը նախատեսում է մրցութային հիմունքներով տրամադրել 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները, ինչը կարող է պետական բյուջե բերել միանվագ առնվազն 7,5 մլրդ դրամ և տարեկան 5,04 մլրդ դրամ:
Հավանության է արժանացել նաև ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Այս փոփոխությունները միտված են նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրների լուծմանը և կնպաստեն ընտրական համակարգի հետագա կատարելագործմանը, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:
Բացի այդ, կառավարությունը հավանություն է տվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին:
Այս փոփոխությունները կարգավորում են ՀՀ պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետ կապված իրավահարաբերությունները: