Հայտնի անձն ասել է, նկատի ունենալով եկեղեցուն, որ «Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում ազդեցության գործակալ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Պատմության մասին բացարձակ անտեղյակություն, տգիտությունը մանիպուլյացիայի աստիճանի հասցված։
Բացատրեմ, թե ինչու էին հայ եպիսկոպոսները գնում Կեսարիա օծվելու։
Այն ժամանակ, քրիստոնեական աշխարհում, կար 6 նվիրապետական աթոռ’ Ալեքսանդրիա, Հռոմ, Եդեսիա, Կեսարիա, Երուսաղեմ եւ Անտիոք, հետագայում դրանց միացավ Կոնստանդնապոլիսը։
Նվիրապետական աթոռներ էին կոչվում այն կենտրոնները, որտեղ քարոզել են Հիսուսի աշակերտները եւ այնտեղ կային Սուրբ նշխարներ։ Միայն այդտեղ էին կարող եպիսկոպոսներ օծվել, այդ աթոռների առնվազն երեք եպիսկոպոսների կողմից։
Կոնստանդնապոլսն այդ չափանիշներին չէր բավարարում, բայց քանի որ մայրաքաղաք էր, մեծ դժվարությամբ, հետագայում, նվիրապետական աթոռի կարգավիճակ է ստանում։
Այդ աթոռներից որեւէ մեկում եպիսկոպոս օծվելը պարտադիր էր ողջ քրիստոնեական աշխարհի համար’ Բրիտանիայից, մինչեւ Կովկաս։ Այնպես որ, Կեսարիայում հայ եպիսկոպոսների օծվելը (մի մասը հայ էլ չէր, ասորիներ էին), պարտադիր պայման էր, նաեւ’ բոլորի մյուս քրիստոնյաների համար։ Գրիգոր Լուսավորիչն էլ Կեսարիայից էր, առնվազն մայրը հույն էր, հոր պահը չքննարկենք, հարցեր կան։
Այն ժամանակ ոչ միայն Հայաստանի, այլ առհասարակ, բոլոր քրիստոնյա տերությունները մասնակի էին անկախ, բոլորը Հռոմի (Բյուզանդիայի) կայսեր հպատակներին էին (’երկնքում մեկ Աստված, երկրում մեկ կայսր" բանաձեւով), այս, կամ այն սուվերենության մակարդակով եւ եպիսկոպոսները չէին կարող ազդեցության գործակալ լինել ըստ սահմանման, որովհետեւ անգամ արքաներն, ի պաշտոնե, կայսեր հպատակներն էին, այդ թվում նաեւ Պապ արքան (արքան հունարեն արխոնտն է’ հայերեն արտասանությամբ, այդ տիտղոսը նշանակում է կայսեր վասալ, բարձր ինքնավարությամբ), իսկ Արեւմուտքում կայսեր վասալներն էին ռեքսերը, որը հետո դարձավ royal.
3 Ինչ էր Պապ թագավորի արածը’ Հռոմի ազդեցությունից Պարսկաստանի ազդեցության տակ մտնելը, ինչի համար պետք էր եկեղեցին հանել Հռոմի ազդեցության տակից։ Առավել եւս, արդեն կար ասորական (կամ պարսկական) եկեղեցու նախադեպը։ Պապը փորձում էր խաղալ Հռոմի եւ Պարսկաստանի հակասությունների միջեւ, իր սուվերենության աստիճանը որոշակիորեն բարձրացնելու համար (ավելի հավանական’ Պարսկաստանի ճնշման ներքո), ինչի համար պատժվեց։
Փաստորեն, ողջ կաթոլիկ աշխարհի հոգեւորականներն իրենց երկրների դեմ աշխատող գործակալներ են, քանի որ ենթարկվում են Վատիկանին։ Տեղեկացնենք խեղճ ու անֆայմ լեհերին եւ հունգարներին, որ ազատվեն իրենց գործակալ կարդինալներից, իրենք դա ինքնուրույն չեն հասկանում։
Հ.Գ. Որքան անպատասխանատու ու ինքնահավան տգետ պետք է լինի մարդը, որ 4-րդ դարի իրողությունները բերի 21-րդ դար ու մեղադրի մի ողջ ինստիտուտի, 1600 տարվա կտրվածքով:
Հ.Գ. Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք"։