Երևանի և Աստանայի միջև հարաբերությունների զարգացման նոր հանգրվան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, որի ընթացքում հանդիպումներ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին Տոկաևը հայտարարել է, որ Հայաստանը Ղազախստանի շատ կարևոր և հուսալի գործընկերն է Հարավային Կովկասում, և պետությունների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխօգնության վրա: Կողմերի ընդհանուր նպատակը նա անվանել է երկկողմ հարաբերությունների ակտիվացումը և նշել, որ Երևանի և Աստանայի շահերը համընկնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության տեսանկյունից:
«Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացմամբ, ուստի այսօրվա այցն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի», - ասել է Տոկաևը՝ ընդգծելով, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Ակտիվ նկատելի է նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Վերջին 5 տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն աճել է, սակայն ամբողջ ներուժը չի գործի դրվել (Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 104 մլն դոլար՝ 2022 թվականի ցուցանիշների համեմատ ավելանալով 2,4 անգամ)։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանումը հասցնել 350 մլն դոլարի։
«Ես Հայաստանին առաջարկել եմ մի շարք համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնել։ Սա հատկապես արդիական է այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այդ ուղղությամբ աշխատանքը գտնվում է միջկառավարական հանձնաժողովների ուշադրության կենտրոնում", - հավելել Է Ղազախստանի նախագահը։
Տոկաևը Հայաստանն անվանել է բարեկամ երկիր և առաջարկել Երևանին ու Բաքվին բանակցություններ վարել Ղազախստանում՝ այդ գործընթացում Աստանայի առավելագույն աջակցությամբ. Մեր հիմնական խնդիրն է մերձեցնել մեր բարեկամ երկրները, ճանապարհ բացել դեպի անխախտ բարիդրացիական հարաբերություններ, խաղաղություն և կայուն զարգացում տարածաշրջանում:
Բանակցությունների արդյունքում Տոկաևը և Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն: Պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է նաև 10 փաստաթուղթ, որոնցից արժե առանձնացնել. 2006թ. համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին ավիացիայի բնագավառում համագործակցության հուշագիր, Արմավիր և Մանգիստաու մարզերի միջև համագործակցության հուշագիր, Վանաձոր և Շիմքենթ քաղաքների միջև համագործակցության և եղբայրացման հուշագիր, զբոսաշրջության ոլորտում համագործակցության ծրագիր, 2024-2025թթ. առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիր, Երևանի և Աստանայի միջև համագործակցության և քույրացման հուշագիր:
Երևան այցից առաջ Տոկաևը հարցազրույց է տվել հայկական լրատվամիջոցներին, որտեղ խոսել է Կասպից ծովով Արևելքն ու Արևմուտքը կապող տրանսպորտային ուղիների կարևորության մասին: Նրանց պահանջարկն աճում է, համապատասխանաբար, մեծանում է Հարավային Կովկասի նշանակությունը, ուստի «խաղաղության խաչմերուկ» նախագիծն արժանի է ուշադրության։ Նրա կարծիքով՝ հայկական մտահղացումը հնարավոր է իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանով։
«Տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարեւոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ... Ցանկանում եմ նշել, որ Ղազախստանի և Հայաստանի միջև փոխադրումներն այսօր իրականացվում են հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով, ինչն էապես սահմանափակում է մեր հնարավորությունները», – ընդգծել է Տոկաևը:
Հայաստանի նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երեւան՝ նշելով, որ բանակցությունների արդյունքները ամուր հիմք են ստեղծում երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար և միջպետական հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացնում:
Իսկապես, նախագահ Տոկաևի այցը Երևան պատմական է, իսկ երկու երկրների միջև կապերը միայն կամրապնդվեն: