Փաշինյանի այս պնդումը աբսուրդ է ու վտանգավոր. Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում արված այն պնդմանը, թե արցախահայությունը չի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ՀՀ զինված ուժերում չծառայելու նպատակով: Ըստ Բեգլարյանի՝ այս պնդումը աբսուրդ է ու վտանգավոր.
"1. Հենց հոկտեմբերից հազարավոր արցախցիներ ցանկացել են մտնել զինծառայության, բայց նրանց մերժել են՝ ստիպելով ընդունել քաղաքացիություն: Վստահ եմ, որ կարիքի դեպքում, անկախ իրավական կարգավիճակից, արցախցիների ճնշող մեծամասնությունը զենք կվերցնի և կպաշտպանի Հայոց Հայրենիքը:
2. Առաջիկա տարիներին արցախահայության շրջանում ժամկետային զինծառայության տարիքի տղաների թիվը չի գերազանցելու մի քանի հազարը: Հետևաբար, Փաշինյանի փաստարկի տրամաբանությունը հասկանալի չէ, թե ինչու ժողովրդի մնացած գերակշիռ մասը չի ցանկանում ընդունել քաղաքացիություն, եթե իրենց ընտանիքներում ժամկետային զինծառայության տարիքի տղաներ չկան:
3. Իրականում, բացի մի մասի սոցիալական բնույթի մտավախություններից, ճնշող մեծամասնությունը մտավախություն ունի, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը: Ուստի, եթե ցանկանում եք, որ արցախցիները զանգվածայնորեն ընդունեն ՀՀ քաղաքացիություն, ապա պետք է ապահովել մեր հավաքական վերադարձի քաղաքական պահանջն ու քայլերը ՀՀ կողմից: Արցախցին ցանկանում է ապրել Արցախում՝ անվտանգ ու արժանապատիվ կերպով, և պետք չէ լրացուցիչ չափով հարվածի տակ դնել այդ հնարավորությունը:
4. Պետք է խիստ զգույշ լինել արցախցիների հանդեպ լրացուցիչ բացասական տրամադրություններ չխթանելու հարցում՝ խուսափելով անհիմն ու արհեստական ընդհանրացումներից: