Ոստիկանը մեքենայով հարվածել է լրագրողին, վերջինս բժշկական կենտրոնում է
Այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները, վերջին օրերին իրենց բնորոշ վարքագծին հավատարիմ մնալով, բռնություն են կիրառել ոչ միայն ակցիա իրականացնող երիտասարդների ու քաղաքացիների նկատմամբ, այլ նաև լրագրողների, մասնավորապես՝ վնասվածք է ստացել MediaHub-ի լրագրող Նարե Գևորգյանը:
"Ոստիկանական մեքենան միտումնավոր քշել է լրագրողի վրա վերջինիս կողմից իր պարտականությունները իրականացնելու ժամանակ, ընդ որում՝ հետիոտնային անցման վրա և ակնհայտ է, որ այս գործողության մեջ միտում կա, քանզի փողոցը այդ պահին բավականին տեսանելի էր։
Նարե Գևորգյանն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում, նրան հետազոտում են: Նրա առողջական վիճակի մասին տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ:
Խիստ դատապարտում ենք ոստիկանների բիրտ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում նաև լրագրողների նկատմամբ և վերստին հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձագ աշխատակիցներին ու ոստիկանի կոչումն ու համազգեստը խայտառակող սույն անձնավորությանը պատժի հրավիրեք",- ասված է MediaHub-ի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները: Առավոտվանից փողոցներ են փակվում, ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկում: Ժամը 10.00-ի դրությամբ ՆԳՆ-ն հայտնել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 38 քաղաքացու բերման ենթարկելու մասին: