VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամի և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունների վերաբերյալ կարծիք չհայտնած Երևանի քաղաքապետի լռությունը իշխանության կոկորդին է կանգնել։ Իշխանությունը փորձում է սեղմել օղակը նրա շուրջ՝ Երևանի քաղաքապետի ընկերների, մտերիմների վրա քրեական գործեր հարուցելով: Ասվածի վառ ապացույցը այն է, որ Երևանի քաղաքապետարանի՝ հունիսի 24-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը գովեստի խոսքեր հնչեցրեց Արաբկիր վարչական շրջանի թաղապետ Արամ Ազատյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հասցեին։ Մեկ օր անց ուժայինները նրան ձերբակալեցին, իսկ դատարանը տնային կալանքի ենթարկեց Ազատյանին և 30 մլն դրամ գրավ կիրառեց: ՔՊ-ականները ու հատկապես քաղաքապետարանում աշխատող ՔՊ-ականները դավեր են նյութել վարչությունում, թե թիմի ներսում թիմ են ձևավորում․ պետք է ՔՊ-ն լինի միատարր, միահեծան ու բոլորը երկրպագեն բացառապես Նիկոլ Փաշինյանին, չունենան սեփական կարծիք:
«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքը հարցրեց կատարվածի վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչու իրավական ուժ կիրառվեց գովեստի արժանացած թաղապետի նկատմամբ և արդյոք այդ քայլով քաղաքական իշխանությունն ինչ-որ բան է փորձում հասկացնել Տիգրան Ավինյանին։ Ստացանք հետևյալ դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ. «Օրենքից դուրս ցանկացած գործողություն, անկախ այն բանից, թե ով է իրականացնում, ընդունելի չէ։ Նման արարքները որևէ տրամաբանության մեջ ընկալելի չեն։ Այսինքն՝ կապ չունի, թե ով է իրականացրել այդ արարքը, ինչ շրջանակ է իրենից ենթադրում։ Միաժամանակ պետք է հարգել անձի անմեղության կանխավարկածը։ Սա է քաղաքապետի դիրքոշումը բոլոր նմանատիպ դեպքերի առնչությամբ»,- նշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի երկու տեղակալները՝ Գեղամ Կարապետյանը եւ Դավիթ Բալասանյանը, կալանավորվել են մեկ ամսով»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Արցախից բռնի տեղահանվելուց հետո մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են ՀՀ կառավարությանը՝ խնդրել-պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակներին արտաշիրմում անեն եւ տեղափոխեն Հայաստան, որ որդիները գերեզման ունենան, իրենք` լացելու տեղ: Խոսքը անցած տարվա սեպտեմբերյան դեպքերին զոհ դարձածների ծնողների եւ հարազատների մասին է, այս մարդիկ չեն ցանկանում հրապարակել իրենց խնդիրը, քանի որ կառավարությունից սպառնալիքներ են ստացել, սակայն ինը ամիս շարունակ կառավարության դռներն են ծեծում, որ Փաշինյանը ընդառաջի իրենց պահանջին։ Կան տեղեկություններ՝ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբերություն դրսեւորել, այս մարդիկ նստացույց կսկսեն կառավարության շենքի դիմաց։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի իրավապահ համակարգում քննարկում է եղել վերջերս, ու որոշել են` ներում-բեկում չի լինելու։ Մասնավորապես, իրավապահ համակարգում ճանապարհատրանսպորտային պատահարների ու զոհերի պատճառների վերլուծություն է իրականացվել ու պարզվել է, որ ողբերգական վթարների հիմնական պատճառները ղեկին հեռախոսով խոսելու, ամրագոտիները չկապելու արդյունքում են լինում։ Ղեկավարությունը հրահանգել է սկսել ուժեղացաված ծառայություն բոլոր մգացված ապակիներով ավտոմեքենաների, ամրագոտի չկիրառողների ու մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդների դեմ եւ կոնկրետ պատժամիջոցներ սկսել: Անգամ բարձրացվել է հարց, որ ներքին զանգերը չեն փրկելու ոչ մեկի, կպատժվեն բոլորը, որպեսզի մահվան խայտառակ և ողբերգական վիճակագրությունը հնարավոր լինի փոխել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուսումնասիրում ենք վարչապետին ներկայացվող, վերջին 9 ամսում արտերկիր գործուղման մեկնած կառավարության բոլոր աշխատակիցների հաշվետվությունները։ Ցանկից տպավորություն է ստացվում, որ միջազգային հարթակներում հիմնականում աշխատում է երեք անձ` ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը, ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը և այսօր արդեն մեղադրյալ Վահան Քերոբյանը։ Մի՞թե, օրինակ, ԱԳ նախարարը, որը գրեթե մշտապես գործուղումների մեջ է (չենք ասում՝ ԱԳՆ բազմաթիվ աշխատակիցները), ընդանրապես հաշվետու չէ վարչապետին, թե՞ Նիկոլ Փաշինյանի հին ընկերները արտոնյալ են, կփորձենք ճշտել առաջիկայում։ Հ.Գ. Համաձայն կառավարության պաշտոնական կայքի տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերից առ այսօր Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է արտերկիր գործուղման ընդամենը երեք տասնյակին մոտ հաշվետվություններ: Մնացածը ծախսում են պետբյուջեի ֆինանսները, սակայն չեն բացատրում՝ ինչու և ինչպես»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանը հաջորդ շաբաթ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թեկնածուները երկուսն են՝ Վաղարշ Աղաբեկյանը եւ Նարինե Ավետիսյանը: Վերջինս, ի դեպ, արդեն երկրորդ անգամ է առաջադրվում այս պաշտոնի համար: Դեռ նախորդ տարի` դեկտեմբերին, ԱԺ-ն ԿԿՀ անդամի ընտրության հարցն էր քննարկում, Նարինե Ավետիսյանը կրկին առաջադրել էր իր թեկնածությունը՝ հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ: ՔՊ-ն, սակայն, արհամարհեց երկու կին թեկնածուներին եւ չմասնակցեց քվեարկությանը, ինչի արդյունքում Հայկուհի Հարությունյանը եւ Նարինե Ավետիսյանը չընտրվեցին: Հիմա, փաստորեն, Նարինե Ավետիսյանը որոշել է կրկին փորձել, միգուցե այս անգամ հաջողվի՞ նրան ՔՊ-ի սիրտը շահել: Նա, ի դեպ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետի պաշտոնակատարն էր: Մյուս թեկնածուն էլ՝ Վաղարշ Աղաբեկյանը, արցախցի իրավաբան է, այժմ ՔԿ-ում է աշխատում, իսկ նախկինում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետներից է եղել, աշխատել է նաեւ Արցախի դատախազությունում: Հետաքրքիր իրավիճակ է սպասվում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը որոշել են չներել Փարսյանին Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը եւ առաջնորդ Բագրատ սրբազանին հավուր պատշաճի ընդունելություն ցուցաբերելու համար։ Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրավապահներին հանձնարարական է իջել ստուգել Փարսյանի գործունեությունը եւ անողոք լինել ամենաչնչին խախտումների դեպքում անգամ։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սրբազանն ու իր աջակիցներն այցելեցին Սյունիք, մենք գրեցինք, որ Փարսյանը ջերմ ընդունելության է արժանացրել ընդդիմադիրներին, ի տարբերություն Առուշ Առուշանյանի եւ Մանվել Փարամազյանի։ Պատերազմից հետո նշված բոլոր համայնքապետերը իշխանության թիրախում էին, սակայն Ռոբերտ Ղուկաայանի մարզպետ նշանակվելուց հետո մարզում իրավիճակ փոխվեց, Կալավանցուն հաջողվեց լեզու գտնել բոլորի հետ, մեղմացնել նրանց դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ։ Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա նախընտրական գործընթացներին ընդառաջ որոշել է բոլորին հպատակեցնել, թույլ չտալ թպրտան:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խորհրդարանի պատգամավորներն ու աշխատակազմը մեկ աշխատավարձի դրույքաչափով նաեւ պարգեւավճար են ստացել Հայաստանում իրենց կողմից ոտնահարված Սահմանադրության օրվա առիթով, որը նշվում է այսօր՝ հուլիսի 5-ին:Հիշենք՝ անցած տարի խորհրդարանը Սահմանադրության օրվա կապակցությամբ պարգեւավճարներ չի բաժանել։
Այս տարվա առատաձեռնությունը, ըստ մեր աղբյուների՝ ներքաղաքական անկայուն իրավիճակով է պայմանավորված: Իշխանությունը մի կողմից յուրայիններին է զոհաբերում՝ մեղադրելով բյուջեն մսխելու, յուրացումների համար, մյուս կողմից՝ բացում է քսակը՝ իշխանությունը պահելու, յուրայիններին փողով խրախուսելու համար։ Հընթացս էլ օգտվում են ընդդիմադիր պատգամավորներն ու աշխատակազմը։ Ի դեպ, Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները երեկ հայտարարեցին, որ պարգեւավճարն ուղղելու են Զինվորի տան կարիքներին՝ բարեգործական նպատակներով։
Սահմանադրության օրվա առիթով այս տարի պարգեւավճար տալու պատճառներից մեկն էլ թերեւս Ալիեւի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջն է, Փաշինյանը այսպիսով փորձում է հանրությանը ցույց տալ, թե որքան է կարեւորում Սահմանադրությունը եւ չի վախենում Ալիեւից նշանավորելու այդ օրը, մինչդեռ արդեն իսկ որոշում է ընդունել նոր Սահմանադրություն գրելու վերաբերյալ եւ հանձնարարել է նախագիծը ներկայացնել 2026-ի վերջերին։
Այս տարի նաեւ տոնական միջոցառումներ են կազմակերպվել, տեղի կունենա տոնական քայլերթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից` ժամը 19:30-ին, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։ Տոնական քայլերթին կմասնակցեն բոլոր մարզերից, Երևանի բոլոր վարչական շրջաններից, բազմաթիվ հասարակական կառույցներից, սփյուռքից ժամանած պատանիներ և երիտասարդներ։
Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը, պատվո պահակային վաշտերը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խումբը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սաները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները, իսկ երեկոյան ութին Հանրապետության հրապարակում համերգ կսկսվի։
«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Հայաստանի ագրարային համալսարանում նոր աղմկոտ պատմություն է բացահայտվել։ Բուհի տարեկան հաշվետվությունից պարզ է դարձել, որ բուհի ղեկավարությունն օրենքով նախատեսված նպաստները չի տրամադրում վճարովի համակարգում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, ավելի ճիշտ՝ թերի է տրամադրում։ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն ասում է, որ բուհի վճարովի համակարգում սովորող ուսանողների թվակազմի առնվազն 10 տոկոսի համար պետք է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում իրականացվի՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը։ Մինչդեռ ագրարայինի հաշվետվությունից պարզ է դարձել, որ բուհն օրենքով սահմանված այդ պարտավորությունը կատարել է կիսով չափ։ 2023թ. վարձավճարի զեղչ է տրամադրել համալսարանի եւ մասնաճյուղերի 139 ուսանողների՝ այն պարագայում, որ Ագրարային համալսարանի ուսանողների թիվը 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 2 հազար 939 է եղել, որից 2 հազար 500-ը վճարովի համակարգում է սովորում, այսինքն՝ առնվազն 250 ուսանողի պետք է փոխհատուցեր։ Կա՛մ բուհի ղեկավարությունն ուռճացրել է ուսանողների թիվը, կա՛մ չի կատարել օրենքի պահանջը։
Համալսարանի մասնագետների փոխանցմամբ՝ հաշվարկները ցույց են տվել, որ զեղչեր տրամադրելիս չի պահպանվել նաեւ օրենքի պահանջը՝ վարձավճարներից գոյացած բյուջեի 7 տոկոսի մասով: Ի դեպ, 2019թ. համալսարանում զեղչ տրամադրվել է 1222 ուսանողի: Մեր տեղեկություններով՝ այս խնդիրը բուռն քննարկվում է ագրարայինում, եւ «վերեւներն» էլ տեղեկացված են` ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է ուսումնասիրություն իրականացնել համալսարանում: