25.11.2024
MAN ընկերությունը Երևանի տրանսպորտային ցանցի զարգացման մասով կտրամադրի խորհրդատվություն
prev Նախորդ նորություն

Գևորգ Պապոյանն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են իրականացվող ծրագրերը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է Ֆրանսուազ Ժակոբին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։

«Մեզ համար առաջնահերթ է ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների հետ մեր համագործակցության ծրագրերի ընդլայնումը` աղքատության կրճատման, շրջակա միջավայրի պաշտպանության և Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ», - նշել է Գևորգ Պապոյանը:

Կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, տնտեսական զարգացմանը միտված համատեղ աշխատաքների շարունակականությունն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները առևտրի, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների լուծման համար
երկարաժամկետ կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված աշխատանքներին։

Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում տարածաշրջանային հակամարտությունները հաղթահարելու ուղղությամբ և ցանկանում է ստեղծել մի նոր իրականություն, որտեղ բոլոր երկրները կապվելու են ակտիվ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերով։ Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։