Մորիկոնեի հավերժական մեղեդիներն ու գրավիչ մշակումները կհնչեն Երևանում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 26-ին ժամը 19:00-ին «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնին հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու մշակութային սահմանները չեղքող անմոռանալի համերգ։ Առաջին անգամ Հայաստանում #MoricconeConductsMorricone խորագրի ներքո կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները։ Մորիկոնեի հավերժական մեղեդիներն ու գրավիչ մշակումները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ և կոմպոզիտորի որդու՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ։
Բացառիկ ու շքեղ երեկոյին միանալու է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Գրեթե վեց տասնամյակ հարուստ պատմություն ունեցող երգչախումբը միջազգային ճանաչում է ստացել Կոմիտասի, հայ դասական կոմպոզիտորների և համաշխարհային վարպետների ստեղծագործությունների անթերի կատարմամբ:
Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի, արժանացել հեղինակավոր տիտղոսների և բազում մրցանակների։ Երգչախմբի երգացանկը մշտապես գերել է հանդիսատեսին ամբողջ աշխարհում և արժանացել է գովասանքի այնպիսի հեղինակավոր պարբերականների կողմից, ինչպիսիք են Le Figaro, The New York Times, The Boston Globe, Le Monde, The Independent, Paris Match, Meridional, Los Angeles Times, Macedonia, Le Soir, La revue du Liban, Le provencal։
Roma Sinfonietta նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի միջև այս պատմական մշակութային համագործակցությունը խոստանում է համերգը վերածել անզուգական երաժշտական իրադարձության՝ հանրաճանաչ կոմպոզիտորի ստեղծագործությունները հանդիսատեսին ներկայացնելով գեղարվեստական նորարարությամբ ու հետաքրքիր լուծումներով: