24.11.2024
Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Մյունխեն
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Անդրեևիչ Ալիխանովի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Վլադիմիրովիչ Գրուզդևը։

Նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

«Այսօր մենք իրական հնարավորություն ունենք քննարկելու մեր հարաբերությունները, համագործակցությունը և մեր երկրների զարգացման հեռանկարները տնտեսության և արդյունաբերության ոլորտում։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, որն ապահովում է ապրանքների ներմուծման և արտահանման զգալի մասը։ Մենք տեսնում ենք, որ թվայնացումը, նորարարական տեխնոլոգիաները և կայուն արտադրությունը դառնում են ապագա արդյունաբերական զարգացման հիմքը։ Մենք պետք է խրախուսենք ներդրումները գիտության և տեխնոլոգիաների մեջ, ստեղծենք բարենպաստ միջավայր նորաստեղծ ձեռնարկությունների և փոքր բիզնեսի զարգացման համար՝ ապահովելու մեր տնտեսությունների կայուն աճը»,- ասել է նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և դեղագործական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի և «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեությանը և հետագա աշխատանքները շարունակելուն։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական զարգացման խթանմանը։