23.11.2024
Երեկվանից իշխանությունը սաստկացրել է Եկեղեցու և Կաթողիկոսի նկատմամբ ամթոալի արշավը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում, լուրջ ֆիգուր են գործուղելու. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախօրեին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2 բարձրաստիճան պաշտոնյա ագրեսիվ հայտարարություններ արեցին: Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, հայտարարեց, թե նախկին իշխանությունները մտել են «փուչիկ» դաշինք, որի անդամները ոչ թե պաշտպանել են Հայաստանը, այլ մեր դեմ պատերազմ են ծրագրել։ Պատգամավորի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից, հայտարարեց, թե դուրս են գալու, կորոշեն՝ երբ։ Ապա ամբիոնին մոտեցավ ԱԳ նախարար Միրզոյանը՝ փորձելով խմբագրել շեֆին, թե Փաշինյանը չի պնդում, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ընդամենն արձանագրել է, որ Հայաստանն է որոշողը․ «ՀՀ վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա: Սա է ասել` ոչ պակաս, բայց ոչ էլ ավել: Եթե որեւէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, եւ սա շատ հեշտ ապացուցելի է»։ Ի դեպ, Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում Հայաստանում, եւ բավականին լուրջ ֆիգուր են պատրաստվում գործուղել Երեւան:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանին թիմակիցները ներկայացրել են, թե ընդդիմությանն արդեն «իրենց տեղն են դրել», իսկ սրբազան պայքարն արդեն «վերջնակետին» է հասել: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանության ներսում շատ մտահոգված են եղել հունիսի 12-ի հավաքով, որը հանգուցալուծվեց բախումով, վիրավորներով ու ձերբակալություններով, բայց իրավապահներին հաջողվել է հասնել ցանկալի նպատակին: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների համար այլեւս վտանգներ չկան, քանի որ արդեն «կոտրել են» շարժման ողնաշարը, իսկ Բագրատ սրբազանն արդեն հուսալքված է, քանի որ, ըստ նրանց, հանրապետությունը չի ցանկանում բիրտ ուժի մասնակիցը դառնալ: Մենք տեղեկացանք նաեւ, որ հայրենի իշխանության ներկայացուցիչներն արդեն պլանավորում են, թե ինչպես են անցկացնելու իրենց ամառային արձակուրդները տարբեր երկրներում. հայրենի նախարարները հերթով արձակուրդի կմեկնեն, իսկ օրենսդիր մարմինն արդեն ավարտում է իր նստաշրջանը: Գուցե արտահերթ նիստեր լինեն, բայց դա չի խանգարի իշխանության անդամներին իրենց արձակուրդը վայելելու համար: Կարելի է ասել, իշխանությունը փորձում է անցնել իր բնականոն կյանքին, նաեւ հանրապետությանը ցույց տալու համար, որ իրենց մոտ ամեն բան կարգին է, իսկ Սրբազանի առաջանորդած շարժումն իրենց չի մտահոգում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ, մեր տեղեկություններով, ԱԺ շենքի ներսում մարտական ավտոմատներով Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել է միանգամից 4 ուժային կառույց՝ ԱԱԾ 2 ստորաբաժանում՝ «Ալֆան» եւ նորաստեղծ հատուկ ջոկատայինները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները, ՊՊԾ-ն։ Ամերիկյան մարտաֆիլմերում անգամ նման բան չես տեսնի։ Իրավապահ համակարգում ասում են՝ նախկինում նման բան երբեւէ չի եղել: Իսկ ինչո՞վ չի բավարարել Փաշինյանին իր ձեւավորած ՊՊԾ-ն: Պատճառը թերեւս նրա կասկածամտությունն է` վստահ չէ, որ մի կառույցը պատշաճ կծառայի: Փորձում է Վահե Ղազարյանի, Արմեն Աբազյանի, Արմեն Գասպարյանի նվիրվածությունը եւ մի կառույցով վերահսկում մյուսին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ժողովրդավարության մասին հորջորջող մեծաբերան ՔՊ-ականներն ամեն օր ապացուցում են, թե ինչ բռնապետության են վերածել Հայաստանը, եւ ինչ ստրկական մթնոլորտ է տիրում հենց իշխանական թիմում` ինչպես են կուրորեն ենթարկվում մի անձի կամքին, կատարում այդ մեկ անձի որոշումները, անգամ եթե դրանք քրեորեն պատժելի որոշումներ են եւ հենց իրենց դեմ են ուղղված։ Երեկ ՔՊ-ն 70 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին, ով առաջադրված 3 թեկնածուից մեկն էր։ Թեկնածուների հետ փակ հանդիպումից հետո ՔՊ ֆրակցիայում գերիշխում էր այն կարծիքը, որ պետք է մերժել Մխիթարյանի թեկնածությունը, քանի որ նա արհամարհել է թիվ մեկ օրենսդիր մարմինը եւ ամիսներ առաջ չի ներկայացել խորհրդարան՝ նախապես տեղեկանալով, որ ԲԴԽ անդամի համար ՔՊ-ի ընտրությունը ոչ թե իր, այլ իր մրցակցի վրա է կանգնել։ Սակայն երեկ ՔՊ-ն, կարելի է ասել, մեկ մարդու պես կողմ քվեարկեց Մխիթարյանին, քանի որ դատավորների փակ քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության նիստ էր կայացել, եւ խմբակցության ղեկավարը, ի զարմանս ՔՊ-ական պատգամավորների, հայտարարել էր, որ պետք է բոլորը քվեարկեն Մխիթարյանի օգտին` «վերեւից նման հրահանգ է իջել»։


Նիկոլ Փաշինյանը թերեւս սրանով վարձահատույց եղավ Մխիթարյանին, ով «փուռը» տվեց իր երեք գործընկերներին` Փաշինյանին մատնելով մասնավոր չատի խոսակցությունը, որից հետո 3 փորձառու եւ անկախ դատավոր «դիմում գրեցին» ու համակարգից դուրս եկան։ Երեկ փաշինյանական ընտանիքից իջած մի հրահանգ էլ ԲԴԽ-ն կատարեց` մերժեց Աննա Հակոբյանի ընկերուհու` Նաիրա Հովսեփյանի դեմ ներկայացված միջնորդությունը, իսկ ամիսներ առաջ նույն արարքի համար դատավորի լիազորություններ էր դադարեցրել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական ժողով կանի: Կուսակցության քաղաքական ժողովի օրը նախնական որոշված է հունիսի 22-ը, իսկ ժողովի անցկացման տեղի հետ կապված դեռ վերջնական որոշում չկա: Սովորաբար, դրանք տեղի են ունենում Երեւանից դուրս: ՔՊ քաղաքական ժողովը կտեւի 2 օր: Սա թվով 4-րդ քաղաքական ժողովն է ՔՊ-ի. նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին: Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ: Դրանց պարտադիր մասնակցում են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները, լինում են նաեւ հրավիրյալներ, իսկ օրակարգը հաստատում է վարչությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը մի խայտառակ՝ անօրինական, հակաբարոյական որոշում է երեկ ընդունել՝ ՊՊԾ-ին հանձնարարելով արգելել ընդդիմադիր պատգամավորների ելումուտը Դեմիրճյան փողոցի մուտքով։ Մինչդեռ ՔՊ խմբակցության պատգամավորներին, նրանց փորձագետներին ու օգնականներին թույլատրված է։ Նշենք, որ, ի տարբերություն Բաղրամյանի մուտքի, Դեմիրճյանի մուտքով հնարավոր է տարածք մտնել ավտոմեքենայով․ իհարկե, խոսքն այն անձանց մասին է, որոնք ունեն նման իրավունք՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ եւ այլք։ Դիցուք` Սեյրան Օհանյանը Դեմիրճյանի մուտքով է ավտոմեքենայով խորհրդարան մտել, որովհետեւ աստիճանները բարձրանալու խնդիր ունի, եւ նորմալ է, որ Ազգային հերոսին, պատերազմում ոտքը կորցրած մարդուն այդ փոքրիկ հարցում ընդառաջում են։ Բայց երեկ նրան թույլ չեն տվել մտնել՝ ասելով, թե աշխատակազմի ղեկավարի որոշում կա, ըստ որի՝ այս երկրի համար ոչինչ չարած ուսապարկերը կարող են այդ մուտքից մտնել, Սեյրան Օհանյանը` ոչ։ ՀՀ քաղաքացիներին սեւ-սպիտակի բաժանած այս իշխանությունները, փաստորեն, հասարակությանը պառակտելու, մարդկանց սորտավորելու, թշնամանք հրահրելու եւ քաղաքացիական բախումների տանելու հարցում նորանոր բարձունքներ են նվաճում: Իսկ ամբողջ աշխարհում նման քաղաքականությունը ռասիզմ է կոչվում եւ քրեորեն պատժելի արարք է համարվում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ իրավապահ համակարգին հրահանգված է եղել ուժեղացված հսկողություն սահմանել բոլորին հայտնի՝ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որտեղ կայացել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» հոգեհանգիստը։ Իրավապահ համակարգը քրեական հետախուզության ողջ կազմով եկեղեցին շրջափակած ու հսկողության տակ է առած եղել։ Այս ամենի պատճառներից մեկն այն է, որ սպանությունից անցել է 3 օր եւ այն բացահայտված չէ։ Armlur.am-ը գրել էր, որ երեկվա դրությամբ, ըստ նախնական վարկածի, Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկու հոգի։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը, ինչպես արդեն նշել էինք, գողացված է եղել։ Ի դեպ, հայտնել էինք, որ Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բանն այն է, որ 2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել, ու միջադեպի «հերոսներն» էին կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ եւ Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ» մականվամբ։ Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում:


«Ֆազի» եւ «Չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «Ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «Չաղ Ռուստամը» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։ Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվեց. ավելի ուշ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նրան ազատ արձակեց՝ 2,5 միլիոն գրավի դիմաց: Իրավապահները դատավորի քայլը համարել էին ապօրինի, եւ Ալեքսանյանը կալանավորվել էր։ Ներկայումս դատավորն ազատության մեջ է, սակայն դատարանում քննությունը պաշտոնական լիազորությունների չարաշահման գործով դեռ շարունակվում է։ Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հյուրախաղերով կամ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահում է գրեթե 2 տարի։ 2 տարվա ընթացքում ՀՀ նախագահի «գոյության ձայնը» հազվագյուտ է լսվել։ Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների վրա կիրառելով անթույլատրելի տեսակի նռնակ՝ այդ թվում եւ բեկորային, փորձ արվեց «ցրելու» «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին, եւ ընդամենը մեկ օր անց միայն լսվեց ՀՀ նախագահի ձայնը, այն էլ` կրկին ոչ հուսադրող բովանդակությամբ։ «Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել. մենք զգուշացրել ենք` զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի՛ արեք, բայց իրենց պահվածքն այլ էր։ Այսօրվա միտինգի կազմակերպիչներն այլ տրամաբանության մեջ են աշխատում։ Իրենց չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է», – ասել է Խաչատուրյանը։


Հայաստանում «ժամանակ անցկացնող» նախագահը 2023 թվականի 12 ամիսների ընթացքում ստացել է 15 մլն 794 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ՀՀ նախագահի աշխատակազմից։ Վահագն Խաչատուրյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 ավտոտնակ եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում։ Անշարժ գույքերից 2 հողամասը Խաչատուրյանը ժառանգություն է ստացել 2017 թվականին, մեկը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, մյուսը Արաբկիր վարչական շրջանում։ ՀՀ նախագահին պատկանող տունը եւ ավտոտնակը գտնվում են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում. այս գույքերն էլ նախագահը նվիրատվություն է ստացել 2002 թվականին։ Նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմում են 40 մլն դրամ եւ 1 հազար 200 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմում են 1 մլն 200 հազար դրամ եւ 18 հազար դոլար»: