Ի՞նչ հարցեր են քննարկել Սեյրան Օհանյանն ու Ֆրանսիայի դեսպանը
Խմբակցության անունից ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Ֆրանսիայի այն բոլոր ջանքերին, որոնք մեր պատմության ընթացքում ուղղված են եղել հայ ժողովրդի պաշտպանությանը, եւ այսօր էլ այդ ջանքերը շարունակվում են: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` մարտի 12-ին ընդունելով Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպանը նշել է, որ վերջին ամիսները նշանավորվել են ԼՂ-ի ողբերգական իրադարձություններով, որոնք Ֆրանսիային ստիպել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնել ինչպես մարդասիրական, այնպես էլ անվտանգային ոլորտներում: Դեսպանը հետաքրքրվել է «Հայաստան» խմբակցության տեսակետներով, որոնք առնչվում էին այդ ցավալի իրադարձություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ տարածաշրջանային անվտանգությանը:
Երկուստեք ընդգծվել են պատմականորեն ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամական եւ ջերմ հարաբերությունները:
Անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեւավորված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանն ու անվտանգությանը, պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքին վերաբերող հարցերի:
Սեյրան Օհանյանը դեսպանին ներկայացրել է ԼՂ հակամարտության ժամանակագրությունը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումները, Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների եւ արժեքների նկատմամբ իրականացվող, միջազգայնորեն ընդունված նորմերին չհամապատասխանող վերաբերմունքը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ եւ պատժամիջոցներ գործադրելու կարեւորությունը` այդ երկրի կողմից կատարված հանցագործությունների համար, որոնք արտահայտվում են ե’ւ մարդկանց նկատմամբ իրականացված հանցանքներով, ե’ւ պատերազմական հանցագործություններով, ե’ւ գերիներին չվերադարձնելու հանգամանքով: