22.11.2024
Հույսները միայն բիրտ ուժն է
prev Նախորդ նորություն

Բագրատ Սրբազանը կիրակի կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը մայիսի 18-ին հանդիպում էր ունեցել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ օրը կայացած փակ հանդիպումից: Այսպիսով, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները միակարծիք են եղել, որ ժամանակավոր կառավարության ձեւավորման դեպքում վարչապետի թեկնածուն պետք է հենց Բագրատ Սրբազանը լինի ու առաջարկել են կազմել այդ ամենը արձանագրող փաստաթուղթ եւ բոլորով ստորագրել այն: Այսինքն՝ թղթի վրա արձանագրեն, որ ապագա վարչապետը Բագրատ Գալստանյանն է, ու այդ փաստաթղթում բոլոր ներկաների ստորագրությունները դրվեն: Բագրատ Սրբազանը չի համաձայնել եւ որեւէ թուղթ չի ստորագրել: Հանդիպումից հետո Սրբազանը նաեւ հայտարարել էր, որ մինչ իր թեկնածությունն առաջադրելուն համաձայնություն տալը՝ պետք է Վեհափառի համաձայնությունը ստանա: Երեկ էլ հայտարարեց, որ արդեն կիրակի՝ մեծ հանրահավաքի օրը, կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը. այնպես որ, հետաքրքիր անակնկալներով լի հանրահավաք է սպասվում»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պարտիզանություն է անում եւ բոլորից գաղտնի է պահում առաջիկա ծրագրերը։ Խոսքը մայիսի 26-ի հանրահավաքի մասին է։ Սրբազանն առայժմ փակագծեր չի բացում՝ ասելով, որ միայն հանրահավաքի ժամանակ պարզ կդառնա, թե ով է շարժման վարչապետի թեկնածուն, եւ ինչ գործողություններ են նախատեսված առաջիկայում, ինչպես են հասնելու իշխանությունների հեռացմանը։ Նա անգամ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատում է շատ չքննարկել անելիքները։ Եվ այն մի քանի հոգուն, ովքեր տեղյակ են մանրամասներին, հանձնարարված է չգաղտնազերծել ծրագիրը։ Սակայն մենք տեղեկացանք, որ որոշ գործիչներ անգամ գրավոր առաջարկներ եւ ելույթի թեզեր են ներկայացրել սրբազանին, բայց ոչ ոք չգիտի, թե դրանցից որից կօգտվի նա եւ ինչ ելույթ կունենա, ի վերջո։ Ասում են՝ ամեն ինչ կախված է հավաքվածների քանակից եւ տրամադրություններից։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Բալասանյան դաշինք» խմբակցությունները հրաժարվել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցելուց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամները երեկ Շիրակի առաջնորդարանում հանդիպել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ: Մեր տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել Միքայել Սրբազանի նախաձեռնությամբ, որին մասնակցել են Գյումրու ավագանու ՀՀԿ եւ «Զարթոնք» խմբակցությունները: «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու երկու անդամները միայն չեն մասնակցել դրան, քանի որ քաղաքում չեն եղել. իսկ ՔՊ-ն եւ «Բալասանյան դաշինքը» հրաժարվել են: ՔՊ-ի դեպքում եթե սա նորմալ է, ապա իբրեւ ընդդիմադիր հանդիսացող «Բալասանյան» դաշինքի դեպքում այս երեւույթն անհասկանալի է. ինչո՞ւ է վախեցել:  Տեղեկացանք նաեւ, որ ավագանու ընդդիմադիր անդամները Միքայել Սրբազանի հետ քննարկել են երկրում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա ավագանու անդամները հայտնել են, որ սատարում են շարժմանը»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցից։ Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Քոհենին, պաշտոնապես հաղորդվեց՝ «քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր»: Քոհենը նաեւ Արմեն Գրիգորյանի հետ է հանդիպել։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան Հայաստան այցով փորձել է իր աջակցությունը հայտնել գործող իշխանություններին՝ ներքաղաքական վայրիվերումների այս փուլում, եւ ցույց տալ, որ իշխանափոխությանն արտաքին աջակցություն, ի դեմս ԱՄՆ-ի, այս պահին չկա։


Սովորաբար գերտերությունների հատուկ ծառայությունների ղեկավար կազմի այցերն այլ երկրներ չեն լուսաբանվում, եթե դրանց հիմքում քաղաքական հաշվարկներ չկան, սակայն այս դեպքում պաշտոնական հաղորդագրություն եւ անգամ լուսանկար տարածվեցին։ Պատահական չէ, որ ԱՄՆ պաշտոնյայի այցից հետո ՔՊ-ականների մոտ տրամադրություններ փոխվեցին։ Ընդամենը մեկ օր առաջ՝ մայիսի 20-ին, ՔՊ խմբակցության փակ նիստում ֆրակցիայի ղեկավարությունը պատգամավորներին հիշեցրել էր սրբազան շարժման վերաբերյալ հրահանգը, որ պետք է զուսպ լինել, չծաղրել, չցինիկանալ, իսկ մեկ օր անց մեկնարկող քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, «քլնգում» էին շարժումն ու առաջնորդ Բագրատ սրբազանին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Թուրքիայի սահման` Մարգարայի անցակետ է ուղեկցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին եւ ներկայացրել է, որ սահմանային անցակետը պատրաստ է` «սպասարկման սրահ, խոր զննման անգար, բեռների ձեւակերպման համար տաղավարներ եւ պահեստ, ավտոկայանատեղիներ, բարեկարգ հրապարակ, միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ՝ տեխնիկական սարքավորումներով»։ Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ Ադրբեջանի բոլոր պահանջները չկատարվեն, չի բացվելու: Բայց, դատելով ՀՀ իշխանությունների ոգեւորությունից եւ ԵՄ դեսպանի հետաքրքրվածությունից, այդ օրը հեռու չէ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ձախողել է իրեն վերապահված ոլորտը, բազմիցս ենք անդրադարձել. ու որքան երկար է նա աշխատում այդ պաշտոնում, այնքան ավելի է ձգվում ձախողումների շարքը։ Հերթական ձախողումը կապված է առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հետ։ Այս տարվա հունվարին նախարարը հայտարարեց, թե 2024 թ. հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը: Նշեց, որ այն կիրագործվի փուլերով. սկզբում պետպատվերի շահառուները կներառվեն համակարգում: «Նրանք մինչեւ 18 տարեկան երեխաներն են, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք են կամ ֆունկցիոնալության այդ աստիճաններն ունեցող քաղաքացիները, եւ ունենք մի շարք այլ խմբեր», – մանրամասնել էր նա։  Բայց, պարզվում է՝ մինչեւ հիմա ընդունված չէ այս ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը. այն անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել։


Իսկ երեկ էլ Ավանեսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին, թե առաջին փուլի մեկնարկը երբ է նախատեսված, ասել է. «Քանի որ սա օրենսդրական մեծ փաթեթ է, շատ դժվար է դրա ընդունման ժամկետները հստակ սահմանել, որովհետեւ դեռ ԱԺ-ում պետք է քննարկումներ տեղի ունենան, եւ նախագծի շուրջ ԱԺ-ում էլ թե՛ հանրային լսումներ կլինեն, թե՛ կլինեն նաեւ պատգամավորների կողմից որոշակի առաջարկներ»։ Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ համակարգն այս տարվա հուլիսից չի մեկնարկի, ինչպես խոստացել էր նախարարը: Նաեւ ասում են՝ այս համակարգի ներդրման հետ կապված խնդիրներ կան. Նիկոլ Փաշինյանն էլ նախորդ նիստին ասել էր. «Քննարկումների արդյունքում՝ ամենամեծ մտավախությունն այն է, որ մենք, կարող է, ծավալների մասին պատկերացում չունենք, որ, կարող է, մտնենք այդտեղ եւ պարզվի, որ բեռն այնքան մեծ է, որ անգամներով տարբերվում է մեր պատկերացումից: Հիմա այս մեխանիզմով մենք փուլ-փուլ հասկանում ենք, թե ինչ ծավալի հետ գործ ունենք»։


Եթե ծավալների մասին պատկերացում չունեն, եթե օրենսդրական փաթեթը մինչեւ հիմա անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել, եթե ի սկզբանե պարզ էր, որ սա շատ մեծ գործընթաց է, ինչպե՞ս էր Ավանեսյանը կոնկրետ ժամկետներ խոստանում. թեեւ դրա պատասխանն ունենք՝ ոլորտին չտիրապետող, մասնագիտությամբ իրավաբան նախարարը պատկերացում չունի հավանաբար առողջապահության համակարգի մասին, ռիսկերի մասին, այդ իսկ պատճառով էլ ականատես ենք լինում նման իրավիճակի. ու քանի որ նա ակտիվ ՔՊ-ական է, կուսակցության բոլոր միջոցառումների մասնակից, թերեւս դրա համար էլ շարունակում է պաշտոնավարել: Այլ բացատրություն դժվար է գտնել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները զայրույթի նոտա են ուղղել ԲԴԽ ղեկավար կազմի վրա։ Մասնավորապես՝ քաղաքական իշխանությունները հասկացրել են, թե ինչպես ստացվեց, որ պատգամավոր Լևոն Քոչարյանի ընկեր, հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին, իշխանությունը զավթելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվում, ու դատարանը ազատ է արձակում նրան: Ավելին՝ ինչպես կարող են Նիկոլ Փաշինյանի մասին վատ արտահայտություններ հնչեցրած Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանքից ազատ արձակել։ Այսինքն՝ կայացվել են որոշումներ, որոնք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճաշակին չեն համապատասխանում, որոնք պետք է ունենան կոնկրետ հետևանքներ: Իհարկե, զայրույթի սլաքները ուղղված են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, թե ինչ հետեւանք կունենա նրա համար, ցույց կտան զարգացումները»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հոնվարին մամուլը գրել էր, որ ՆԳՆ փոխնախարարի պաշտոնյա ամուսինը չի հայտարարագրել իր բաժնեմասը։ Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, 2022 թվականի հունիսի 28-ին նշանակվել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդական, իսկ 2022թ. հոկտեմբերի 12-ին նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական՝ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուց 5 օր անց։


Արշակ Վարդապետյանը 2018 թվականի ապրիլի 12-ին հիմնադրել է «Արմոթորս» ՍՊԸ-ն, որը, պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, զբաղվում է մանրածախ առեւտրով, բայց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Վարդապետյանին, որի մասին նա չի նշել իր հայտարարագրում։ Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության հիման վրա, հայտարարագրված տվյալների ստուգման արդյունքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է իրականացնել Արշակ Վարդապետյանի եւ Արփինե Սարգսյանի կողմից ներկայացված արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի վերլուծություն։ Վերլուծության արդյունքում արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ հանձնաժողովն Արշակ Վարդապետյանից եւ Արփինե Սարգսյանից հայցել է պարզաբանում։


Ստացված պարզաբանումների գնահատման արդյունքում՝ հանձնաժողովը որոշել է, որ Արշակ Վարդպետյանի եւ Արփինե Սարգսյանի գույքային դրության վերաբերյալ ներկայացված տվյալների արժանահավատության եւ օրինականության վերաբերյալ կասկածներ առկա չեն եւ թույլատրել է Արշակ Վարդապետյանին հայտարարագրված տվյալներում կատարել փոփոխություն։ Իհարկե, եթե այս տեղում լիներ ընդդիմադիր որեւէ գործիչ կամ քաղաքական դեմք, դժվար թե նույն հանձնաժողովը խույս տար վարույթ նախաձեռնելու գործընթացից, ընդհակառակը…»։