27.11.2024
Մեկնարկել է Արցախից տեղահանված անձանց կենսաթոշակների վճարումը
prev Նախորդ նորություն

Որոշ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները շտկվել են. ԿԳՄՍՆ

Հիմք ընդունելով Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված դասագրքերի բովանդակության և կազմարարության վերաբերյալ հանրության արձագանքները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդիպումներ և քննարկումներ է կազմակերպել դասագրքերի հեղինակների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:


Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից, քննարկման արդյունքում ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է դասագրքերի հեղինակներին՝ դասագրքերում առկա վրիպակների, անհամապատասխանությունների վերաբերյալ կազմել ներդիրներ և պարզաբանումներ:


«Մարի հրատարակչություն» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Անգլերեն» առարկայի դասագրքում և «Անտարես» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», 7-րդ դասարանի «Գրականություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի հեղինակների կողմից ներկայացվել է տեղեկատվություն դասագրքերում առկա վրիպումների, անճշտությունների և բացթողումների վերաբերյալ:


Դրանք նախարարությունում քննարկվել են և ներկայացվել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ՝ ըստ անհրաժեշտության ներդիր ստեղծելու և դրանք դասագրքերին կից ներառելու նպատակով: Զուգահեռաբար վերոնշյալ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները շտկվել են հեղինակների կողմից և տեղադրվել ԿՏԱԿ-ի և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի կայքերում:


«Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ն իր կողմից տպագրված 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը», 5-րդ դասարանի «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Բնություն», 7-րդ դասարանի «Հայոց լեզու», «Երկրաչափություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում իրականացրել է QR կոդերի շտկում: