2023 թվականին ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից գրանցվել են դրական տեղաշարժեր: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2023 թվականին առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ում կազմել է 7 մլրդ 616 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 43 տոկոսով: 2023 թվականին արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 3 մլրդ 609 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2022 թվականի համեմատ աճել է մոտավորապես 41 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 25-ի արտահերթ նիստում:
Քննարկվել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
Ըստ էկոնոմիկայի նախարարի` 2023 թվականին ՀՀ առեւտրաշրջանառությունը ՌԴ հետ կազմել է 7 մլրդ 306 մլն ԱՄՆ դոլար` աճելով 43 տոկոսով:
2023 թվականի ընթացքում ՀՀ-ից ՌԴ արտահանված հիմնական ապրանքատեսակներն են բջջային ցանցի կամ այլ կապի համար նախատեսված հեռախոսային ապարատները, ադամանդը, ալկոհոլային խմիչքները, մոնիտորներ եւ պրոյեկտորներ, երկաթահամաձուլվածք: ՌԴ-ից ներմուծվել է հիմնականում ոսկի, ոսկու փոշի, գազ, ադամանդ, նավթ եւ նավթամթերք, պլատին: Բելառուսի Հանրապետության հետ առեւտրաշրջանառությունը կազմել է 182 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ նվազելով մոտ 3 տոկոսով:
Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ Ղազախստանի հետ ՀՀ առեւտրաշրջանառությունը փոքր է, սակայն կա դրական միտում. մասնավորապես, 2023 թվականին այն աճել է 2,4 անգամ: Ղրղզստանի հետ ՀՀ առեւտրաշրջանառությունը եւս փոքր է` 27,8 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճել է 4,2 անգամ:
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 278 մլն ԱՄՆ դոլար: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն ԱՄՆ դոլար, որից ԵԱՏՄ երկրների կողմից` զուտ հոսքերի ծավալը կազմել է 58 մլն ԱՄՆ դոլար:
2023 թվականին ՀՀ-ից ի օգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե գանձվել է 473 մլն ԱՄՆ դոլար, ստացվել է 181 մլն ԱՄՆ դոլար, բացասական սալդոն կազմել է 292 մլն ԱՄՆ դոլար:
2023 թվականին էական աճ է գրանցվել ԵԱՏՄ երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջային այցելությունների գծով` կազմելով շուրջ 2 մլն 316 հազար մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 39 տոկոսով: Մասնավորապես, ՌԴ զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է ավելի քան 1 մլն 153 հազար մարդ: Բելառուսից Հայաստան զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է մոտավորապես 18 հազար:
Գեւորգ Պապոյանը ներկայացրել է 2023 թվականին իրականացված միջոցառումները` ընդգծելով, որ Հայաստանը պահպանել եւ շարունակում է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ-ում ընթացող գործընթացներում:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: Նշվել է, որ Համաշխարհային բանկի եւ ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի կողմից 92 մլն եվրո եւ 50 մլն եվրո բյուջետային աջակցություն է հատկացվել Հայաստանին. ներկայում աշխատանքներ են տարվում երկրորդ ծրագիրն ավարտին հասցնելու համար: Ըստ Վահե Հովհաննիսյանի` Հայաստանն ընդգրկվել է Համաշխարհային բանկի կողմից կառավարվող արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի շահառուների կազմում, որի շրջանակում, ստանալու են 16 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելու համար: Ստորագրվել են նաեւ ներդրումային, վարկային համաձայնագրեր:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է, որ հունվարի 1-ից ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը: Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին ուղերձով դիմել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին` ուղենշելով ՀՀ նախագահության առաջնայնությունները: Մնացական Սաֆարյանը ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակում իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու սպասվելիք այցերը:
Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին` անդրադառնալով ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցությանը:
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովն ի գիտություն է ընդունել «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: