25.11.2024
Հայաստան-ԵՄ. գեոպոլիտիկ բումից և իմիտացիոն ֆասադից այն կողմ
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները հարթվել են․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները կարծես հարթվել են։ ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետ կապված քրեական գործի պատմությունից հետո ՔՊ-ականներն ասում էին, որ Սիմոնյանը կարծես մեկուսացել էր թիմից` չէր մասնակցում կուսակցական հավաքներին, բացակայել է ՔՊ վարչության մի քանի նիստից, որոնք վարում էր Նիկոլ Փաշինյանը: Իսկ նախօրեին մասնակցել է փակ նիստին, անգամ հումորներ է արել։ Դիցուք, Նիկոլ Փաշինյանին գլխի է գցել, որ խոսելու ընթացքում ձեռքով չհարվածի սեղանին, որի վրա ավազի ժամացույցներ են դրված եղել, քանի որ հարվածների ժամանակ ավազն ավելի արագ է հոսում, ու Փաշինյանի խոսելու ժամանակն արագ է սպառվում։ Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ հայտնի պատմությունից հետո Փաշինյանը քանիցս փորձել է համոզել Սիմոնյանին, որ ոչ մի բան միտումնավոր իր դեմ չի արվել` թող չհավատա հակառակը պնդողներին, ինքը նույնքան սիրում եւ հարգում է նրան, եւ Քյարամյանի քայլերն իր դեմ չեն եղել եւ այլն։ Մեր աղբյուրներն ասում են, թե Ալեն Սիմոնյանի թիկունքում ՔՊ-ականները ծիծաղում են նրա միամտության եւ զարմանում Փաշինյանի խորամանկության վրա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ գրասենյակի տարածքում եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ տեղադրելու դեպքով տարբեր վարկածներ են քննվում։ Իրավապահ համակարգը 3 օր է՝ ջանքեր է գործադրում դեպքը բացահայտելու համար։ Ամենաուշագրավն այն է, որ իրավապահ համակարգում քննվում է վարկած, որ պայթուցիկը վերոնշյալ տարածքում, չի բացառվում, որ տեղադրվել է ՔՊ-ական պատգամավորներից մեկի ընտանիքի անդամի կամ բարեկամի կողմից։ Այսինքն՝ տեղի ունեցածը անձնական հողի վրա եղած թեմա է: ArmLur.am-ը գրել էր, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ի գրասենյակից իրավապահներին զանգահարել է գրասենյակի քարտուղար Հասմիկը եւ հայտնել, որ գրասենյակի դիմաց տարօրինակ տոպրակ կա, խնդրում է իրավապահներին գալ եւ տեսնել, թե ինչ կա տոպրակի մեջ: Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները նախնական պարզել են, որ կեղծ պայթուցիկը ՔՊ-ի գրասենյակի դիմաց տեղադրել են հենց նույնը օրը, երբ պայթուցիկ է տեղադրվել Գուրգեն Արսենյանի գրասենյակի շենքի մոտ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները առանձին հանդիպումներ են սկսել բռնի տեղահանված արցախցիների հետ: Իշխանական առանձին պատգամավորներ պարբերաբար հանդիպումներ են ունենում վարչական այս կամ այն շրջանում բնակություն հաստատած արցախցիների հետ: Մեր տեղեկություններով՝ հանդիպումները նպատակ ունեն ստուգել արցախցիների տրամադրությունը, սիրաշահել նրանց, քանի որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ արցախահայերի վերաբերմունքը իրենց հայրենիքը հանձնած փաշինյանական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ: Ըստ էության, այս հանդիպումներն ավելի շատ, կարելի է ասել, ցուցադրական բնույթ են կրում՝ արցախցիներին ցույց տալու, թե մտահոգ են իրենց ճակատագրով: Մինչդեռ, փաստ է, որ մինչ այսօր էլ տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները չլուծված են մնում. տուն ու աշխատանք չունեն, փաստաթղթեր չունեն, իսկ համապատասխան կառույցները, խնդիրը լուծելու փոխարեն, իրար վրա են գցում արցախցիների դիմումները»:


«Հրապարակ» թերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին ավարտել է աշխատանքները, հանձնաժողովի զեկույցն են պատրաստում: Տեղեկացանք, որ արդեն հինգ հատոր գրել են, առանձնացված մաս են ուղարկել դատախազություն, սակայն սա ամբողջ զեկույցի մի չնչին մասն է, դեռ հատորյակներ են գրվելու, եւ, ամենայն հավանականությամբ, մայիսին կներկայացվեն խորհրդարան եւ, ինչպես ապրիլյան պատերազմի զեկույցը, այս դեպքում էլ կքննարկեն փակ ռեժիմում։ Հիշեցնենք․ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է տվյալ հարցի վերաբերյալ պարզված փաստերը եւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Զեկույցին կցվում են փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր, այլ նյութեր: Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր: ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում զեկույցը բաց քննարկվում է ԱԺ հերթական նիստում, հրապարակվում ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով, եւ դրան կարող են ծանոթանալ այն պատգամավորները, որոնք գաղտնի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն:


«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա էլ սուպերմարկետների ցանց բացել: Մեր հրապարակումից օրեր անց բացվեց «Էյթի էյթ» (88) անունը կրող ցանցի առաջին սուպերմարկետը: Նշել էինք նաև, որ Նալբանդյանը ցանկանում է, որ իր սուպերմարկետների ցանցը Հայաստանում լինի ամենամեծը: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նարեկ Նալբանդյանը միայն սուպերմարկետների սեփական ցանցով չի սահմանափակվի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործարարն արդեն իսկ գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը, հիմա էլ բանակցություններ է վարում նաև «Քարֆուր» և «Զովք» սուպերմարկետների ցանցերի հետ՝ դրանք ևս ձեռք բերելու նպատակով: Մեր տեղեկություններով, նախատեսվում է, ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում 200-ից ավելի սուպերմարկետ բացել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ՝ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի քվեարկության ժամանակ, ուշագրավ դեպք է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը չի իմացել, որ ՔՊ-ն բոյկոտել է ու չպետք է մասնակցի թեկնածուի քվեարկությանը, ու գնացել է քվեարկության վայրը, սակայն նրան հետ են կանչել՝ ասելով, որ որոշում կա չմասնակցելու քվեարկությանը, ու նա լքել է քվեարկության վայրը։ «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ անձամբ զրուցեց ՔՊ-ական պատգամավոր Հրաչ Հակոբյանի հետ, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ, այո, ինքը գնացել է քվեարկության, սեղանի մոտ զրուցել է կոլեգաների հետ ու հետ է գնացել։ Մեր այն հարցին՝ իսկ ինչի մասին է զրուցել, Հրաչ Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել։ Նշենք, որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, չմասնակցեց ՍԴ դատավորի պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությանը։ Հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ քվեատուփում եղել է 32 քվեաթերթիկ, որի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 32 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։ Այսպիսով, Դ. Բալայանի թեկնածության քվեարկությանը մասնակցել է միայն խոհրդարանական ընդդիմությունը, եւ Դ. Բալայանը չի ընտրվել ՍԴ դատավոր»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանին առաջարկում է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հարցը քննարկվելու է ավագանու՝ մարտի 12-ի նիստում. թեեւ նիստի օրակարգը դեռ չի հրապարակվել քաղաքապետարանի կայքէջում, բայց մեզ ավագանու անդամները փոխանցեցին, որ հարցն ընդգրկված է առաջիկա նիստի օրակարգում: Նշենք, որ Կամո Արեյանը քաղաքապետարանի հնաբնակներից է. դեռ 1997թ.֊ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել քաղաքապետարանում: Ուշագրավ է նաեւ, որ Կամո Արեյանը ՀՀԿ անդամ է, 2013 թվականի մայիսի 5-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ եւ զբաղեցրել Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը: Թեեւ իշխանափոխությունից հետո շատերը պաշտոնանկ արվեցին, բայց Կամո Արեյանը շարունակում է մնալ քաղաքապետարանում. այժմ զբաղեցնում է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արարատը՝ Արագածով, «Հայոց պատմությունը»՝ «Հայաստանի պատմությամբ» փոխարինող ու հարկատուին երկրի թիվ մեկ հերոս հռչակած Նիկոլ Փաշինյանն ամռանը Հայաստան է ուզում բերել 13- 18 տարեկան սփյուռքահայ պատանիների։ Միջացառումը կոչվում է «Քայլ դեպի տուն» եւ իրականացվելու է հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 24-ը՝ 6 փուլով, որոնցից յուրաքանչյուրին պետք է մասնակցեն 50-150 սփյուռքահայ երիտասարդ ու պատանի։ Այս միջոցառման իրականացման համար արդեն իսկ պետական բյուջեից հատկացվել է մոտ 107 մլն դրամ։ Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականին էր նախաձեռնվել «Արի տուն» ծրագիրը, եւ ամեն տարի այս ծրագրի շրջանակներում հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ էին ժամանում Հայաստան: 2018-ից հետո իշխանությունը մի կարճ դադարից հետո այն վերականգնեց` «Քայլ դեպի տուն» անվան տակ: