ՆԳՆ ՄՔԾ-ն պարզաբանել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների ճամփորդելու կարգը
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու կարգը՝ հիշեցնելով, որ հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական:
ՀՀ ՆԳՆ տարածած իրազեկման մեջ նշված է, որ ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի և դրա տրամադրման կարգի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը ՀՀ-ից դուրս գալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում։
Ըստ աղբյուրի՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրամադրվում է դիմումի հիման վրա:
Նշվում է, որ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում, Հայաստանում՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:
ՀՀ ՆԳՆ տեեկացմամբ՝ հունվարի 24-ի դրությամբ, ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու վերաբերյալ ներկայացվել է 41 027 դիմում: