ՀՌՀ–ն չեղարկեց արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը
Հունվարի 25–ին Sputnik Արմենիան 106.0 հաճախականությամբ կվերադառնա եթեր։ ՀՌՀ–ն միաձայն կողմ քվեարկեց, որ «Տոսպա» ռադիոընկերության լիցենզիայի չեղարկման կասեցումը վերացվի։
«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, և որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր` ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել և թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,–ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
ՀՌՀ–ն գտնում է, որ այն մինիմալ պահանջները, որոնք պետք է կատարվեին, որպեսզի կասեցումը վերացվեր, կատարվել է։
Հիշեցնենք` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել էր 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։
ՀՌՀ–ի որոշման պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի հաղորդումն է, որտեղ հեղինակն իբր հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել։ Իսկ տուգանքը կապված է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հեղինակային հաղորդման հետ, որում, ըստ հանձնաժողովի, հնչել են ոչ հավաստի, չստուգված տեղեկություններ։