24.11.2024
Հանձնառու ենք առավել խորացնելու երկկողմ հարաբերությունները. ՀՀ նախագահը՝ Հռոմի Պապին
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է չեղարկվել Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը

Monumentwatch.org  կայնքը հրապարակել է «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուի խմբագիրներ Անդրեաս Մյուլլերի, Հարություն Հարությունյանի, Դագմար Հելլերի և Մարտին Թամքեի հայտարարությունը մարտի 6-ին Բեռլինում չեղարկված շնորհանդեսի մասին.


"Ինչպես արդեն նշել էինք, Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն (խմբագիրներ՝ Անդրեաս Մյուլլեր, Հարություն Հարությունյան, Դագմար Հելլեր և Մարտին Թամքե), որի շնորհանդեսը պետք է տեղի ունենար սույն թվականի մարտի 6-ին Բեռլինում («Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» գրքի և շնորհանդեսի մասին)։


Ադրբեջանական գրեթե բոլոր թելեգրամյան ալիքներով շնորհանդեսը խափանելու նախաձեռնությունները, ցավոք, հաջողեցին։ Նախատեսված ամսաթվից մեկ օր առաջ՝ մարտի 5-ին, կազմակերպիչները՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհուրդը (DGAP) և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (KAS) չեղյալ հայտարարեցին միջոցառումը, և այն անցկացրեցին հեռավար: Պատճառը նշվում է հետևյալ կերպ. «Զանգվածային արշավ միջոցառման դեմ և էսկալացիայի վտանգ»: Չի նշվում, թե կոնկրետ ով է կազմակերպել և իրականացրել «զանգվածային արշավը գրքի շնորհանդեսի չեղարկման համար»։


Խմբագիրներ Անդրեաս Մյուլլերը, Հարություն Հարությունյանը, Դագմար Հելլերը և Մարտին Թամքեն մարտի 11-ին հայտարարություն տարածեցին, որում ի մասնավորի նշվում է․ «2024 թվականի մարտի 6-ին Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհուրդը (DGAP) Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (KAS) հետ համատեղ նախատեսում էր անցկացնել մեր կողմից խմբագրված «Արցախի մշակութային ժառանգությունը. հայոց պատմությունը և նրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» հատորի շնորհանդեսը։ Միջոցառման նպատակն էր գիտական սիմպոզիումի շրջանակներում ներկայացնել գիրքը և ուշադրություն հրավիրել վտանգված հայկական մշակութային ժառանգության վրա՝ կապված Արցախից/Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանի գրավման հետ: Նման վտանգը երևում է հատկապես Նախիջևանում Ադրբեջանի կառավարության կործանարար մշակութային քաղաքականության լույսի ներքո, որտեղ ոչնչացվել են հայկական մշակութային արժեքները, եկեղեցիները, վանքերը, գյուղական կառույցները և նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները:


Ադրբեջանի դեսպանատան և Ադրբեջանի ՀԿ-ների զանգվածային ճնշման պատճառով միջոցառումը չեղարկվեց և անցկացվեց թվային ձևաչափով։ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը հորդորել է Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին՝ զերծ մնալ ենթադրյալ կողմնակալ միջոցառումներ անցկացնելուց։ Այս պահանջն ուղեկցվել է անձնական սպառնալից նամակներով։ Ավելին, զանգվածային նամակագրության արշավ է սկսվել, որը հավանաբար կազմակերպվել է դեսպանատան կողմից, օգտագործելով նմանատիպ տեքստեր: Բացի այդ, հայտարարվեց, որ Բեռլինում միջոցառման վայրի անմիջական հարևանությամբ տեղի կունենա ադրբեջանամետ ցույց:


Որպես գրքի խմբագիրներ, մեզ խորապես անհանգստացնում է ազատական-դեմոկրատական երկրում նման կերպ հանրային գիտական միջոցառումը չեղարկելը և հնչեցվող վտանգները: Մենք վիրավորական և անհիմն ենք համարում «իսլամաֆոբ» պիտակավորումը նման սիմպոզիումի ծրագրում, որը կենտրոնանում է մշակութային ժառանգության պաշտպանության վրա: Մենք հիասթափված ենք փոքրամասնությունների մտահոգությունների և նրանց մշակութային ժառանգության պահպանման համար կարևոր իրադարձությունը պատշաճ կերպով պաշտպանելու պետական իշխանությունների կողմից պատրաստակամության բացակայությունից:


Մենք բողոքում ենք Ադրբեջանի դեսպանատան գործողությունների դեմ և կոչ ենք անում քաղաքական հայտարարություն անել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու կառույցներին։ Մենք կոչ ենք անում մեր երկրի ազատ մամուլին ընդգծել և փաստագրել օտար ինքնավար պետության կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերը։ Ընդհանուր առմամբ, մենք կոչ ենք անում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ չնայած բոլոր խոչընդոտներին՝ պաշտպանելու Արցախ/Լեռնային Ղարաբաղում վտանգված մշակութային ժառանգությունը։ 


Քիլ, 11 մարտի, 2024 թ.


Պրոֆեսոր դոկտոր Անդրեաս Մյուլլեր, Քիլ


Պրոֆեսոր դոկտոր Մարտին Թամչկե, Գյոնգեն


Պրոֆեսոր Հարություն Հարությունյան, Երևան


Պրոֆեսոր Դագմար Հելլեր, Բենսհայմ»


Շնորհակալություն պրոֆեսոր Թեսսա Հոֆմանին՝ նյութերը տրամադրելու համար":