Ուղիղ տասը տարի առաջ ստեղծեցինք եզակի, ոչ ֆորմալ փորձագիտական հարթակ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը: Այն ժամանակ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը թափ էր հավաքում և մենք դարձանք ահռելի եվրասիական ինտեգրացիոն տարածքի առաջին նման հարթակը, որտեղ պատշաճ և արժանավայել գիտափորձագիտական մակարդակով վերլուծվում էին ծավալվող տնտեսական և դրան հարող սոցիալական և մշակութային հումանիտար ոլորտները: Այս մասին, ելույթ ունենալով Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ ամենամյա ժողովի շրջանակում «Հայաստանը ԵԱՏՄ—ում: եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» գիտաժողովում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
"Այն ժամանակ, 2014թ. մայիսին Աստանայում ԵԱՏՄ գագաթաժողովի նախօրեին մենք հայտարարեցինք, որ մեր նպատակն է դրական լիցք հաղորդել Հայաստանի, Ռուսաստանի և մեր ընդհանուր ինտեգրացիոն տարածքի մյուս բոլոր երկրների տնտեսական համագործակցությանը: Անցած տասը տարիների ընթացքում մեր առաջատար մասնագետները մասնակցել են Մոսկվայում, Մինսկում, Աստանայում, Ալմաթիում, Բիշկեկում և այլ երկրների խոշոր գիտական կենտրոններում անցած համաժողովների և հարստացրել են մեր հաջողությունների ընդհանուր գանձանակը: Այսօր մեր մասնագետներին լավ ճանաչում են տնտեսական ինտեգրացիոն տարածքի երկրների գործընկերները և ես, կցանկանայի հատուկ նշել, որ միջին սերնդի և երիտասարդ մեր անդամները շատ պահանջված են այդ երկրների գիտական և հասարակական հաստատությունների կողմից",- ասաց նա:
Նրա խոսքով, վերջին մի քանի տարիներին իրենք նոր տարրեր են մտցրել փորձագիտական գործունեության մեջ: "Բոլորը լավ գիտեն, որ Եվրասիական փորձագիտական ակումբը տարին երկու անգամ, օգոստոսին և փետրվարին հանդես է գալիս հրապարակային զեկույցներով հատուկ մամուլի ասուլիսներում, որտեղ ամփոփվում են կիսամյակի և տարվա արդյունքներով Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները: Մանսավորապես, այս տարվա օգոստոսին մենք ծրագրում ենք նման արդեն 11-րդ զեկույցով ԵԱՏՄ անդամության համատեքստում խոսել Հայաստանի տնտեսական վիճակի մասին: Իսկ վերջին երեք տարիների նորությունն այն էր, որ տնտեսական ակտիվության աճի գործակցի և ՀՆԱ-ի վերաբերյալ մեր կանխատեսումները շնորհիվ անկախ և որակյալ վերլուծության իրականություն են դարձել: Դա հանգեցրել է հայկական և ռուսական ԶԼՄ-ների կողմից հետաքրքրության աճին և մեր հետազոտությունների նյութերը իրենց կանխատեսումներով դարձել են սպասված երևույթ մեր գիտափորձագիտական իրականության մեջ",- ասաց Սաֆարյանը:
Վերլուծաբանը շեշտեց՝ այսօր մենք գիտենք, թե ինչպես է զարգանու ԵԱՏՄ մինչև 2045թ:
"Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացի զարգացման այդ հիմնական ուղղությունները լուրջ հույս են ներշնչում, որ դա կդառնա հիմք ոչ միայն տնտեսական, այլև լուրջ սոցիալական զարգացման համար: Ճիշտ է, եվրասիական տնտեսական ինտեգրման պարագայում մենք պետք է ընդունենք, որ մեր հասարակությունները թույլ են տեղեկացված և քիչ են հետաքրքրված ընթացող գործընթացներով: Նույն մտահոգությունն ունեն նաև մեր գործընկերները Ռուսաստանում և այլ երկրներում: Հայաստանի հաջողությունները ԵԱՏՄ-ին մասնակցության գործընթացում ընկալվում են մեզանում իբրև ինքնստինքյան հասկանալի իրողություն: Չնայած, պետք է ընդունել նաև, որ գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ են հետաքրքրվում եվրասիական ինտեգրման մանրամասներով և հեռանկարներով: Մեր հրատարակությունները միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով շատ արագ են տարածվում ընթերցողների միջավայրում: Այս ամենը թույլ է տալիս մեզ պնդել, որ Եվրասիական փորձագիտական ակումբը մտնում է իր գոյության երկրորդ տասնամյակը լուրջ հաջողություններով վերլուծության և փորձագիտական ոլորտներում և մենք պատրաստ ենք լուծելու ավելի բարդ խնդիրներ, այդ թվում այլ երկրների ներկայացուցիչների հետ համագործակցության միջոցով",- հավելեց Սաֆարյանը: