Ղազախ գործարարները պատրաստ են հայ գործընկերների հետ կիսվել իրենց փորձով եւ գիտելիքներով
ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հունվարի 26-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետությունից ժամանած գործարարների հետ:
Ողջունելով առաջին անգամ Հայաստան այցելած գործարարներին՝ Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է ղազախ գործընկերների հետ համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական բարեկամական խումբը յուրահատուկ կամուրջ է երկու երկրների հարաբերություններում:
Հյուրերը Վաղարշակ Հակոբյանին են ներկայացրել իրենց կառույցի՝ մոտ երեք տասնյակ տարվա հասնող գործունեությունը՝ նշելով, որ հետեւում են վերջին հինգ տարիներին Հայաստանում ընթացող շինարարությանը եւ հետաքրքրված են մեր երկրում աշխատանքներ ծավալելու հնարավորությամբ:
Ղազախստանից ժամանած գործարարները նաեւ պատրաստակամություն են հայտնել հայ գործընկերների հետ կիսվել իրենց փորձով եւ գիտելիքներով:
Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին իրականացվող մեծածավալ շինարարությունը, որն ընդգրկում է ե՛ւ բնակարանաշինությունը, ե՛ւ ենթակառուցվածքները, հնարավոր համարել նրանց հետ համագործակցությունը:
Քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: