VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից հետո ՔՊ ղեկավարությունը նկատողություն է արել նրան, որ երեկվա իր ելույթով` ընդդիմադիրների պորտը տեղը դնելով, ավելի շատ վնասում, քան աջակցում է իշխանություններին։ Հիշեցնենք. Սուքիասյանը երեկ խորհրդարանի ամբիոնից ուղիղ տեքստով սպառնում էր ընդդիմությանը. «Եթե չափը չճանաչեն, կա՛մ կհայտնվեն բանտում, կա՛մ կմահանան, կա՛մ կունեզրկվեն», ինչպես եղել է նախկինում։ Երեկ Սուքիասյանն ավելի ուշ սրբագրեց ելույթը՝ լրագրողներին հայտարարելով, որ ոչ թե սպառնացել է, այլ ասել է․ «Բա որ մենք էլ անենք»։
ՔՊ-ում նրա երեկվա ելույթի բացատրությունն ունեին, ասում էին, որ նա «կասկածյալների» շարքում է, ովքեր կարող են լքել իշխանական նավը եւ հայտնվել բարիկադների մյուս կողմում, եւ Սուքիասյանը փորձել է փարատել այդ կասկածները` իր հավատարմությունը հայտնելով Նիկոլ Փաշինյանին։ Ի դեպ, ՔՊ-ում Սուքիասյանի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք կա: Ոմանք կարծում են, որ նա իրենց «վերեւից է նայում», «նիստերին դասատուի դեր է ստանձնում», չի գրանցվում հարցեր տալու կամ ելույթներ ունենալու համար, իսկ վերջում արտահերթ ելույթի ձայն է խնդրում՝ նյարդայնացնելով իրենց։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկու օր է՝ Կիրանցում մարզային ուժային կառույցների ղեկավարների եւ մարզպետարանի աշխատակիցների միջոցով իշխանությունը բացատրական աշխատանքներ է տանում գյուղացիների հետ, համոզում, որ ստորագրեն փոխհատուցման առաջարկով փաստաթղթերը: Իսկ ովքեր ընդունել են, համոզում են, որ իրենք ձեռնամուխ լինեն մերժողներին համոզելուն։ Գյուղացիները պատմեցին, որ կիրանցեցիներին իրենց տներից դուրս գալ համոզողներից ամենաակտիվը վարչական ղեկավար Կամո Շահինյանի որդին ու եղբորորդին են Մարդկանց տողատակերով սպառնում են՝ եթե չհամաձայնեն՝ չստորագրեն փոխհատուցման թղթերը, միեւնույն է` իրենց սեփականությունը կճանաչվի հանրային գերակա շահ։
Երեկ գույքագրվել էր ընդհանուր 54 գույք՝ 38 սեփականատիրոջով։ Գյուղացիները նախօրեին, մինչեւ ուշ գիշեր եւ երեկ ողջ օրը գյուղապետարան են ելումուտ արել: Բայց նրանց փոխհատուցման հստակ չափ չի ասվել: Տների համար բանավոր հնչում է 16 մլն դրամից ավելի՝ կախված գույքից, իսկ հողատարածքների համար հստակություն դեռ չկա։ Կիրանցեցիները հույժ գաղտնապահություն են դրսեւորում՝ չեն ասում, թե քանիսն են համաձայնել փոխհատուցման առաջարկին, քանիսն են դեմ:
Համայնքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ 5 անձ համաձայնել է, որոնց թվում կան նաեւ մարդիկ, ովքեր Կիրանցում չեն ապրում` ինչ-որ սեփականություն ունեն: Նրանք եկել են գյուղ, ընդունել փոխհատուցման առաջարկն ու կրկին հեռացել։ Գյուղում նաեւ ժամանակավոր ապաստարաններ են կառուցվում, քանի որ վերջնաժամկետ է տրված մինչեւ հունիսի 24-ը, եւ մինչ այդ 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին: Բացի այդ 2 տնից, նաեւ 3 դոմիկ, 1 լցակայան են անցնելու, 5-6 տուն էլ անմիջապես հայտնվելու է սահմանագծին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով ցանկանում են ընդլայնել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի լիազորությունները, որպեսզի նա այսուհետ կարողանա քննիչին փոխել գործի վարույթից: ՔՊ շրջանակից, անանուն մնալու պայմանով, երեկ մեզ պատմեցին, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին այդ նախագիծը ներկայացնելու հանձնարարությունը տվել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան՝ դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Իրականության հետ աղերս չունեցող եւ մտացածին «լուրերը» Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում»:
Բայց փաստ է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի, ապա եւ լիագումար նիստերի ընթացքում դատախազի տարեկան հաղորդումների ժամանակ Արփի Դավոյանը շնորհակալությունների տարափ էր հորդեցնում Աննա Վարդապետյանի հասցեին: Եվ այդ «շնորհակալություններից» հետո ԱԺ քննարկմանը ներկայացվեց դատախազին ձեռնտու նախագիծ՝ նույն Դավոյանի կողմից: Պատահականությո՞ւն. դժվար է հավատալ. բայց Արփի Դավոյանը մեր հարցերին չի պատասխանում, որ մանրամասները իրենից էլ ճշտեինք:»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՔՊ իշխանության գալը՝ ՀՀ Սահմանադրությունից մեզ հայտնի էր, որ ընտանիքը հասարակության բջիջն է։ Այս նորմը վերջին տարիներին հետ է մղվել` տեղը զիջելով՝ «ընտանիքը կառավարության բջիջն է» թեզին, քանզի ՔՊ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչների կանայք, քույրերը, եղբայրները եւ նման այլ անձինք, տեղավորվել են պետական ֆինանսավորմամբ կառույցների տարբեր հաստիքներում։ Բացառություն չէր մայիսի 22-ին արտաքին հետախուզության պետի տեղակալ նշանակված Արման Բոշյանը: Տեղեկացնենք, որ տեւական ժամանակ գործազուրկ մնացած նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, իհարկե կառավարության աշխատակից է. նա փոխվարչապետի օգնականն է, տարեկան 7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում: Իհարկե, Բոշյանների համար եւս, անվիճելի, «ապագա կա»»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, այս տարի՝ ապրիլի 30-ի դրությամբ, պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով 12 մլրդ 70 մլն դոլար։
Սա ռեկորդային թիվ է, սակայն վատ առումով ռեկորդային. այն ողբալի ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության համար։ ՎԶԵԲ տարեկան հանդիպման, գործարար համաժողովի եւ ֆորումի ընթացքում, երբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, որ Հայաստանը գրանցել է 30% տնտեսական աճ։ Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի՝ այս երեւույթը տնտեսության մեջ անվանում են «փրփուր», եւ «փրփուրների» ավելացմամբ տնտեսական աճով հպարտանալ պետք չէ։
Ստացվում է, որ փրփուրներից կախված Նիկոլ Փաշինյանը, որը նախկիններին մեղադրում էր պետական պարտքի հաշվին հարստանալու մեջ, այսօր ե՛ւ մասնատում է Հայաստանը, ե՛ւ կուտակել է ահռելի պետական պարտք ու շարունակում է կուտակել՝ միաժամանակ հարստացնելով թիմակիցերին: Հարկ է նշել, որ ֆինանսների նախարարության ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ 2020 թվականի կեսերից Հայաստանի ՀՆԱ-ն կայուն անկում է գրանցում, եւ, ըստ տնտեսագետների, Հայաստանի տնտեսական աճի դինամիկան պահում են միայն առեւտուրը եւ առեւտրաշրջանառությունը, որի դադարը ճակատագրական կլինի Հայաստանի համար։»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու անդամներին այսուհետ կարգելվի աշխատել որպես հանրային ծառայող: Խորհրդարանը մայիսի 22-ի նիստում ընդունել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը: Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է, որ ավագանու անդամները չեն կարողանա այլեւս համատեղել իրենց պաշտոնը հանրային եւ հանրային ծառայության պաշտոնների հետ: Շեշտենք, որ համապատասխան փոփոխությունները եւ սահմանափակումները կազդեն արդեն նոր ընտրությունների արդյունքում ձեւավորված ավագանու անդամների վրա, բայց ավագանու գործող անդամների վրա չեն տարածվի: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ ավագանու իրենց պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ են զբաղվում: ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից իշխանական ավագանու անդամներին մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ էին տվել. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեին, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։
Փետրվարի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունում տեղի էր ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ, եւ մասնակիցները եկել էին եզրահանգման, որ ավագանու ՔՊ անդամները պետք է «համաներվեն»: Նրանք էին՝ ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը, որ համատեղությամբ նաեւ անտառային կոմիտեի նախագահն է, Նատալյա Սինորյանը, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը, որ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Զինա Չալիկյանը, որ ԱԺ նախագահի ռեֆերենտն է, եւ Լեւոն Լեւոնյանը, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է նաեւ: Կարճ ասած՝ այն, ինչ հիմա կարելի է ՔՊ-ականներին, արգելվելու է ապագայում բոլորին:»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս տարեսկզբին տեղեկացրել էինք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում 13-րդ ամերիկյան բիոլաբորատորիան բացելու վերաբերյալ: Նշել էինք նաև, որ, ըստ տարբեր աղբյուրների, դա տեղակայվելու է Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի անմիջական հարևանությամբ: Այս թեման բավական բուռն քննարկման առիթ դարձավ տարբեր հարթակներում, եղան բազմաթիվ տեսակետներ, հնչեցին լուրջ անհանգստություններ: Օրերս էլ թեմայի շուրջ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը զրուցել է քաղաքագետ Արման Ղուկասյանի հետ: Վերջինս հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի տարածքում գործող 12 բիոլաբորատորիաները, որոնց թիվը շուտով մեկով կավելանա, տարօրինակ պատահականությամբ տեղակայված են ՀՀ բոլոր մարզերում, բնակելի թաղամասերի մոտ: «Նույն Գյումրիում, օրինակ՝ դպրոցի հարևանությամբ: Եվ այնտեղ տեղի ունեցող գործընթացները մշտապես փակ են եղել հայ հասարակության համար, մինչդեռ ռազմավարական օբյեկտները, հայտնի է, պետք է տեղակայված լինեն բնակելի թաղամասերից, դպրոցներից ու մանկապարտեզներից զգալի հեռավորության վրա»,-նշել է Ղուկասյանը:
Վերջին տարիներին Վրաստանում ու Հայաստանում հաճախակի են դարձել կարմրուկի դեպքերը, Հայաստանում՝ նաև խոզերի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի դեպքերը։ Կա մասնագիտական տեսակետ, որ հատկապես կորոնավիրուսից հետո շատ են խոսակցություններն այն մասին, որ կարմրուկի տարածումը արհեստական ծագում ուներ, և չի բացառվում, որ նման բիոլաբորատորիաներում ծնված լինի: ՀՀ-ում էլ վերջին շրջանում տարատեսակ հիվանդություններ են գլուխ բարձրացրել: Այդպես, 2007 թ.-ից հետո առաջին անգամ նման աճ ունենք՝ 2023 թ. դրությամբ ՀՀ-ում կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է, այլ վիրուսային հիվանդություններ ևս գլուխ են բարձրացրել:
«Վաղուց ապացուցված է Վրաստանի բիոլաբորատորիայի օրինակով, որ այնտեղից տարբեր շտամերի, վիրուսների արտահոսքեր են եղել: Այնպես որ՝ այո, կարելի է պնդել, որ հենց բիոլաբորատորիաների ստեղծման, դրանց շատացման արդյունքում վիրուսներ են տարածվում՝ նույն խոզի գրիպը, սիբիրյան խոցը և այլն: Այս առումով կա կոնկրետ հստակություն, որ բիոլաբորատորիաները նպաստում են վիրուսների տարածմանը, քանի որ այնտեղ տարբեր վիրուսներ են գործարկվում, փորձարկումներ են արվում, այնպես որ, վաղուց ապացուցված է, որ կապը շատ ուղիղ է»,-ասում է Ղուկասյանը: Որպես ամփոփում՝ Արման Ղուկասյանը շեշտում է, որ բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում, «որոնք էլ ավելի են ուժգնանում, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, մատների արանքով են այս ամենին նայում»: