Դատարանն արձանագրել է խախտում. Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված կալանքը չի եղել համաչափ
Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր՝ Արմեն Հովհաննիսյանը քննարկելով «Սիներջի» ընկերության աշխատակից՝ Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանքի իրավաչափության հարցը, արձանագրել է՝ իրավունքի խախտում։ Այս մասին գրում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
"Մասնավորապես՝ Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը արձանագրել է, որ իսկզբանե Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված ամենախիստ խափանման միջոց՝ կալանքը եղել է ո՛չ իրավաչափ և ստորադաս ատյանը հաշվի չի առել բազմաթիվ հակակշռող գործոններ, որոնց թվում հատուկ դեր ունի՝ Լիլի Մկրյանի ընտանեկան կարգավիճակը, այն է՝ մայրական կաթով սնվող երկու տարեկան երեխայի հանգամանքը։ Ուստի արձանագրել է, որ կիրառված կալանքը չի եղել համաչափ"։
VERELQ-ը հիշեցնում է, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի` օժանդակել է պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների չարաշահմանը: Փետրվարի սկզբին Հակակոռուպցիոն դատարանը նրա նկատմամբ մեկ ամսյա կալանք էր կիրառել, սակայն դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ, առևտրային կազմակերպության աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: