22.11.2024
Ստերջանալու պա՞հը. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը գործուղում Մոսկվա. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դիմել է ՀՀ ԱԺ-ին` խնդրելով դիտորդներ գործուղել Մոսկվա՝ դիտարկելու մարտի 17-ի նախագահական ընտրությունները։ 4 պատգամավոր է մեկնելու՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում ընդգրկված ՔՊ-ականներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Միքայել Թումասյանը, պատվիրակության կազմում են նաեւ Փաշինյանի քավորական ընտանիքից պատգամավոր Վահե Ղալումյանը եւ «Հայաստան» դաշինքից ՔՊ-ականների սիրելի Արմեն Գեւորգյանը: Ուշագրավ է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից որեւէ պատգամավոր ընդգրկված չէ: Ըստ ամենայնի, Ալեն Սիմոնյանը սրանով իր բացասական վերաբերմունքն է արտահայտել այս խմբակցության նկատմամբ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չորսուկես ժամանոց փակ քննարկում է արել: Թվում է` մեկ թեմա պետք է քննարկվեր՝ երկրի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերները եւ Տավուշից հանձնվող տարածքների խնդիրը, բայց քննարկվել է մեկ պաշտոնի հարց, թե ով պետք է զբաղեցնի ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ նախարար նշանակվելուց հետո թափուր մնացած պաշտոնը: Պարզվում է` հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը ենթադրում է ծառայողական ավտոմեքենա, վարորդ, մոտ 200 հազար դրամի հավելյալ աշխատավարձ, շատերի համար ավելի գայթակղիչ է, քան հարյուրավոր կիլոմետրերի հասնող տարածքները, որոնք Փաշինյանն ուզում է հանձնել Ադրբեջանին: Այս պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, ում Վահագն Ալեքսանյանն է առաջադրել, Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը, իսկ Հովիկ Աղազարյանն ինքնառաջադրվել է։ Թունյանն ինքնաբացարկ է հայտնել, մյուսները ելույթներ են ունեցել, ներկայացրել իրենց տեսլականը, թե ինչ քաջագործություններ են անելու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում, պատասխանել են գործընկերների հարցերին:


Փակ քվեարկությամբ ամենաշատ ձայները հավաքել է Ծովինար Վարդանյանը՝ 28 ձայն, Ա. Մանավազյանը՝ 21, իսկ Աղազարյանը՝ 5 ձայն: ՔՊ-ականները շոկի մեջ են ընկել Արուսյակ Մանավազյանի ձայների քանակից, որի «ձայնն» ԱԺ-ում այս ընթացքում ոչ ոք չի լսել, բայց հասկացել են, որ Փաշինյանի եւ նրա կնոջ հետ մտերմությունը, նրանց ընտանեկան ֆինանսները կառավարելը,  իսկ վերջերս նաեւ ՔՊ կուսակցության ֆինանսները տնօրինելն իրենց դերը խաղացել են, եւ «Հայկական ժամանակի» նախկին գանձապահը վայելում է առաջնորդի անվերապահ վստահությունը:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փնթի, անգրագետ, անփույթ աշխատանքը դարձել է իշխանության ամենաբնորոշ գիծը` անթիվ-անհամար սխալներ են թույլ տալիս փաստաթղթերում, մասնավորապես՝ օրինագծերի տեքստերում։ Որպես կանոն, առաջին փորձով չի ստացվում նորմալ օրինագիծ գրել, հետո անվերջանալի փոփոխություններ են սկսվում` թերացումը շտկելու, այլ օրենքների հետ համապատասխանեցնելու համար։ Դիցուք, ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հյուպատոսության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որի նախաբանում նշվում է, թե ինչի մասին է փոփոխությունը. «ԱԳ նախարարության եւ օտարերկրյա պետությունում հյուպատոսական հիմնարկի կողմից մատուցվող որոշ հյուպատոսական ծառայությունների․․․ մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է կառավարությունը»: Իսկ հիմնավորումների բաժնում ներկայացվում է բոլորովին այլ՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման» մասին օրենքի փոփոխությունների հիմնավորումը։ Ակնհայտ է, որ պետական ապարատը լցրել են անգրագետ խնամի-ծանոթ-բարեկամներով, եւ դրանից աշխատանքի որակն է տուժում։ Ստացվում է, որ ո՛չ կառավարությունում, ո՛չ ԱԺ-ում ոչ մեկը չի կարդացել տեքստը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունների՝ հոգեւորականների դեմ պայքարը ներխուժում է ներանձնական տարածք։ Փետրվարի 23-ին Երեւանից Գյումրի գործուղված ոստիկանական ուժերը բերման են ենթարկել իշխանությունների կոկորդին կանգնած Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եղբորորդուն։ 31-ամյա երիտասարդին բերման են ենթարկել իբր թմրանյութերի դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում․ Շիրակի «քաղմասում» նրան դաժան ծեծի են ենթարկել, նոր միայն բաց թողել։ Աջապահյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը եւ մանրամասներ պատմեց․ «Երեւանից էին` ինչ-որ հատուկ վարչությունից, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում են բերման ենթարկել, քաղաքից 15-20 հոգու բերման են ենթարկել՝ ներառյալ իմ եղբորորդուն: Բնականաբար, ընտանիքի անդամներին ահաբեկելով՝ առավոտ լուսումութին, հետո էլ ծեծի են ենթարկել։ Սա արել են Երեւանի ոստիկանները, Գյումրիի ոստիկանները կապ չունեն կատարվածի հետ»։ Աջապահյանի եղբորորդին մասնագիտությամբ ճարտարապետ է: Հարցրինք՝ կատարվածը պայմանավորվա՞ծ է իշխանությունների հասցեին իր սուր քննադատությամբ։ «Իրենց հարցրեք․․․ Եթե 15-20 հոգի բերման է ենթարկվում, բայց միայն մեկին են ծեծի ենթարկում, Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հերթական հայցը կներկայացվի դատարան՝ ընդդեմ Երեւանի ավագանու: Այս անգամ կվիճարկվի Հայկ Մարությանին մանդատից զրկելու որոշումը: Այսպիսով, դեռ փետրվարի 7-ի նիստում, Երեւանի ավագանու որոշմամբ, ընդդիմադիր 3 անդամ՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը, իսկ «Ազգային առաջընթաց»-ից՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, զրկվեցին մանդատներից: Ավագանու որոշման հիմքում անհարգելի բացականերն էին եւ նախագծերի քվեարկություններին չմասնակցելը, որոնք եղել են բացառապես քաղաքական նպատակներով:  «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պատրաստվում է հայց ներկայացնել՝ ընդդեմ այս որոշման, եւ վիճարկել Հայկ Մարությանին մանդատից զրկելու հարցը։ «Ավագանու անդամին մանդատից զրկելն ապօրինություն է, զոռբայություն: Մենք վիճարկելու ենք սա. երբ հարցը ներկայացնենք, կհայտարարենք այդ մասին», – մեզ հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մայր Հայաստան»-ը եւս հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշման»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը և Ալխաս Ղազարյանը ծանուցում են ստացել Երեւան քաղաքի դատարանից, որ ներկայանան դատարան՝ հարցաքննության: Նրանք ներկայացել ու հարցաքննվել են: Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանել էր ամբարտավան պահվածք դրսեւորած հանձնաժողովի նախագահին, որը պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել ՔՊ պատգամավորի ձախ հոնքին: Քրեական գործը 2023 թվականի ապրիլի 25-ին մտել է դատարան, եւ Մհեր Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել: Դատաքննությունը դեռևս շարունակվում է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի հունվար ամսվա կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով, եւ ստորեւ ներկայացվում են բնակչության բնական շարժի եւ ՍԷԿՏ համակարգով ստացված սահմանային գրանցումների վերաբերյալ նախնական տվյալները: 2024 թվականի hունվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների եւ մահացածների հարաբերակցությունը, կազմել է 120.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 139.5%-ի համեմատ: Այսինքն՝ ստացվում է, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնելիության մակարդակն ավելի ակտիվ էր, քան այս տարի նույն ժամանակահատվածում։ Նախորդ տարի այս ժամանակահատվածում ծնվել է 3481 մարդ, այս տարի հունվարին՝ 3108, նախորդ տարվա համեմատ՝ 373 մարդով պակաս։ Սակայն նշենք, որ վերջին 4 տարիների հունվար ամիսների ընթացքում ծնելիության բարձր մակարդակը եղել է 2023 թվականի հունվարին՝ 3481 մարդ, իսկ 2022 թվականին՝ 2868 մարդ, 2021 թվականին՝ 2853 մարդ։ 2024 թվականի հունվարին ծնվել է 3108 մարդ եւ մահացել 2571 մարդ»: