Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը. ՀԺՄ հայտարարություն
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «24News.am» լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի ու օպերատոր Ասատուր Ասլանյանի նկատմամբ արգահատելի, անթույլատրելի վարքագիծ է դրսևորել Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամը:
Ասված է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարության մեջ․
«Լրատվամիջոցի աշխատակիցները Եռաբլուրում լուսաբանում էին Արցախյան շարժման մեկնարկի 36-րդ տարեդարձի օրը: Եռաբլուրի այցելուների թվում են եղել նաև Արցախի նախագահն ու նրա թիկնազորը:
Ի սկզբանե լրատվամիջոցի աշխատակիցները տեղեկացված են եղել, որ Սամվել Շահրամանյանը չի ցանկանում հարցազրույց տալ, և ընդամենը ուղիղ եթերում հեռարձակել են նրա այցը: Սակայն Արցախի նախագահին ուղեկցող անձն անգամ դա չի հանդուրժել և ուղիղ եթերում հայհոյել է կայքի օպերատորին և լրագրողին՝ փորձելով խոչընդոտել վերջիններիս աշխատանքը:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է նման վարքագիծը: Լրագրողը պետք է կարողանա իր աշխատանքն անխոչընդոտ իրականացնել ցանկացած պարագայում, ցանկացած վայրում, եթե դրա համար չկան օրենքով սահմանված արգելքներ: Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը, առավել ևս՝ նրա հասցեին հանդես գալ անթույլատրելի բառամթերքով և հատկապես՝ հայերիս համար սրբազան այդ պանթեոնում:
Յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է բացառի նման իրավիճակի հնարավորությունը, պիտի կարողանա կառավարելի դարձնել իր շրջապատի վարքագիծը, քանի որ այդ միջադեպերն առաջին հերթին ստվերում են հենց իրեն՝ պաշտոնյային»: