25.11.2024
Աբրահամյան. Հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Իմ ընտրվելու դեպքում կաջակցեմ պատմական իրադարձությունների ամբողջական ուսումնասիրությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև բաց երկխոսությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը:

Ամերիկայի հայկական համագումարի կայքում նշվում է, որ մինչ Հայոց ցեղասպանությունը հերքողները կոչ են անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա թիմին երաշխավորել, որ նրա վարչակազմը չի ճանաչի ցեղասպանությունը, Թրամփի կառավարության թեկնածուներն իրենց կարծիքն են բարձրաձայնում այդ հարցի վերաբերյալ: Մասնավորապես, պատասխանելով Նյու Ջերսիից սենատոր Բոբ Մենենդեսի հարցին՝ պետքարտուղարի թեկնածուն ասել է.

«1915 թվականի ողբերգական վայրագությունները ցավոտ հարց են մնում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում, և ԱՄՆ-ի շահերից է բխում երաշխավորել երկու երկրների միջև խաղաղ և կայուն հարաբերությունների հաստատումը: Թեկնածության հաստատման դեպքում ես կաջակցեմ պատմական իրադարձությունների ամբողջական ուսումնասիրությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև բաց երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանային կայունության»,- ասել է նա:

Նա նաև անդրադարձել է Թուրքիայի կողմից հիմնարար ազատությունների խախտումների դեպքերին` նշելով, որ «շատ մտահոգված է Թուրքիայի իշխանությունների կողմից վերջերս ձեռնարկված քայլերի առնչությամբ»:

«Կրոնական ազատությունը կարևոր ամերիկյան սկզբունք է և միջազգային խաղաղության և կայունության հարցում կարևոր գործոն: Թեկնածության հաստատման դեպքում, ես կաշխատեմ Թուրքիայի հետ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության և նրանց մշակութային ժառանգությունների նկատմամբ հարգանքը խթանելու հարցում»,- ասել է նա:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հայտարարել է, որ Հայկական համագումարը բարձր է գնահատում սենատոր Մենենդեսի նվիրվածությունը հայկական խնդիրների հարցում և դրանք թեկնածուի առջև բարձրացնելը: Մինչ Թիլերսոնը սպասում է Սենատի կողմից վերջնական քվեարկության, սպասվում են ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների և տարածաշրջանի վերաբերյալ հարցերին ավելի շատ պատասխաններ:

«Մենք անհամբեր սպասում ենք նոր վարչակազմի և Կոնգրեսի հետ աշխատանքին՝ խորացնելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև մշտական կապերը, ինչպես նաև ընդլայնելու համար Հայաստանի համար տնտեսական հնարավորությունները»,- ասել է Արդունին: