Նախընտրական կրքեր՝ Իրանում. ով ով է թեկնածուներից
Իրանի նախագահական ընտրարշավում բարեփոխական թևը ներկայացնող թեկնածու Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբը փորձ է կատարում ոչ բացահայտորեն խաղարկելու նաև էթնիկական գործոնը։ Բանն այն է, որ այս թեկնածուն ծնվել է Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի հիմնականում քրդաբնակ Մահաբադ քաղաքում, սակայն թյուրքալեզու ատրպատականցի է։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
"Այս հանգամանքը նրա նախընտրական շտաբի կոզմից օգտագործվում է հենց Ատրպատականի թյուրքալեզու շրջաններում վերջինիս համար ձայներ ապահովելու միտումով։
Այս թեկնածուի, մասնավորապես, Թավրիզում կայանալիք նախընտրական հանդիպման պաստառը հրապարակվել է հենց ատրպատականյան թյուրքերենով, ինչն Իրանում արգելված չէ, որովհետև այն Իրանում տարածված նշանակալի և կարևոր լեզուներից է, սակայն նպատակն ակնհայտորեն քարոզչական է և միտված է շահելու հենց թյուրքալեզու ատրպատականցիների համակրանքը։
Սա ամենևին չի նշանակում, թե Ատրպատականում զգալի ձայներ հավաքելու հնարավորություն չեն ունենալու պահպանողական թևի թեկնածուները, սակայն էթնիկական գործոնի օգտագործման փաստն ինքնին ուշագրավ է",-գրել է Ոսկանյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախագահական ընտրությունները Իրանում տեղի կունենան հունիսի 28-ին: Ընտրապայքարին մասնակցելու հավանություն են ստացել վեց թեկնածուներ, սակայն մրցապայքարը հիմնականում ծավալվում է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Մասուդ Փեզեշքիանի և Սայիդ Ջալիլիի միջև։