24.11.2024
ՆԳՆ խնդիրը բացառապես քաղաքական իշխանությանն ամեն գնով պաշտպանելն է
prev Նախորդ նորություն

Ո՞ր տարածքն են հաջորդը սահմանազատելու Փաշինյանն ու Ալիևը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տարբեր կանխատեսումներ կան, թե հաջորդը որ տարածքն են «սահմանազատելու» Փաշինյանն ու Ալիեւը, այսինքն` որ տարածքից ենք հող հանձնելու: Մի մասն ասում է` Տավուշի, այսպես կոչված, անկլավներն են, մյուսները` Սոթքն ու Վարդենիսը, երրորդները` Սյունիքը: Երեկ մեզ ահազանգեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղից, ասացին, որ մերձակա դաշտերում չափագրողներ են տեսել: Իրենց ասել են, որ այս տարածքում Ադրբեջանը 12 պաշտպանական դիրք է պահանջում մեզնից, որը հանձնելու մասին խոստումն արդեն տրվել է:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական եւ ընդդիմադիր թեւերում ակնկալիքներ կային, որ երեկ Բագրատ սրբազանը շարժումը կուղղորդի դեպի խորհրդարան, որտեղ սկսվել են անցած տարվա բյուջեի կատարողականի հետ կապված հաշվետվություն-քննարկումները, որոնց մեկնարկին, ըստ օրենքի, պետք է մասնակցեր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Սակայն սրբազանն ուղղություն բռնեց դեպի ներքին գործերի նախարարություն՝ Վահե Ղազարյանից բացատրություններ պահանջելու մեկ օր առաջ Սարդարապատի հուշահամալիրում բերետավորների մասնակցությամբ՝ Վեհափառի նկատմամբ դրսեւորված խուլիգանական պահվածքի եւ ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների համար։ ՔՊ-ում երեկ ակտիվ քննարկում էին, որ սրբազանը, ըստ ամենայնի, խորհրդարան «կուղեւորվի» հունիսի 12-ին՝ այս նստաշրջանին ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ, որին, ըստ օրենքի, ներկա է լինելու նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նրանց գնահատմամբ, սրբազանը գործընթացները փորձելու է առաջիկա օրերին ակտիվացնել, որովհետեւ հետո շոգերը կընկնեն, եւ մարդկանց դժվար կլինի փողոց հանել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի փոխարեն երեկ ԱԺ բյուջետային քննարկումներին ներկայացած փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրինք՝ ինքը ՆԳՆ շենքի՞ց է եկել խորհրդարան, եթե այո, ապա ինչպե՞ս է ճեղքել սրբազան պայքարի մասնակիցների շարքերը, որոնք վաղ առավոտից շրջափակել էին ՆԳՆ շենքը եւ Վահե Ղազարյանի հետ հանդիպում էին պահանջում։ Ի դեպ, հենց այդ պատճառով էլ ՆԳ նախարարը չեկավ խորհրդարան, թեեւ նախապես ծրագրված էր, որ համակարգի ղեկավարն է ներկայացնելու իրենց հաշվետվությունը: Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ ՆԳ շենքից է դուրս եկել: Ինչպե՞ս` հետնամուտքո՞վ։ «Հետնամուտք չկա, մի մուտք է»,- փոխնախարարի փոխարեն պատասխանեց նրան ուղեկցող պաշտոնյան։


Իրականում փոխնախարարը հետնամուտքից է դուրս եկել, եւ դա է պատճառը, որ նրան ոչ մեկը չի նկատել: Նույնկերպ կարող էր վարվել նաեւ նախարար Վահե Ղազարյանը, սակայն նա նախընտրել է այդ պատրվակով ԱԺ չգալ: Կա՛մ իսկապես նրա օրերը հաշված են, եւ նա հեռանում է համակարգից, կա՛մ իսկապես որոշակի ապրումներ ունի վերջին իրադարձությունների, իր հայրենի Տավուշից հող հանձնելու կապակցությամբ: Ըստ որոշ լուրերի, նա մի քանի անգամ ցանկացել է դիմում գրել հեռանալ, Փաշինյանի հորդորով հետ է կանգնել մտադրությունից։ Սակայն լուրեր կան, որ Փաշինյանն էլ է հակված նրան փոխարինելու, անգամ ապագա պաշտոնն են նշում` Պետական պահպանության ծառայության ղեկավար, ինչը պաշտոնաթող անելուն համազոր է: Հայտնի է, որ ոստիկանական բռնի գործողությունները համակարգում են ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։


Ճի՞շտ է, որ Դուք եք համակարգում հակաիշխանական ցույցերի մասնակիցների դեմ վայրագությունները․ այս հարցին Սարգսյանը նետեց` ստահոդ լուրերին չեմ պատասխանում։ Ի՞նչն է ստահոդ, որ Դո՞ւք եք ղեկավարում, թե՞ որ վայրագություններ չկան: Հարցը մնաց անարձագանք։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները տարբեր պաշտոնական հանդիպումների ժամանակ՝ տետ-ա-տետ զրույցներում, միմյանց հուսադրում են, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն իրեն արդեն տապալել է: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումների ժամանակ բոլոր իշանականները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաճոյախոսում են, հայտարարում են, թե ինքը հուսալքվելու պատճառ չունի, քանի որ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս: Կառավարության մեր աղբյուրները եւս փոխանցում են, որ ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին զեկուցում են, որ շարժումը մարել է, ու մի քանի օր անց ոստիկանների ճնշման ներքո այլեւս մարդիկ փողոց դուրս չեն գալու: Բայց ասել, որ իշխանություններն անհանգիստ չեն Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումից սխալ կլինի, քանի որ ՔՊ խմբակցությունն ու հայրենի կառավարության ողջ կազմը ուշի-ուշով հետեւում են շարժման քայլերին: Ֆեյքային անդադար գրոհներ կազմակերպում Սրբազանի եւ նրան սատարողների նկատմամբ: Հույսը ոստիկանների բիրտ ուժ կիրառելն է, Սրբազանի հասցեին վարկաբեկող տեղեկություններ տարածելը, որն էլ կնպաստի, որ շարժումը փողոցում այլեւս չշարունակվի. իսկ այսօր Բագրատ Սրբազանը բոլորին կառավարության նիստի է հրավիրել, որը եւս մեկ մտահոգության առիթ է տվել հայրենի իշխանություններին: Կառավարությունը աննախադեպ ուժեղացրել է անվտանգությունը` կառավարության մոտ անկանխատեսելի բաներ թույլ չտալու համար»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն, Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, տապալել է 44-օրյա պատերազմի զեկույցի հրապարակումը. դրա աշխատանքները տեղում դոփում են: Այսպիսով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը, որը հենց Անդրանիկ Քոչարյանն էր ղեկավարում, իր վերջին նիստը հրավիրել էր նախորդ տարի՝ դեկտեմբերի 3-ին, արդեն շուրջ հինգ եւ ավելի ամիս է՝ ընթանում են ամփոփիչ զեկույցի նախապատրաստական աշխատանքները: Դեռ ամիսներ առաջ իր հարցազրույցներից մեկում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ մինչեւ մայիսի վերջ կներկայացնենք 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը»: Մայիսն արդեն ավարտվում է, բայց զեկույցից դեռ նորություն չկա: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր նաեւ, որ հանձնաժողովի անդամները մտադիր են եղել մինչեւ մայիս ավարտել աշխատանքները, որպեսզի զեկույցը հրապարակվի, սակայն Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ չեն հասցնի, շատ աշխատանք կա անելու:


«ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ իշխանականները ինչ նպատակի համար փորձում էին այդ զեկույցը ծառայեցնել, այն է՝ ընդդիմադիրներին ճնշելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու, դա չի հաջողվում: Այդ պատճառով էլ ձգձգվում է զեկույցի հրապարակումը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ԱԺ հանձնաժողովներում շարունակվելու են ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Խորհրդարան են գնալու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Մարդու իրավուքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ զեկույցը ներկայացնելու: Նշենք, որ ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան զեկույցները նախ քննարկվելու են հանձնաժողովներում, հետո արդեն ԱԺ քառօրյա նիստերում՝ կրկին վարչապետի, նախարարների եւ մյուս պաշտոնյաների մասնակցությամբ»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, երեկոյան ժամերին Հանրապետության հրապարակը դարձյալ մարդաշատ կլինի, բայց այս անգամ՝ ոչ հանրահավաքի տեսքով: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս անգամ հրապարակը «ամրագրել» է քաղաքապետարանը: Բանն այն է, որ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում երեկոյան 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը, որն, ի դեպ, ճանաչվել է տարվա լավագույն մանկական ներկայացում: Կան տեղեկություններ, որ քաղաքապետարանը բավական գումար է տրամադրել նոր բեմի, լուսային ու ձայնային ճոխ լուծումների համար: Մի շարք միջոցառումներ են նախատեսվում նաև մայրաքաղաքի այլ վայրերում, օրինակ՝ «Մանկական գրքի փառատոն»՝ Անգլիական այգում, ժամանցային տարբեր նախաձեռնություններ վարչական շրջաններում և այլն: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները քննարկում են հունիսի 1-ին քաղաքական բովանդակության գործողություններ չիրականացնել և օրը նվիրել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:


«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն մոտ մեկ ամիս բերետակիր ջարդարարների միջոցով ժողովրդի «հետևից ընկած» ՆԳ նախարար Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր նույն ժողովրդից: Հազարավոր հայրենակիցներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, եկել էին ՆԳ նախարարության շենքի մոտ՝ Վահե Ղազարյանին հանդիպելու: Բայց նա իր զուգահեռդասարանցու և ղեկավարի օրինակով «թռած» էր: Փոխարենը փողոցներում խմբակային խուլիգանություն անող «ոստիկանների» անմիջական շեֆն իջավ և փորձեց, ինչպես Բագրատ Սրբազանն արձանագրեց, «կիսագողական» կեցվածքով խոսել արքեպիսկոպոսի հետ: Դեռևս ՀՀ ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող Արամ Հովհաննիսյանը փորձեց նաև «կռուտիտ լինել», թե իբր «լակոտ» ասել է ոստիկանական մեքենաների անվադողերը ծակողներին:


Բայց այս անգամ արդեն ոչ թե 40 օր, այլ ընդամենը մաքսիմում 40 վայրկյան պահանջվեց՝ ապացուցելու համար, որ Արամ Հովհաննիսյանը հազարավոր հայ մարդկանց է վիրավորել, բառացի ասելով՝ «լակոտի պես փողոց են փակում»: Այն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր քաղաքական թիմին,այլև պետական ամբողջ համակարգն է ստախոս դարձրել, դրան անդրադարձել ենք: Բայց հարցեր կան: Օրինակ՝ 2018 թվականին այն անձը, որի հրամաններն ու օրինազանց քմահաճույքները հիմա կատարում է Հովհաննիսյանը, իշխանության է եկել հենց փողոց փակելով: Պե՞տք է ենթադրել, որ նրա որակումը վերաբերում է նաև այն ժամանակ բոլոր փողոց փակածներին: Այդ դեպքում զարմանալի է, որ նա դեռ շարունակում է պաշտոնավարել:


Ու, ընդհանրապես, ոստիկանությունը ոչ միայն վերածվել է մարդատյաց-ջարդարարների խմբավորման, այլև աչքի է ընկնում թույլիկագույն «կռուտիտներով», ու խոսքը միայն ցույցերի մասին չէ: Օրինակ՝ մայիսի 26-ի առավոտյան, երբ հայտնի էին դառնում Լոռիում ու Տավուշում ավերիչ հեղեղման հետևանքները, այդ թվում՝ մարդկանց զոհվելու, անհետ կորելու մասին տեղեկությունները, ՆԳՆ-ն «փայլատակեց»: ՆԳ նախարարի մամուլի խոսնակի միջոցով հայտարարություն հրապարակվեց, թե «կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ»: Ընդամենը մեկ ժամ անց, ցավոք, հաստատվեցին տեղեկությունները թե՛ զոհերի, թե՛ անհետացածների, թե՛ արգելափակվածների մասին: Հիմա ո՞վ էր «կեղծ լուրեր տարածում»:


Ըստ որում, բուն հեղեղումից դեռ օրեր անց էլ արգելափակված մարդիկ, բնակավայրե՛ր կան: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ուսանող-կամավորականների են հավաքագրում, որ աղետի գոտում աշխատանքներ իրականացնեն: Այդ անփորձ երեխեքին տանում եք այնտեղ, որ ի՞նչ անեն: Խնդրեմ, փողոցները լցրել եք բերետակիրներով ու անհասկանալի կերպարանքներով, որոնք զբաղված են հայ մարդկանց ջարդելով, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամանքով, որոնք հաճախ պարզապես փողոցային խուլիգանի պես են պահում իրենց: Այ, դրանց հավաքեք, տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ օգտակար գործ անեն: