Արցախի ԱԺ-ն հետամուտ կլինի մեր ժողովրդի՝ պատմական հայրենիքում ապրելու իրավունքի իրացմանը
ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը
2023թ. սեպտեմբերի 19-ի Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների տարելիցի կապակցությամբ.
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների գործուն աջակցությամբ պատերազմական գործողություններ է սանձազերծել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ նպատակ ունենալով նվաճել հայկական երկրորդ պետության տարածքը:
2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները: Սակայն, Ադրբեջանական Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը այդպես էլ չկատարեցին համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները:
Այնուհետև 2022թ. դեկտեմբերի 12-ից խուլ շրջափակման ենթարկվեց Արցախի Հանրապետության տարածքը: Շուրջ ինն ամիսների ընթացքում, հաղթահարելով բազում զրկանքներ, արցախահայությունը միայնակ մաքառեց իր զավակների արյան գնով ստեղծված պետականությունն ու հայրենի բնօրրանը պահապանելու համար:
Բայց թշնամին նենգ էր, իսկ դաշնակիցները՝ շահանկատ:
Հյուծված երկիրը վերջնականապես զավթելու նպատակով 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը տարբեր ուղղություններով հարձակվեցին Արցախի վրա: Չնայած Արցախի ժողովրդի և Պաշտպանության բանակի հերոսական դիմադրություանը, Ադրբեջանին հաջողվեց ցեղասպանության միջոցով նվաճել հայոց բազմադարյան Հայրենիքի մի մասնիկը: Վերջնական ոչնչացման սպառնալիքի տակ է քրիստոնեական քաղաքակրթության հնագույն օջախներից մեկը:
Ադրբեջանի և նրա հովանավոր երկրների հանցագործ քաղաքականության հետևանքով հայրենազրկվեց մի ողջ ժողովուրդ, 150 հազ. մեր հայրենակիցներ մնացին անօթևան: Այս ամենին էլ գումարվեց Ստեփանակերտի նավթամթերքի պահեստի առեղծվածային պայթյունը, որին զոհ դարձավ 239 արցախցի:
Այս դժվարին օրերին համայն հայությունը սատար կանգնեց մեր բազմաչարչար ժողովրդին:
Չնայած ՀՀ իշխանությունների օրակարգից բացակայում են Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և Բաքվի բանտերում պահվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների ազատ արձակման հարցերը, այնուամենայնիվ, ԱՀ իշխանությունների և ժողովրդի համար այդ գաղափարը շարունակում է մնալ կենսական ու առօրեական:
Որպես առաջնային մանդատով օժտված մարմին ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հետամուտ է լինելու մեր ժողովրդի՝ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքի իրացմանը:
Խոնարհվում ենք հազարավոր նահատակների հիշատակի առաջ: Համոզված ենք, որ համայն հայության ջանքերով նորից իրողություն կդառնա ազատ, ինքնիշխան Արցախ ունենալու բազում սերունդների երազանքը:
19.09.2024թ.
Ք. Երևան