27.11.2024
ՌԴ իշխանությունները նշել են Տու-154-ի կործանման հիմնական վարկածները
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն փոխում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ուորլիքին Ցեղասպանությունը ժխտող դեսպանով

2017թ. հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը Եվրոպայի Անվտանգության ու համագործակցության կազմակերպության Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Ինչպես նշում են ԱՄՆ դիվանագիտական առաքելության մամուլի բաժնից, դեսպան Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006թթ., ԱՄՆ դեսպանը Ղազախստանում 2008-2011թթ. և ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում 2011-13թթ.: Վերջին շրջանում դեսպան Հոգլանդը ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության հետ կապված ռազմական համակարգման աշխատանքները և զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը:

«Մինչ վերոհիշյալ նշանակումները դեսպան Հոգլանդը ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը և եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը: Դեսպան Հոգլանդի մեծ ու երկարամյա դիվանագիտական փորձը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ Միացյալ Նահանգների աշխատանքներում:

Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել կողմերին հետամուտ լինել հրադադարի պահպանման իրենց հանձնառությանը, իրականացնել Վիենայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները և հորդորում վերադառնալ կարգավորման շուրջ բանակցություններին, որից կշահեն բոլոր կողմերը:

Դեսպան Ուորլիքին այս պաշտոնում հիմնական փոխարինողի մասին կհայտարարվի ավելի ուշ», - ասված է մամուլի հաղորդագրությունում:

Հատկանշական է, որ Հոգլանդը 2006-2007 թվականներին եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկանծու, ում նշանակումը երկու անգամ արգելափակել է ամերիկյան Սենատի ամենահայամետ անդամներից մեկը` Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը: Մենեդեսը, ով ԱՄՆ սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գրեթե բոլոր բանաձևերի համահեղինակն է, այդ ժամանակ փաստարկեց, որ Հոլգանդը խուսափում է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն որակել: