VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մարտի 1-ից գործող էլեկտրոնային դեղատոմսերի պահանջն իսկական պատուհաս է դարձել առողջապահության ոլորտի համար եւ մեծ բողոքներ առաջացրել։ «Արմեդ» համակարգն աշխատում է խափանումներով, տեխնիկական խոտաններով։ Ոլորտի ներկայացուցիչը պատմում է, որ համակարգն աշխատեցնողներն ասել են՝ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանը պատրաստ չեն, նոր սերվեր է հարկավոր։ Իրավաբանի մասնագիտությամբ նախարարը պնդել է. «Ասել եմ՝ մարտի 1-ից, ուրեմն մարտի 1-ից»։ Մինչդեռ, որպես իրավաբան, գոնե պետք է հասկանար, որ հանրային շահերին առնչվող նման փոփոխությունը չեն ընդունում եւ մեկ օր անց սկսում կիրառել` ժամանակ է պետք, որ մարդիկ մարսեն նոր փոփոխությունները, պատրաստվեն դրան։ Կոնկրետ էլեկտրոնային դեղատոմսերին անցնելուն պատրաստ չեն նաեւ հիվանդանոցները, քանի որ նույն «Արմեդ» համակարգում ոչ բոլորը մուտք ունեն, ոչ բոլորն են կարողանում դրանով աշխատել։ Ի դեպ, հակաբիոտիկները դեղատոմսերով գնելու պարտադիր պայման նաեւ տարիներ առաջ էին մտցրել, որը չաշխատեց։ Մասնագետները կարծում են՝ այս համակարգն էլ երկար կյանք չի ունենա, քանի որ տեխնիկապես պատրաստ չեն դրա կիրառմանը: Ասենք, ահազանգեր կան, որ շաբաթ օրն «Արմեդ» համակարգը նորմալ չի գործել դեղատներում, եւ հրատապ հիվանդներին դեղորայքը վաճառել են առանց դեղատոմսերի։
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախից բռնի տեղահանվածներին ֆինանսական աջակցության վեցամսյա ծրագրի ժամկետը շուտով կլրանա։ Կառավարությունը, հիշեցնենք, 2023թ․ հոկտեմբերի սկզբին կայացրեց այդ որոշումը` խոսքը 50 հազար դրամների մասին է, որն ամեն ամիս հատկացնում էին յուրաքանչյուր շնչին, 2024թ․ ապրիլի սկզբին ժամկետը սպառվում է, եւ փաստացի տնազուրկ արցախցիները փաստի առաջ են կանգնելու։ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով ի պաշտոնե համակարգում է արցախցիների խնդիրները, փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ քննարկվում է բնակարանային ապահովման ծրագիր, սակայն դա ոչ այնքան բնակարանով ապահովելու, որքան արցախցիներին պարտքով փող տալու ծրագիր է, քանի որ բավական չէ, որ որոշել են շնչին ընդամենը 3 մլն դրամ տալ, բացի այդ` չափահաս քաղաքացիները պարտավոր են լինելու այդ գումարը 10 տարի անց վերադարձնել պետությանը: Հակառակ դեպքում` այդ գումարներով գնված բնակարանները չեն սեփականաշնորհվի։
Արցախցիների շրջանում տեղեկություններ կան նաեւ, որ կառավարությունն ապրիլ ամսից սոցիալական աջակցությունը շարունակելու է, բայց խիստ կրճատված չափերով. թոշակառու արցախցիներին տրամադրելու են 20 հազարական դրամ, անչափահաս երեխաներին՝ 50 հազարական։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՀ խորհրդարանը հայտարարությամբ արձագանքեց ՀՀ փոխվարչապետի՝ բնակարանով ապահովելու ծրագրի մասին հայտարարությանը՝ հայտնելով իր անհամաձայնությունը։ Արցախի պատգամավորներն առաջարկում են 1 շնչին 5 միլիոն դրամ հատկացնել եւ անհատույց: Հակառակ պարագայում կստացվի, որ ՀՀ-ն արցախցիներին արտագաղթի ճանապարհն է ցույց տալիս։ Ըստ որոշ տեղեկությունների՝ արցախցիները որոշել են նաեւ բողոքի ակցիաներ նախաձեռնել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախկին տարիներին դիվանագետի օրը մեծ շուքով նշող կառավարությունն այս տարի անտեսեց այդ օրը։ Մարտի 2-ը նշվում է որպես դիվանագիտության օր, քանի որ 32 տարի առաջ այդ օրը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ծածանվեց ՀՀ դրոշը։ Այս տարի դիվանագետի օրվա կապակցությամբ շնորհակալական ուղերձ է հղել միայն ԱԳ նախարարը, ով այդ օրը գտնվում էր Թուրքիայում, մասնակցում էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Վահագն Խաչատուրյանը, ո՛չ Ալեն Սիմոնյանը դիվանագետի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ չհղեցին։ 2019-ին, օրինակ, Փաշինյանի եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ անգամ ընդունելություն էր կազմակերպվել, Փաշինյանը ելույթով էր հանդես եկել, դեսպանի էր պարգեւատրել: Անցած տարի եւս նա ուղերձով էր հանդես եկել. «Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային հարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի փակ հանդիպումից։ Մասնավորապես՝ հանդիպման բուն թեման եղել է ԲԴԽ-ի կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը։ Խոսքը՝ «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից» վերնագրով տեսանյութի մասին է, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ դատական դեպարտամենտը, մեղադրում է առանձին դատավորների եւ փաստաբանների՝ նախկին նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունների ձգձգման համար: Տեսանյութում ակնհայտորեն թիրախավորելով դատավորներին ու փաստաբաններին՝ ԲԴԽ-ն փորձում է արդարանալ՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական մի շարք գործերի բացահայտման ձախողման համար:
«Հայաստան» խմբակցությունը բացատրություն է ուզել Կարեն Անդրեասյանից, իսկ վերջինս էլ դատական դեպարտամենտի պաշտոնական պարզաբանում է տվել, թե՝ ճնշվող դատավորի վրա ավելի շատ կարող են ազդել տարբեր քաղաքական շրջանակները կամ դրանց կողմից պարբերաբար իրականացվող լրատվական արշավները, քան բաց տվյալների օբյեկտիվ եւ լիովին օրինական մատուցումը: Անկախ որոշ հարձակումներից՝ դատական դեպարտամենտը չի պարտակելու ոչ մի կարեւոր տեղեկատվություն եւ նորացված մեթոդներով իրականացնելու է անհրաժեշտ հանրային իրազեկումները: Ի պատասխան Անդրեասյանի այս պարզաբանումներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նրան հարձակողական հարցեր են տվել եւ պատասխաններ են ստացել, որ, միգուցե հանրությանը փորձեց խաբել, բայց իրենց չի խաբի, ու դա հատուկ կազմակերպված տեսանյութ է եղել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի նախաձեռնած Կին առաջնորդների միջազգային ակումբի շրջանակներում ԱԺ 3 խմբակցությունների 22 կին պատգամավոր, ինչպես տեղեկացրել ենք, օրեր առաջ հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթի հետ։ Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ հանդիպումից, որն այնքան էլ հարթ չի անցել․ ընդդիմադիր կանայք իշխանականների հետ չեն կարողացել հաշտ ու հարթ քննարկում ծավալել: Երբ իշխանական պատգամավորները սկսել են թվարկել, թե ինչ մեծ առավելություններ են տալիս կին գործիչներին, ինչպես են խթանում կանանց ակտիվությունը, ընդդիմադիր կանայք հակադարձել են, թե խոսում եք կանանց քաղաքական ակտիվության մասին, իսկ դուք ձեր մեջ քննարկե՞լ եք արդյոք` երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով քաշքշում են կանանց ուղիղ եթերում, երբ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապօրինի պաշտոնանկ է արվում: Կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել քննարկումը, քանի որ այն դուրս է եկել պատկերացրած կառուցողական հունից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարան հարցաքննության է հրավիրվելու նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա նախաքննության ընթացքում այս քրեական գործով հարցաքննվել եւ ցուցմունք է տվել, ուստի դատարանը հարցաքննության է հրավիրելու նաեւ նրան: Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարանում տեւական ժամանակ է հարցաքննվում են անհետ կորած կամ զոհված զինծառայողների ծնողները. իսկ այդ գործով մեղադրյալներ են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, եւ զորամասի այլ պաշտոնյաներ։ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Հայաստանում նոր ազգային իշխանություն ձևավորելու պահն ու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, և այդ հարցի շուրջ հասարակության մեծամասնության մոտ կոնսենսուս է ձևավորվել, արդեն կասկած չի հարուցում. դա են ապացուցում թե՛ տարբեր կենտրոնների կողմից հրապարակվող հարցումներն ու հետազոտությունները, թե՛ օդում թևածող հանրային տրամադրությունները։ Տարբեր հարցումները ցույց են տալիս, որ ավելի քան 60 տոկոսը երկիրը առաջնորդող նոր քաղաքական ուժ է ցանկանում տեսնել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ներքաղաքական դաշտում ուշագրավ «ստորջրյա» պրոցեսներ են ընթանում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ գրեթե ամենօրյա ռեժիմով զանազան հարթակներում հանդիպումներ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների միջև, որոնք առայժմ չեն գաղտնազերծվում:
Այդ հանդիպումների հիմնական թեման երկիրը վերջնական կործանման տանող իշխանություններից օր առաջ ազատվելու նպատակով ռեսուրսների համախմբման, միավորման անհրաժեշտությունն է, այսպես ասած, «երրորդ ուժի» ստեղծման ճանապարհով: Մենք ունենք տեղեկություններ, որ ցանկություն կա համախմբել ազգային արժեքներ կրող, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, «ո՛չ ռուսամետ, ո՛չ արևմտամետ» անձանց և ուժերի: Ըստ էության` փորձ է արվելու «Ղարաբաղ» կոմիտեի նմանությամբ շարժում ձևավորել, որտեղ լիդերներին, այսպես ասած, «օծեց» հրապարակը, ասել է թե՝ ժողովուրդը։ Ընդ որում, շրջանառվում են բավական հետաքրքիր, որոշ առումներով՝ նաև անակնկալ անուններ՝ որպես նշյալ համախմբման լիդերների թեկնածուներ: Առայժմ հնարավորինս զերծ են մնում այդ անունները հրապարակայնացնելուց, սակայն, մեր տեղեկություններով, մոտ ապագայում արդեն իսկ կլինեն «խաղաքարտերը բացող» մի քանի հայտարարություններ՝ «երրորդ ուժի» դաշտում համապատասխան բևեռների ստեղծման մասին:
«Փաստ» օրաթերթը գրում է. Կոնդի՝ «ամբողջ ծավալով օտարման» թեման շարունակում է կրքեր բորբոքել: Բանն այն է, որ այսօր առկա են սեփականության ու հողատարածքների չափերի հետ կապված բազմաթիվ վիճահարույց կամ բաց մնացած խնդիրներ, ուստի, ինչպես առիթ ունեցել ենք տեղեկացնելու, միայն դրանց լիարժեք լուծումից հետո հնարավոր կլինի խոսել օտարման ժամանակ փոխհատուցման հստակ չափի մասին: Ըստ այդմ, քաղաքապետարանի կողմից, ըստ բնակիչների դիմումների, իրականացվում են թաղամասի սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներ: Այս պահին, մեր տեղեկություններով, քաղաքապետարանում կա մոտ 300 դիմում, սակայն կոնդեցիներից ոմանք կա՛մ դեռ չեն շտապում դիմել, կա՛մ կտրուկ դեմ են արտահայտվում Կոնդի «քանդմանը»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդակցություններից մեկի ժամանակ զայրացած նշել է, թե՝ «մենք իրենց համար, իրենք՝ ո՞ւմ համար», նկատի ունենալով, որ սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նրա համար, որ կոնդեցիները նորմալ փոխհատուցում ստանան: Ավինյանը, մեր տեղեկություններով, նաև շեշտել է, որ եթե կոնդեցիները շարունակեն խոչընդոտել, ապա իրենք պարզապես կդադարեցնեն սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքները, սակայն, միևնույնն է, նոր քաղաքաշինական ծրագիրն իրականացվելու է ամբողջ ծավալով: Միայն թե այս դեպքում համապատասխան դիմում չներկայացրած, տեղական տուրքը չվճարած ու համապատասխան ճշգրտումներ չկատարած քաղաքացիները անհամեմատ փոքր ծավալի փոխհատուցում կստանան:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը կառավարությանն առաջարկում է որոշում կայացնել՝ փոխել վարժական հավաքներին հրավիրելու ծանուցագրի ձեւը։ Եթե մինչ այս ծանուցագրում գրվում էր, որ քաղաքացին կանչվում է զինկոմիսարիատ՝ վարժական հավաքների մասնակցելու, հիմա ՊՆ-ն առաջարկում է կանչել բուժզննում անցնելու, որ քաղաքացիները չվախենան՝ ներկայանան զինկոմիսարիատ։ ՊՆ նախագծում գրված է․ «Փաստացի դրանք պարունակում են բացառապես համապատասխան միջոցառման անցկացման վայր ուղարկելու նպատակով զինկոմիսարիատ ներկայանալու պահանջ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լինում միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացիներին հրավիրել զինկոմիսարիատ՝ նրանց զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու եւ բուժհետազոտում իրականացնելու համար, որի արդյունքում համապատասխան բովանդակությամբ ծանուցման բացակայությունը․․․ հանգեցնում է զինկոմիսարիատ չներկայանալու ոչ իրավաչափ գործողությունների, ինչն էլ հետագայում ազդեցություն է ունենում օրենքով սահմանված պարտականության չկատարման գնահատման վրա՝ քրեական կամ վարչական պատասխանատվության կիրառման շրջանակներում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում անհայտ ծագման ծխախոտի անօրինական վաճառքը նոր թափ է ստանում: Դարձյալ անանուն, առանց ակցիզի ծխախոտներ են վաճառվում արդեն օնլայն տիրույթում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի էր գրել, որ հատկապես գյուղական վայրերում լայն տարածում է ստացել անհայտ ծագման ծխախոտների վաճառքը։ Սակայն մեկ տարի անց էլ, փաստորեն, իրավիճակը չի շտկվել: Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ վաճառքի ամենատարածված կայքերից մեկում՝ List.am-ում, անհայտ ծագման ծխախոտի վաճառքը շարունակվում է: List.am-ում տարածված լուսանկարից երեւում է, որ անհայտ ծագման ծխախոտը, որը, ի դեպ, տեղական արտադրման է, վաճառվում է մեկ բլոկը 2800 դրամով: Ներկայացված լուսանկարներում երեւում է նաեւ, որ ծխախոտի տուփի վրա չկա որեւէ մակնշում: Այսինքն՝ գնորդը չգիտի, թե ինչ է գնում, ինչ որակի, ում կողմից է արտադրված եւ այլն. միայն պարզ է, որ էժան է, ու ծխախոտի տուփ, եւ ոչ ավելին»: